Այս զայրալից մտորումս վերաբերում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի պետական ու գիտական կառոյցներին, որոնք Խ.Ս.Հ.Մ. տարիներից ի վեր՝ ամէն հնարաւոր միջոցներով, ձեռնամուխ են եղել 1918-1920-ական թուականներից իրենց իշխանութեան տակ գտնուող պատմական Հայաստանի բնակավայրերի այս կամ այն մեծ ու փոքր պատմամշակութային ժառանգութեան վերացմանը, գիտական ու քաղաքական ասպարէզներում՝ հազար ու մի հակագիտական ու կեղծիք-կեղծարարութիւններով, ամէն կերպ ձգտել եւ օրըստօրէ ջանում են ապացոյցներ յօրինել-փնտռել այժմեան իրենց բնակավայրերում տեղաբնիկ լինելու-ներկայանալու եւ այդ տարածքների առկայ թէ՛ կանգուն եւ թէ՛ աւերակուած պատմական արժէքներրը վերագրել Ադրբեջանին ու ադրբեջանական ժողովրդին։ Ասել է թէ՝ նման պետական գործունէութեամբ էլ Ադրբեջանը, փաստօրէն, հանդէս է գալիս որպէս մշակութային վանդալիզմ եւ գիտական կեղծարարութիւն իրականացնող աշխարհի թիւ առաջին պետութիւնը։
Մինչեւ 1921 թ․ պատմական Հայաստանի մաս կազմած այժմեան Նախիջեւանի Ինքնավար հանրապետութեան հայկական նիւթական ու մշակոյթի ժառանգութեան, պատմութեան ու արուեստի, ազգագրութեան եւ բազմաթիւ այլ խնդիրների վերաբերեալ անցած տասնամեակներում բազմիցս եմ հրապարակաւ արտայայտուել ու գրել։ Եւ այս մտորման առիթը դարձեալ ադրբեջանական իշխանութիւնների կողմից 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմի հետեւանքով Արցախի հանրապետութեան մի մասը Ադրբեջանի հսկողութեան տակ գտնուելու հանգամանքով տեղի հայկական նիւթական յուշարձանների բացէիբաց մշակութային ցեղասպանութեան ենթարկելու վայրագութիւններն են։ Վայրագութիւններ, որի կիրառման համար Ադրբեջանը պետական քաղաքականութեամբ իրականացնելու մեծ փորձ ունի։ Այնպէս որ, պատմամշակութային արժէքների հիմնահատակ աւերման ադրբեջանական այդ պետական վանդալիզմը՝ վերջին 20-25 տարիներում, նախեւառաջ վերաբերում է Նախիջեւանի հայոց յուշարձանների հիմնահատակ եւ ամբողջովին ոչնչացնելուն։ Անցած տարիներին այդ հարցը թէ՛ Հայաստանում եւ թէ՛ բազմաթիւ այլ երկրներում (Ֆրանսա, Ռուսաստան, Ա.Մ.Ն., Իրան, Յունաստան եւ այլն) իմ կողմից բազմիցս է բարձրացուել:
Արդարութեան առջեւ չմեղանչելու համար, հարկ է ի նկատի ունենալ, որ Հայաստանում, մասնաւորապէս պատկան մարմինները՝ սկսած հանրապետութեան նախագահներից ու վարչապետներից, Արտաքին գործոց եւ նախկին Մշակոյթի նախարարութիւններից, այդ ուղղութեամբ կարելի է փաստել, որ գրեթէ ոչինչ չարեցին: Ասում եմ գրեթէ, քանզի անցեալում՝ մի քանի անգամներ Հայաստանը ԵՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպութիւններին դիմելուց զատ ոչինչ չկարողացաւ անել: Ոչինչ, որովհետեւ նամակ-բողոքներ յղելուց յետոյ՝ Նախիջեւանի հայոց նիւթական ժառանգութիւնը Ադրբեջանի պետական վանդալիզմի քաղաքականութեամբ վերացնելու եւ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ հետեւողականօրէն չգործեց, չնախաձեռնեց եւ առ այսօր չպատրաստեց այդ վանդալիզմի իրաւական, փաստավերագրական թղթածրարը եւ Ադրբեջանին միջազգային ատեաններում պատասխանատուութեան չենթարկեց:
Աւելին ասեմ, Ադրբեջանն է, որ տարիներ առաջ Մ.Ա.Կ.-ին է դիմել, եւ իբր արցախեան առաջին պատերազմից յետոյ՝ 1994 թուականից, Հայաստանի վերահսկողութեան տակ առնուած տարածքներում Հայաստանն է ադրբեջանական մշակոյթի յուշարձաններ ոչնչացրել, որի համար Հայաստան պէտք է Ադրբեջանին միլիարդների հասնող դոլարային վնասի հատուցում տայ։ Ի միջի այլոց այդ խնդրի վերաբերեալ բարձրաձայնուեց նաեւ 2020 թ․ պատերազմական գործողութիւնների աւարտից յետոյ եւս։
Կարդացեք նաև
2018թ․ Փետրուարի 18-ին, Ա.Մ.Ն.-ի մշակութային առաջատար պարբերականներից «Hyperallergic» ամսագիրը հրատարակեց Սիմոն Մաղաքեանի եւ Սառահ Փիքմանի «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակոյթի աւերումը» ծաւալուն եւ փաստավաւերագրական յօդուածը։
Սխալուած չեմ լինի, եթէ փաստեմ այն հանգամանքը, որ Նիւ Եորքի մշակութային «Hyperallergic» ամսագրի այդ վերլուծական հրապարակումով, միջազգային հանրութեանն առաջին անգամ է, որ հանգամանալից ներկայացուեց 1997-2006 թթ․ Ադրբեջանի պետական քաղաքականութեամբ վանդալիզմի ենթարկուած Նախիջեւանի հայկական յուշարձանների փաստը։ Այդ փաստավերլուծական յօդուածի հրապարակուելուց յետոյ, այն անմիջապէս գտնուել եւ կարծում եմ, որ առաջիկայում էլ կը գտնուի նաեւ այլ լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում։ Օրինակ, այդ հրապարակմանն արդէն անդրադարձել են գերմանական «Perlintaucher. de Das Kulturmagazin»(18․02․2019), Ա.Մ.Ն.-ում հրատարակուող «The California Courier»(26․02․2019), «Ջիհադ Watch» «իսլամաֆոբիկ» հեղինակաւոր կայք (https://www.jihadwatch.org/..․/azerbaijanmoves toobliter, 27․02․2019), Բրիտանական հեղինակաւոր «The Guardian» եւ այլ լրատուամիջոցները։ Հայաստանի մի քանի լրատուամիջոցներ («Mediamax», Հ1, «Առավոտ», «Իրատես») եւս անդրադարձել են այս հրապարակմանը։
2022 թ․ Սեպտեմբերի 12-ին հրապարակուեց նաեւ Նախիջեւանի յուշարձանների ադրբեջանական վանդալիզմի փաստերն ապացուցող Ա.Մ.Ն.-ի կազմակերպութիւններից մէկի կողմից կատարուած գիտափաստագրական ծաւալուն՝ 400 էջից աւելի, մի ուսումնասիրութիւն՝ «Silent Erasure», որի հիմքը 1965-1987 թթ․ Նախիջեւանի տարածքում իմ կատարած փաստավաւերագրական եւ ամերիկեան արբանեակային լուսանկարներն ու 1900-20020 թթ․ գիւղերի եւ նրանց յուշարձանների տեղագրական քարտեզներն են։ Փաստավաւերագրական մի անհերքելի փաստաթուղթ, որն անվիճելիօրէն բաւարարում է միջազգային ցանկացած իրաւական ու գիտական կազմակերպութեան պահանջներին։
Ադրբեջանը Նախիջեւանի հայկական յուշարձանները վերացման համար պետականօրէն, մի քանի՝ 20-25 զինուորներով կազմուած խմբերով, հիմնայատակ պայթեցրել եւ մեխանիզմներով գետնի երեսից վերացրել է հայկական բոլոր եկեղեցիները, գերեզմանատներն ու խաչքարերը եւ այլեւայլ յուշարձանները, որոնց թիւն անցնում էր 27 հազարից։ Վերջին տարիներին ընթերցողները լրատուամիջոցներից քաջատեղեակ են թէ ադրբեջանական շուրջ 70-80 զինուորները ինչպէս՝ կոտրատելով ու խճաքարերի վերածելով Հին Ջուղայի հոյակերտ եւ աւելի քան 4500 խաչքարերն ու խոյաձեւ տապանաքարերը Արաքս գետը լցրեցին։ Ի միջիայլոց, մի քանի տարի է ինչ նախսաձեռնուել է Ջուղայի այդ եզակի գերեզմանատան խաչքարերի 3Դ ձեւաչափով վերականգնելու աշխատանքները։ Ծրագրի նախնական աշխատանքներն արդէն աւարտուած են։ Ցաւօք, ֆինանսների պակասութեան հանգամանքով այդ աշխատանքներն առայժմ դադարեցուած են։
Վերջին տարիներին էլ՝ 2008-2020 թթ․, Ադրբեջանը մէկ այլ վանդալ քաղաքականութեամբ էլ իրականացնում է Նախիջեւանի աշխարհիկ յուշարձանների՝ բերդերի ու կամուրջների, այսպէս ասած, «ադրբեջանականացնելով» իւրացնում են։ Օրինակ, վաղ միջնադարեան եւ հռչակաւոր Երնջակ բերդի աւերակ շինութիւններն աղաւաղելով վեր են ածել տուրիստական հանգրուանի, Նախիջեւան քաղաքում՝ իբր Նոյի դամբարանի աւերակների տեղում, Նոյի անուամբ կառուցել են դամբարան եւ այն վերածել թանգարանի, իսկ քաղաքի հայկական գերեզմանատան տեղում 1990-ական թուականներին Հայրենական Մեծ պատերազմի զոհուածների յիշատակին կառուցուած յուշարձանը 2021 թ․ աւերել եւ կառուցել են «Դրօշի հրապարակ» համալիր։ Ցաւօք, այսպիսի օրինակները շատ ու շատ են։
1998-2006 թթ․ Նախիջեւանի տարածքի հայոց յուշարձանների աւերումներին զուգահեռ՝ ճշգրտուած-փաստագրուած փաստագրական նիւթերով հաստատուած է, որ հայկական վանքերի ու եկեղեցիների տեղերում, օրինակ, Ագուլիսում ու Աբրակունիսում, Բերդիկում ու Նախիջեւան քաղաքում, Փառակայում ու Ցղնայում եւ այլ բնակավայրերում արդէն կառուցուել եւ գործում են ադրբեջանական մզկիթներ, դպրոցներ եւ այլեւայլ շինութիւններ։ Իսկ հայկական աշխարհիկ շինութիւններն էլ՝ կամուրջները, հնամենի եւ վաղմիջնադարեան բերդերն ու հնագիտական յուշարձանները՝ յայտնաբերուած իրենց հնագիտական նիւթերով, դարձեալ անարգել ու կեղծիք-հակագիտական թեզերով, անթաքոյց վերագրում են Ադրբեջանին ու ադրբեջանական պատմութեանն ու մշակոյթին։ Ընդ որում, այս կամ այն չափերով վերանորոգումների ենթարկուած հայկական յուշարձաններին էլ զրկել են իրենց պատմաճարտարապետական տեսքերից։
Պատմութեան մէջ աւեր-աւերումներով քոչվոր-խաշնարածային այս թիւրքալեզու ցեղախմբերը 11-րդ դ․ կէսերից յետոյ Հայկական լեռնաշխարհ մուտք գործած քոչվորական ծագմամբ թուրքական տարրը հիմնաւորուելով պատմական Հայաստանի եւ Յունաստանի տարածքներում, որոշակի զարգացումների հասնելով, սկսեցին աւիրել կամ էլ սեփականացնել թէ՛ հայկական եւ թէ՛ յունական պատմամշակութային ժառանգութեան յուշարձանները։ Աւելին, Արիստոտելին եւ այլ յոյն մտածողներին, Շէքսպիրին, անգամ Նոյին սկսեցին տալ թուրքական ծագում։ Այդ գործում իր աւագ եղբօրից, բնականաբար, սկսեց ետ չմնալ 19-րդ դարի վերջերին թուրք-թաթարական եւ այլ ցեղախմբերից նոր-նոր ազգ ու ժողովուրդ կազմաւորուող կովկասեան թաթարները։ Ի վերջոյ, այդ նոր կազմաւորուած ժողովրդին՝ սովետական իշխանութիւնն պատմական այլ պետական անուանում չգտնելով, կազմաւորեց եւ անուանեց պատմական Պարսկաստանի (Իրանի) Ատրպատական նահանգի անուամբ՝ Ադրբեջան, իսկ ժողովուրդն էլ, որին Վ․ Լենինը իրաւացիօրէն անուանել է «կովկասեան թաթարներ», անուանուեց ադրբեջանցիներ։ Եւ ահա շուրջ 100 տարի է, ինչ այդ ժողովուրդը իր ազգային ծագումը մէկ վերագրում է թիւրքերին, մէկ՝ կովկասեան աղուաններին․․․ Աւելին, չունենալով պատմական ոչ մի հիմք-հիմնաւորումներ, պետականօրէն լծուել է այժմեան իր եւ հարեւան երկրների տարածքների այլ ժողովուրդների ստեղծած պատմական ու մշակութային ժառանգութիւնները աւեր-աւերակների վերածելով կամ էլ նենգափոխումներով սեփականացնել ու վերագրել ադրբեջանական ժողովրդին։ Այսպէս, հայկական յուշարձանների մի մասը ջանում է համարել աղուանական եւ ադրբեջանականացնում է։ Մէկ այլ ծրագրով էլ սելջուկեան եւ իր տարածքի պարսկական մզկիթներն ու այլեւայլ յուշարձանները վաղուց ի վեր ներկայացնում է որպէս ադրբեջանական։ Էլ չեմ խօսում այն մասին, որ պարսիկ բանաստեղծներ Նիզամին, Խաքանին, հայ պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Մովսէս Կաղանկատվացին եւ այլոց ներկայացնում են որպէս ադրբեջանական ժողովրդի մշակոյթի ներկայացուցիչներ։
Ցաւօք, Ադրբեջանի իրականացրած եւ այժմ էլ իրականացուող այսպիսի աննախադէպ վանդալիզմի դէմն առնելու համար, ինչպէս Հայաստանն, այնպես էլ միջազգային պատկան մարմինները՝ մի քանի բացառութիւններից բացի, ի զօրու չեղան ոչինչ անելու։ Թող ամենեւին խիստ չթուայ ասածս։ Քանզի, մեր ազգային ու Հայաստանի պետական այդպիսի աններելի անտարբերութիւնն էր, որ Ադրբեջանին իրաւունք տուեց 1998-2006թթ․ անարգելք՝ տարի առ տարի, մէկիկ-մէկիկ վանդալիզմի ենթարկի հայոց բազմադարեան նիւթական մշակոյթի նախիջեւանեան յուշարձանները։ Աւելին, այսքանից յետոյ էլ՝ մինչեւ այժմ, որեւէ պատասխանատուութեան չենթարկուել։ Ցաւօք, դա արդէն պատմական անհերքելի փաստ է։ Այնպէս որ, նախիջեւանեան յուշարձանների կործանման գործում Հայաստանը եւս բարոյական պատասխանատուութիւն է կրում եւ սերունդները մեր այսպիսի անտարբերութեան ու անգործութեան համար հաստատապէս չեն ներելու։ Մանաւանդ, որ երկրի արտաքին քաղաքականութիւնը վարող եւ պատասխանատու Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Քոչարեանը, որի պաշտօնավարման տարիներին կատարուեց նախիջեւանեան հայկական ժառանգութեան հիմնայատակ գետնի երեսից վերացումը, երդուեալի նման ոչ մի ձայն ու ծպտուն չհանեց, լալկուեց ու պապանձուեց եւ Արցախի վերաբերեալ ընթացող հայ-ադրբեջանական բանակցութիւններում այդ վանդալիզմի, ինչպէս եւ Նախիջեւանից բռնագաղթի ենթարկուած աւելի քան 3 հազար հայութեան հարցերը ոչ մի անգամ չբարձրաձայնեց։ Մարդ, որը իր պաշտօնավարման հենց սկզբից էլ կողմ է եղել Ադրբեջանին Մեղրիով միջանց՝ տրամադրելուն, ակամայ սկսում էս հաւաստի համարել 25-28 տարի շրջանառուող այն տեղեկութիւնը, որ նրա կենսաբանական հայրը ադրբեջանցի է եղել։ Մանաւանդ, որ այդ լուրի կեղծ լինելուն կամ հերքելուն երբեք չանդրադարձաւ, ինչպէս եւ դրա տարածողներին պատասխանատուութեան չի կանչել։ Ասել է թէ՝ Հայաստանում գործել եւ այժմ էլ գործում է պետական ներքին դաւաճան։
Արգամ ԱՅՎԱԶԵԱՆ
Հայագետ, Հ.Հ. մշակոյթի վաստակաւոր գործիչ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազատ օր» թերթի այս համարում