Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը տալով՝ դու մատաղ ես անում Հայաստանը»․ «Առերեսում»

Օգոստոս 12,2023 22:00

«Ի՞նչ եք ուզում, ուզում եք Հայաստանի ինքնիշխանությունը մատա՞ղ անեք։ Ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անեք։ Ուզում եք՝ Հայաստանի պետությունը մատաղ անե՞ք։ Ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անեք։ Չեք կարող, բացառված բան ա»,– մամուլի ասուլիսում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախից հնչող դժգոհություններին։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ վերլուծաբան Արման Աբովյանն այս առնչությամբ ասաց, թե միշտ դժվարանում է մեկնաբանել «քաղաքագիտական աբսուրդը»․ «Արցախը տալով՝ դու մատաղ ես անում Հայաստանը․ սա հասկանալու համար ոչ քաղաքագետ է պետք լինել, ոչ էլ միջազգայնագետ։ Պետք է ընդամենը գոնե մի երկու գիրք կարդալ ու դրանց հիման վրա հետեւություններ անել։ Անուններ հատուկ չեմ տալիս, քանի որ չեմ հավատում, որ իշխանության գլուխն ու իշխանությունն այնքան տգետ են, որ չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Ոչ, իշխանության մեջ չկա ոչ տգետ, ոչ հիմար մարդ»։ «Կան դավաճաններ»,– ռեպլիկ նետեց հաղորդման մյուս հյուրը՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Դուք տարել եք՝ մատաղի սեղանին մեզ պառկեցրել եք, թուրքերին շվշվացնելով՝ բերել եք մատաղ անողին մեր գլխին,– «ուզում եք՝ Հայաստանի պետությունը մատաղ անե՞ք» հարցադրմանն անդրադարձը շարունակեց Արման Աբովյանը։–Սա հավասար է՝ նրան, որ կացնով կտրեն մարդու ձեռքերն ու ոտքերը՝ վերջում շուռ գան ու հարազատներին ասեն՝ ի՞նչ ուզում եք էս խեղճ մարդը հաշմանդա՞մ դառնա, խի՞ եք տանում հիվանդանոց»։

Աղասի Ենոքյանն այսպես վերաշարադրեց այն ուղերձը, որն այդ ասուլիսում հղեց Նիկոլ Փաշինյանը․ «Համար մեկ՝ այո, մենք հրաժարվում ենք Արցախից։ Համար երկու՝ հրաժարվելով Արցախից՝ մենք որեւէ երաշխիք չունենք, որ Հայաստանի անվտանգությունն ապահովված է։ Այդ դեպքում ինչի՞ համար եք հրաժարվում»։ «Աբսուրդ, աբսուրդ»,– բացականչեց Արման Աբովյանը։

Աղասի Ենոքյանը շարունակեց․ «Հայաստանի ինքնիշխանությունն այլեւս մատաղ արված է։ Բանակը մատաղ է արվել։ Դիվանագիտությունը մատաղ է արվել։ Հանուն ինքնիշխանության՝ Նիկոլի համար մի ամենակարեւոր տարրի՝ իր իշխանության։ Այսինքն՝ դա արդեն իսկ արվել է իր կողմից, որ պահի իշխանությունը։ Էլ ինչի՞ մասին է խոսում։ Ո՞վ է ուզում մատաղ անի․ ինքն է արել»։

Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությանը․ «Այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում է Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնան այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն կամ հեռանալ»։

Արման Աբովյանն այս առնչությամբ հիշատակեց 1939–ին նացիստների պահանջը, թե հրեաները կամ պետք է ապրեն «նոր Գերմանիայի օրենքներով» կամ իրենց պետք է վտարել․ «Նույնն ասում է Ալիեւը՝ հայեր կամ դուք պետք է գնաք, կամ մենք ձեզ կսպանենք»։ Եվ հավելեց, թե այն, ինչ այսօր Ալիեւն արտաբերում է արցախցիների առնչությամբ՝ այլ համատեքստում արտաբերվելու է նաեւ հայաստանցիների վերաբերյալ․ «Դիմեմ ՀՀ քաղաքացիներին՝ ժողովուրդ ջան, Ղարաբաղը տալով հարցը չի փակվում՝ միայն սկսում է, եւ սկսում է ձեր բոլորի եւ իմ տան բակում։ Ախր զավեշտն այն է, որ ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը դա չեն էլ թաքցնում ու բացի խոսքից՝ նախապատրաստվում են»։

Իլհամ Ալիեւի այս հարցազրույցին Նիկոլ Փաշինյանի արձագանքը, որ հնչեցրեց կառավարության նիստում՝ մասնավորապես հետեւյալն էր․ «Ադրբեջանի նախագահի Եվրոնյուզին տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո՝ թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարության հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը»։ Աղասի Ենոքյանը համարժեք չի համարում այս արձագանքը․ «Եթե խաղաղապահ զորքը կանգնած է՝ ուրեմն, պետք է դիվանագիտական, ռազմական, քաղաքական բոլոր գործիքներն օգտագործես, որ այդ խաղաղապահները հնարավորինս աշխատեն հօգուտ քեզ։ Մինչդեռ նա ձեռքերը լվացել է՝ ասում է, դե, հենա՝ կանգնել են, թող աշխատեն»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031