Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսներին չեն ասում՝ գնացեք, Արցախի կարգավիճակ որոշեք։ Ռուսներին ասում են՝ Լաչինի միջանցքը ձեր վերահսկողության տակ է․ «Առերեսում»

Օգոստոս 12,2023 09:00

Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան բազմիցս հայտարարել է, թե «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո՝ Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների ջանքերի պակասի մասին ցանկացած պնդում կրկնակի անտեղի է թվում»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս պնդմանը՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանն ասաց․ «Զախարովան ասում է, որ եթե Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ուրեմն՝ ռուսներին չի կարելի մեղադրել։ Ոչ, պետք է մեղադրել։ Ռուսներին չեն ասում՝ դուք գնացեք, Արցախի կարգավիճակ որոշեք։ Ռուսներին ասում են՝ այնպես արեք, որ այնտեղի ժողովուրդը կարողանա ապրի։ Ռուսներին ասում են՝ այնպես արեք, որ ադրբեջանցիներն այնտեղ հարձակումներ չգործեն, գյուղեր չվերցնեն, բարձունքներ չվերցնեն, չկրակեն տրակտորիստների վրա։ Եվ ի վերջո՝ Լաչինի միջանցքը ձեր վերահսկողության տակ է»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։

Տեսակետ կա, որ Ռուսաստանը փորձում է իր պարտականությունները չկատարելու մեղքը գցել հայկական կողմի վրա․ «Դրա համար պետք է ընդամենը հիշել, որ նախևառաջ Ռուսաստանն ինքը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ նախքան Փաշինյանը դա կաներ Պրահայում։ Ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիներն ագրեսիա են իրականացրել Փառուխում, Քարագլխում, Խծաբերդում և այլն»։ Հաղորդման մյուս հյուրը՝ վերլուծաբան Արման Աբովյանն այս առնչությամբ մասնավորապես ասաց․ «Թե ռուսները, թե ֆրանսիացիները, թե ամերիկացիները բազմիցս դե յուրե ընդունել են, որ Արցախը կարող է համարվել Ադրբեջանի մաս, բայց դրա հետ մեկտեղ, հիշեցնեմ, որ հենց Ռուսաստանն էր առաջարկել 2021–ին Արցախի հարցն առկախված պահել․․․ Դրան ի պատասխան՝ հայկական կողմն ասաց (աբսուրդին հավասար գործընթաց էր)՝ դե որ ռուսն ասել է, թող ռուսն էլ պաշտպանի այդ դիրքորոշումը․․․Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների գործառույթներին՝ միանշանակ է, այո, կան հարցեր եւ դրանք պետք է քննարկվեն»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ դիտեք այսօր 22.00–ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031