Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով ԼՂ 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները։ ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում` հղի կանանց, տարեցների, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար իրավիճակի սրությունը` նշելով, որ նրանք զրկված են անհրաժեշտ դեղորայքից և բժշկական աջակցությունից:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար և անխափան գործունեության ապահովման կարևորությանը:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող. Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ ԼՂ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր:
Կարդացեք նաև
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և Բելգիայի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով:
ՀՀ ԱԳՆ