Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության հայտարարությունը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
Երիտասարդության միջազգային օրվա առիթով Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը ևս մեկ անգամ ընդգծում է երիտասարդների կարևոր դերը մեր հասարակության և պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։ Մեր երկրի առաջընթացն էապես կապված է երիտասարդների ակտիվ ներգրավվածության, հասարակության մեջ նրանց ներառման, երիտասարդների ներուժի օգտագործման և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների բովանդակալից մասնակցության հետ։
Երիտասարդների անվտանգությունը, բարեկեցությունը, հզորացումն ու զարգացումը պետք է դառնան Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Երիտասարդների կարիքները, մտահոգությունները, ձգտումներն ու գաղափարները պետք է դրվեն յուրաքանչյուր քաղաքականության մշակման և իրականացման հիմքում։ Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի իրենց կյանքին վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ։
Այս առումով կարևորում ենք «Երիտասարդության մասին» համապարփակ օրենքի մասնակցային մշակումն ու ընդունումը, որը պետք է արտացոլի Հայաստանում բնակվող երիտասարդների խնդիրները, արձագանքի երիտասարդների կարիքներին և առաջարկի դրանց լուծմանն ուղղված մեխանիզմներ։ Օրենքը պետք է ճանաչի ՀՀ զարգացման մեջ երիտասարդների առանցքային դերը և սահմանի որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության հստակ շրջանակներ և մեխանիզմներ։ Նոր օրենքը պետք է ուժեղացնի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությունը և ճանապարհ հարթի երիտասարդների կրթության, զբաղվածության, առողջության և բարեկեցության շուրջ նոր գործընկերությունների ստեղծմանը:
Կարդացեք նաև
Երիտասարդության միջազգային օրը մեր սիրտն ու միտքը Արցախում բնակվող երիտասարդների հետ է։ Ութ երկար ամիսների ընթացքում նրանք շարունակաբար կրում են անարդար և ապօրինի շրջափակման հետևանքները՝ բախվելով դժվարությունների, որոնք ոչ մի անհատ երբեք չպետք է կրի:
Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունն իր համերաշխությունն է հայտնում Արցախի երիտասարդությանը՝ անսասան աջակցելով նրանց իրավունքներին, բարեկեցությանը և ձգտումներին։ Մենք միանում ենք շրջափակումն անհապաղ դադարեցնելու կոչերին և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ աշխատելու Հայաստանում և Արցախում բնակվող բոլոր երիտասարդների համար խաղաղ և բարեկեցիկ ապագայի կառուցման ուղղությամբ:
Այս տարի Երիտասարդության միջազգային օրը տոնում ենք միասնությամբ և վճռականությամբ՝ վերստին կարևորելով երիտասարդների շարունակական հզորացումը, երիտասարդակենտրոն քաղաքականությունների մշակման և իրականացման անհրաժեշտությունն ու երիտասարդների բովանդակալից մասնակցությունունը որոշումների կայացման գործընթացներում։
Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն