Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան․ «Իշխանական քարոզչամեքենան իր տեղեկատվական ռեսուրսներով բազմաթիվ կեղծիքներ եւ պատրանքներ է փորձում ստեղծել Արմեն Աշոտյանի դեմ»

Օգոստոս 12,2023 18:31

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու այսօրվա դատական նիստը, որն անցկացում էր փակ ռեժիմով,  հետաձգվեց։ Այն կկայանա օգոստոսի 14-ին ժամը 12։30-ին։

Իսկ այսօր ՀԿԴ-ի առջեւ ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի դատարանի բակում հավաքվել էին հարյուրավոր նրա կուսակից ընկերները, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներ, համակիրներ, աջակիցներ եւ սովորական քաղաքացիներ։ Եղան ելույթներ ու բոլորը միահամուռ պնդում էին, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ու նրա դեմ հարուցված վարույթը ծայրից-ծայր շինծու է։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Ես ստիպված եմ խոսել հարցերի մասին, որոնց էությունը այստեղ գտնվողների համար ինքնին հասկանալի է ու պարզ։ Բայց այս հանրահավաքը  ոչ միայն այստեղ գտնվողների համար է, այլեւ նրանց, ովքեր որոշակի հարցեր ունեն։ Առավել եւս, որ իշխանական քարոզչամեքենան իր տեղեկատվական  ռեսուրսներով բազմաթիվ կեղծիքներ եւ պատրանքներ է փորձում ստեղծել, որոնց մասին էլ կխոսեմ։

Առաջին կեղծիքն այն է, որ Աշոտյանը մեղադրվում է իբրեւ թե ինչ-որ թալանի համար, որ մեղադրանքը վերաբերում է պետական միջոցները վատնելուն։ Դա բացարձակ կեղծիք է, որի պատասխանը չենք տեսնում գործում։ Սրանք սովոր են, չէ՞, անընդհատ նախկիններ, թալան ասեն։ Մարդիկ ինչ-որ գործարքներ են արել ու պետությունը, Բժշկական համալսարանը, որեւէ մեկը վնաս կրե՞ց, թե՞ ոչ։ Բացարձակ փաստ է այն, որ այն գործարքի արդյունքում, որը դրված է շինծու քրեական գործի հիմքում, Բժշկական համալսարանը էական, լուրջ օգուտ է ստացել։ Եվ վատնում հանցակազմի մասին այստեղ խոսելը բացարձակ անտեղի է։ Եվ եթե վատնում հանցակազմի մասին խոսելն անգամ անտեղի է, ապա մնացած հանցակազմերի բույլի մասին խոսելն էլ է անտեղի։

Երկրորդ կեղծիքը, որով փորձեցին ինչ-որ ձայնագրություններով մարդկանց մեջ մտցնել, թե Աշոտյանը փորձ է արել ազդել վկաների, կասկածյալների, մեղադրյալների, նրանց ազգականների ու չգիտեմ էլի ում վրա։ Այն ձայնագրությունները, որոնք հրապարակվել են ու բոլորս էլ, կարծում եմ, լսել ենք, որեւէ տեղ նման հետեւության տեղիք չեն տալիս։Ինչ-որ մարդիկ ինչ-որ բաների մասին են խոսում։ Այ հիմա այստեղ կանգնածների ցանկացած խոսակցություն կարելի է վերցնել, համացանցով տարածել եւ ասել, տեսեք, Աշոտյանը ինչեր է անում։ Աշոտյանը ընդհանրապես դրա կարիքը չուներ։

Եվ երրորդը։ Ես ուզում եմ հատկապես հիշեցնել, որ հատկապես վերջին ամիսներին, երբ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական քաղաքականությունը սկսեց իրականացնել արդեն բացահայտ ձեւով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու ձեւով, հատկապես այդ ժամանակ Աշոտյանի պրոֆեսիոնալ ելույթները տարբեր ձեւաչափերով, բոլորիս տալիս էին այն տեղեկատվությունը, որի կարիքը մենք ունեինք, որովհետեւ Աշոտյանը այս հարցում պրոֆեսիոնալ է։

Այս երեք կեղծիքներն են հիմնականները։ Քրեական գործի մասին խոսելն անիմաստ է իրավունքի տեսանկյունից, որովհետեւ այստեղ իրավաբանություն չկա։ Մեր երկրում իրավապաշտպանական դաշտում իրավիճակը գնալով վատանում է եւ ես ուզում եմ այստեղ ելույթս եզրափակել մեկ կարեւոր ուղերձով։ Վիճակը ավելի կվատանա այնքան ժամանակ, քանի դեռ փոքրամասնությունը ավելի վճռական չէ։ Միշտ բոլոր խնդիրները լուծել է վճռական փոքրամասնությունը։ Եվ համոզված եմ, որ այդ վճռական փոքրամասնությունը կա ու մնում է, որ կարողանա խնդիրները գրագետ ձեւով լուծել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031