Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին, չզեկուցվող հարցերի շրջանակում, ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) սեպտեմբերի 23-ի համերգի կազմակերպման համար։ Ծրագրի իրականացումն ապահովելու է ամիսներ առաջ ստեղծված «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։
«Սիվիլնեթն» ուշադրություն է հրավիրում, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը այս միջոցառումը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջև մրցակցությամբ չէ, որ ընտրվել է։ Համենայնդեպս, գնումների համակարգի Armeps հարթակում որևէ նման մրցույթի մասին տեղեկություն չկա։ Ըստ կառավարության՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո:
«Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։
Կառավարությունը տեղեկացնում է՝ եթե արդյունքում տրամադրված գումարից պակաս ծախսվի, տնտեսված միջոցներն ընկերությունը պետբյուջե պետք է վերադարձնի։ Ըստ «Ազատության», թե անձամբ ռեփերի հոնորարը որքան է կազմելու գործադիրի հրապարակած նախահաշվում չկա, փոխարենը ներկայացրել են նախատեսված մյուս ծախսերը: Բեմի ու բեմական սարքավորումների համար կծախսվի 113 միլիոն դրամ, 116 միլիոն կտրամադրվի «Հրազդան» մարզադաշտում տարբեր աշխատանքների կատարման համար, համերգը սպասարկող անձնակազմին կվճարվի ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամ։ Գովազդային արշավներն էլ կլորիկ գումար կարժենան՝ շուրջ 74 միլիոն դրամ կհատկացնեն։ Օրինակ՝ Վրաստանում գովազդի համար 6.5 միլիոն դրամ են նախատեսում, Իրանում՝ 4 միլիոն։ Սնուփ Դոգի ու նրա անձնակազմի կեցության ու անհրաժեշտ ծառայությունների համար կծախսվի գրեթե 64 միլիոն դրամ։ 30 հոգանոց անձնակազմի համար երկօրյա հյուրասիրության կազմակերպումը 7.8 միլիոն դրամ կարժենա, յուրաքանչյուրի հաշվով 260 հազար դրամ։
Կարդացեք նաև
Կառավարության այս քայլը քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում։ Ներկայացնենք մի քանի տեսակետներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան․ «Սնուփ Դոգի համերգը հաստատ ՆԳՆ-ն է կազմակերպել, որ դրա ընթացքում գա, «Պոլիգրաֆ» ակցիա անի ու մարիխուանայի հայտնաբերման տասնամյակի պլանը կատարի։
Իսկ եթե լուրջ, ապա շատ էպիկ է, որ նույն կառավարության մի ներկայացուցիչ Սնուփ Դոգի է բերում երկիր (և բյուջեից փող հատկացնում դրա համար), իսկ մյուսը 3-4 գրամ մարիխուանայի հայտնաբերման համար հատուկ ջոկատայիններով օպերացիաներ է կազմակերպում»։
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ ղեկավար Էդիկ Բաղդասարյան․ «Սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում: Փոխվարչապետերը, նախարարները կառավարության նիստին խոնարհ նստած էին: Ու չնայած նրանցից ոմանք դեմ էին այդ որոշմանը, բայց լռել են: Լուռ ու հնազանդ են բոլորը: Մեկդ, գոնե մեկդ ըմբոստացեք էդ որոշմանը: 6 միլիոն դոլար ենք ծախսելու: Այդ 6 միլիոնը հատկացրեք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Արցախում սնունդ ու դեղորայք չկա, չգիտենք, թե ամեն րոպե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ, սահմաններին: Այս ֆոնին ինչո՞ւ եք այդ տոնակատարությունը կազմակերպում: Չեղարկեք այդ համերգը: Եվ ընդհանրապես, կառավարությունն ի՞նչ գործ ունի համերգ կազմակերպելու հետ»։
Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր, «Մեդիա կենտրոն» ծրագրի ղեկավար Սեդա Մուրադյան․ «Լավ, վեց մլն դոլար ծախսելու ավելի արդյունավետ, մարդակենտրոն, պատասխանատու տարբերակ մտքներովդ չի՞ անցել։ Չե՞ք լսել, որ կան տեղահանվածներ, որոնց աջակցմանն էր կարելի ուղղել այդ ռեսուրսները։ Իսկ հիվանդությունների բուժո՞ւմ։ Ասենք, քաղցկեղով հիվանդներ։ Լավ, վեց միլիոն ներդրեցիք, ինչքա՞ն եկամուտ եք ակնկալում/հաշվարկել եք ունենալ։ Վեց միլիոնը կրկնապատկելու եք ու տասներկու միլիոնն ուղղեք իմ ասած խնդիրների՞ն։ Ո՞ւր են ձեր այդ հաշվարկները։ Իմ վճարած հարկերը սենց մսխելու համար ո՞վ է պատասխան տալու։ Պահանջում եմ չեղարկել այդ համերգը, պատասխան տալ, թե ինչո՞ւ եք որոշել այս օրհասական պահերին համերգ կազմակերպել, նման ծախս անել, անպատասխանատու որոշումներ կայացնել։ Այսօր պետք է պետություն կառուցել, այլ ոչ պրոդյուսերական գործունեությամբ զբաղվել կառավարության նիստերի դահլիճից»։
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյան․ «Ես դեմ եմ իմ և մեր կազմակերպության վճարած հարկերով կազմակերպել հաշիշի և մարիխուանայի պրոպագանդայով զբաղվող Սնուփ Դոգի համերգը։
Որպես ծնող, ես իրավունք եմ վերապահում մտածելու, որ պետությունը իր քաղաքացիների հաշվին այդ քայլով ուղղակի մասնակից է դառնում երկրում թմրանյութերի պրոպագանդայի գործին։
Պահանջում եմ չեղարկել և այդ գումարը բաշխել զոհված և հաշմանդամ զինվորների ընտանիքների շրջանում։
Պահանջում եմ այդ գումարներով ֆինանսավորել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Լաչինի տարածք, որ ավելի ակտիվ լուսաբանվի Արցախի շրջափակման հարցը միջազգային հանրության համար»։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան․ «Մի օր մաեստրո Մանսուրյանին ուղեկցում էի Կոտայքի մարզային գրադարան, որտեղ և իմացա, որ մի 8 տարեկան աղջնակ հերթագրվել է մի գրքի, որը նա կստանա այն ժամանակ, երբ կդառնա 13 տարեկան, քանի որ այդ գրքից գրադարանում մի հատ է, իսկ մարզում սա ամենահագեցած գրադարանն է:
6000000$-ով կարելի էր 3000 անուն գրքով համալրել 300 գրադարան: Իսկ սրանք մի համերգի վրա են ծախսում: Թող կորչի այսպիսի իշխանությունը»։
Ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյան․ «Այս իշխանություններն այնպիսի սարսափելի արհավիրքներ են բերել մեր երկրի վրա, որ գրեթե ամենօրյա ռեժիմով արվող բոլոր հիմարությունների մասին մարդ չի էլ ուզում գրել։
Մի տեսակ անիմաստ ես զգում հղի կնոջը մեքենայի տակ գցած ու փախած երկրի ղեկավարի պայմաններում, քննադատել մարդկանց վրա թքող երկրորդ պաշտոնյային։
Կամ մի իշխանության պարագայում, որի ապաշնորհության պատճառով Արցախի մի մասը կորցրեցինք եւ հազարավոր երիտասարդներ զոհվեցին, ոնց քննադատես, որ 6 միլիոն դոլարով ռեփեր է բերում»։