Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ պարոն Նորիկյանը կարող է արգելել իրականացնել հարցումներ եւ նշել իր անունը». «GALLUP»-ից «Արդար Հայաստանին» հորդորում են պատվիրել նոր հարցում

Օգոստոս 12,2023 16:26

Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում բարկացել ու հորդորել էր սոցիոլոգիական հարցում իրականացնող ընկերություններին այլեւս որեւէ ձեւով չօգտագործել իր կամ իր կուսակցության անունը։ Նա նշել է. «Ձեր խղճի մտոք շարունակեք Ձեր գործունեությունը, սակայն այլևս թույլ չենք տալու մեր անունն օգտագործել Ձեր անազնիվ ու անարդար խաղերում։ Կյանքը ցույց կտա, թե ով ով է․․․ Այնուամենայնիվ, այս սուբյեկտների գործունեությունը ստիպում է առավել վճռականությամբ պայքարել ձևավորված շինծու ու ֆեյք իրականության դեմ։

Այսքան սուտ, այսքան լկտի սուտ տարածել ու դրա հիման վրա փորձել հանրային տրամադրություն ձևավորել, չի՛ կարելի, պարզապես չի՛ կարելի»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ GALLUP International Association-ի հարցման արդյունքներն են հրապարակվել: «Էմ Փի ՋԻ» -ի տնօրեն Արամ Նավասարդյանի ներկայացրած այդ հարցման արդյունքներով՝ հարցվածների 9.3%-ը պատրաստվում է ձայն տալ Տիգրան Ավինյանին,  Հայկ Մարությանին՝ 3.7%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին՝ 2.2%-ը, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանին՝ 2%-ը, իսկ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին՝ 0.4%-ը: 19.2%-ն էլ, ըստ հարցման, չեն մասնակցելու ընտրություններին։
Ուշագրավ է, որ հարցման ժամանակ նշված են այնպիսի թեկնածուների անուններ, որոնք չեն առաջադրվել, մասնավորապես, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի տոկոսներն են, երբ այդ կուսակցությունները առհասարակ չեն հայտարարել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, իսկ «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու է ներկայացված Կարեն Սարգսյանը, որին պատրաստվում է ձայն տալ հարցվածների 2.2%-ը, այն դեպքում, երբ նրա փոխարեն կուսակցությունն առաջադրել է Տիգրան Խզմալյանին:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Արամ Նավասարդյանի հետ: Նախ, Նորայր Նորիկյանի՝ իր անունը սոցհարցումների ժամանակ օգտագործելն արգելելու հետ կապված ասաց. «Ամենայն հարգանքով պարոն Նորիկյանի հանդեպ, բայց չեմ կարծում, որ պարոն Նորիկյանը կարող է  արգելել ցանկացած սոցիոլոգիական ընկերությանը իրականացնել հարցումներ եւ  եթե նշում են իրենց անունը, այդ տվյալները եւս ամփոփել եւ ներկայացնել: Չուզենալով ոչ մի կերպ պարոն Նորիկյանի մասնակցությանը խոչընդոտել՝ ընդհակառակը, ես կարծում եմ ինքը բավականին կայացած քաղաքական գործիչ է եւ դրական կլինի իր ներկայությունը քաղաքական դաշտում, բայց ամեն դեպքում զուտ պարոն Նորիկյանի համար ես խորհուրդ կտամ ինքը մոտենա ցանկացան սոցիոլոգիական ընկերություն, պատվիրի եւ տեսնի պատկերը: Եթե կարծում է, որ պատկերն այն չէ, ինչ հրապարակել ենք մենք կամ այլ սոցիոլոգիական ընկերություն, կարող է այդ հարցման արդյունքները հրապարակել, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում: Իսկ թերահավատությունը… մենք չենք հրապարակում, որ բոլորը հավատան: Կան մարդիկ, որ հավատում են, կան մարդիկ՝ չեն հավատում, մենք չենք բռնանում մարդկանց կարծիքների դեմ: Մաղթում ենք պարոն Նորիկյանին հաջողություն, նրան բավական դրական եմ վերաբերվում: Բայց ասեմ՝ արդյունքները ոչ թե կախված են սոցիոլոգիական տվյալներից, այլ՝ թե ինչպես ե՛ւ պարոն Նորիկյանը, ե՛ւ մնացած բոլոր մասնակիցները կկազմակերպեն եւ կիրականացնեն քարոզարշավը, ինչքանով վստահություն կվայելեն: Այստեղ մեր դերակատարումը շատ փոքր է, հավատացեք»:

Ըստ Արամ Նավասարդյանի, այս հարցման ցուցանիշների վրա պետք չէ շատ կենտրոնանալ, որովհետեւ դեռ ամբողջական հայտերը ներկայացված չեն, առավել եւս չգիտենք թե ում հայտն է հաստատվում: Չի բացառվում, որ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ մի մասի հայտը չհաստատվի. «Երբ կլինեն հաստատված թեկնածուների ցանկերը, եթե իրենք  գոնե մեկ շաբաթ կիրականացնեն իրենց քարոզարշավը, այ դրանից հետո մեր իրականացրած հարցումները ցույց կտան տենդենցները, թե ով ինչպիսի դիրք ունի»:

Թե ինչու են հարցման մեջ ներառել այնպիսի թեկնածուների, որոնք առհասարակ չեն մասնակցելու ընտրություններին ու դրանով խեղել պատկերը՝ Արամ Նավասարդյանը պատասխանեց, որ ոչ թե իրենք են նշել այդ թեկնածուների անունները, այլ քաղաքացիներն են այդպես պատասխանել հարցին, թե ում կամ որ կուսակցության օգտին են քվեարկելու. «Մենք չենք առաջարկել անուններ, որ ընտրեն, ուղղակի հարցրել ենք: Դա սաղմնային վիճակում, առանց քարոզարշավի, առանց դեմքերի, թե ովքեր են մասնակցելու, հարցում է: Հիմա եթե մարդիկ նշում են Կարեն Սարգսյան, ասեմ՝ չէ, իր անունը մի՞ նշեք: Մինչեւ ամսի 13-ը չգա, ոչ ես, ոչ Նորիկյանը, ոչ դուք, ոչ էլ Կարեն Սարգսյանը չի իմանալու ովքեր են դիմել եւ ովքեր են հաստատվելու: Հիմա այնտեղ պատասխանների մեջ կա նաեւ, որ «հրաժարվում եմ պատասխանել»: Միգուցե  այդ 10%-ը, ովքեր հրաժարվել են պատասխանել, նկատի ունեն հարգարժան պարոն Նորիկյանին կամ չգիտեմ Հայկ Մարությանին: Մենք աքցաններով չենք փորձում դա քաշել: Իրենց իրավունքն է»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3-ից եւ կտեւի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին: Իսկ օգոստոսի 23-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031