Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Մովսիսյան․ «Վախենամ՝ կառավարության աջակցությամբ ձեռք բերված բնակարանները վերջում մնալու են բանկերին»

Օգոստոս 11,2023 21:58

2020 թվականի պատերազմի պատճառով տեղահանված եւ Հայաստանում հաստատված արցախցիները, որոնք այսօր բնակարանային ապահովության ծրագրի շահառուներ են, ծրագրից օգտվելու գործընթացում բազմաթիվ խնդիրների են բախվում, շատերը չեն կարողանում օգտվել ծրագրից։

Արցախից տեղահանված 4100 ընտանիք ճանաչվել է բնակարանային մատչելիության ապահովման աջակցության ծրագրի շահառու։

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրեց ծրագրի պայմանները՝ նշված աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկավորման տեսքով, վարկի մարման ամբողջ բեռը պետության վրա է։

Ղարագյոզյանի ներկայացմամբ՝ 3729 ընտանիք ստացել է հավաստագիր, եւս 124 ընտանիքի տվյալ Արցախի ՏԿԵ նախարարությունը նույնականացրել է, համարվում են շահառու, բայց դեռեւս բնակարանային հարցերով կոմիտեն չի հաստատել, որ նրանք Արցախի կառավարության կողմից բնակարանային ապահովման որեւէ ծրագրից չեն օգտվել, 82 դիմում-հայտ չեն նույնականացվել։

Մանրամասն՝ տեսանյութում

 

«Խնդիրները սկսվում են բանկերում, տների գնահատման փուլում։ Բնակարանների գներն աճել են, հաճախ սահմանված գումարի սահմաններում դժվար է բնակարան գտնել, նույնիսկ անհնար է ապրելու ենթակա տուն գտնել»,-ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Մովսեսյանը։

Բացի այս, ինչպես ներկայացրեց Մովսիսյանը, ծրագրի շահառուներից շատերը հին, չմարված վարկեր ունեն․ «Մարդիկ այսօր աշխատանք չունեն, ապրելու տեղ չունեն, ամեն օր ապրելու պայքար են մղում, ուտելու պայքար են մղում, չեն կարողանում վարկային այդ պարտավորությունները մարել։ Բանկերը մեզ վերաբերվում են ոչ որպես տեղահանված, ամեն ինչ կորցրած անձանց, որոնք եկել են Հայաստան, մնացել են փողոցում, այլ որպես որպես շարքային քաղաքացու։ Եթե պետությունը մարել է վարկերը, ապա եղած մնացորդի վրա բանկերը երեք տարի է՝ շարունակում են տոկոս ավելացնել, տույժեր կիրառել, դատարան ու ԴԱՀԿ դիմել։ Ես վախենում եմ, որ ծրագրի ավարտին կառավարության աջակցությամբ ձեռք բերված բնակարանները մնալու են բանկերին»։

Ծրագրի շահառուներից շատերի դեպքում ընտանիքի անդամների մի մասը շրջափակված Արցախում է մնացել, իսկ հայաստանյան բանկերը, ինչպես ասաց Մովսիսյանը, պահանջում են փաստաթղթերի բնօրինակը․«Օրերս ինձ զանգել է Արցախում գտնվող մի երիտասարդ, մայրը գործարք չի կարողանում կատարել, որովհետեւ բանկը կրկնօրինակ չի ընդունում, ոչ մի տարբերակ չի ընդունում»։

Բանկերը բնակարանները գնահատում են շատ ցածր։ Մովսիսյանի պատմելով՝ գներն աճել են, բանկն այդ տունը 10-12 միլիոն չի գնահատում, շատ ցածր է գին է սահմանում։

Մանրամասն՝ տեսանյութում.

Գայանե Ղարագյոզյանը ներկայացված խնդիրների առնչությամբ պարզաբանում ներկայացրեց, հստակեցրեց՝ փաստաթղթերի բնօրինակները պահանջում են նոտարները․ «Մենք պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել արդարադատության նախարարություն, որ հնարավորություն ստեղծվի Արցախում աշխատող նոտարը պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ուղարկի Հայաստանի համապատասխան նոտարին»։

Վարկային վատ պատմությունների առնչությամբ էլ Ղարագյոզյանն ասաց․«Վերջին փոփոխությամբ՝ ընտանիքի անդամը, ով ունի վատ վարկային պատմություն եւ խոչընդոտում է ընտանիքի հավաստագրի իրացման գործընթացին, կամ շրջափակման մեջ է, կարող են դիմել եւ դուրս գալ հավաստագրից, որպեսզի բանկում կամ նոտարի մոտ խնդիր չլինի։ Այստեղ խնդիր կա զագսավորված ամուսինների դեպքում, քանի որ համատեղ ձեռք բերված գույք է համարվելու, բանկը ռիսկ է տեսնում՝ եթե գույք է ձեռք է բերվում, երկուսի սեփականություն է համարվում, իսկ ամուսնուց եթե ԴԱՀԿ-ն պահանջ ունի, կարող է բռնագանձվել այդ գույքի մասը։ Բանկերի հետ միջանկյալ լուծում ենք մտածել՝ ամուսնական պայմանագրով վատ պատմություն ունեցող ամուսինը կարող է հրաժարվել իր մասնաբաժնից։ Պրակտիկայում նման բարեհաջող փորձ ունեցել ենք։ Սկզբնական փուլում մոտավոր պատկերացնում էինք, որ բանկերի հետ կապված նման խնդիրներ կլինեն»։

Ղարագյոզյանի ներկայացմամբ՝ ըստ ծրագրի՝ պետությունը սուբսիդավորում է 10% տոկոսագումարը, իսկ առեւտրային բանկերը այդպիսի տոկոսով հիփոթեք չեն տրամադրում իրենց սեփական ռեսուրսների հաշվին։ Մենք այս պահին ունենք 1255 իրացված հավաստագիր, վարկային պայմանագիր է կնքվել, վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորել է վարկը։ ԿԲ-ի հետ համագործակցելով ներկայացրել ենք առեւտրային բանկերին առաջարկ, որ ասեն, թե քանի տոկոսով են պատրաստ սեփական ռեսուրսով տրամադրել վարկերը, այդ թվում՝ վերանորոգման համար, որպեսզի պետությունը որոշման մեջ փոփոխություն կատարի եւ սուբսիդավորման տոկոսագումարի չափը ավելացնի»։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գնահատման գործընթացին, ապա դա իրականացնում են լիցենզավորված կազմակերպությունները։ Ըստ Ղարագյոզյանի, գործընկեր բանկեր կան, որոնք պատրաստ են մի քանի գնահատման արդյունքը վերցնել եւ դիտարկել դրանցից առավելագույն գին ներկայացրածը․ «Եթե երեք կազմակերպություն գնահատում է յոթ միլիոն, դա նշանակում է, որ շուկայական արժեքն այդքան է»։

Մովսիսյանն էլ արձագանքեց. «Գնահատման ժամանակ մեկն իր գոմը 10 միլիոն է գնահատել, չի իջնում․․․ էս մարդը հազիվ էդ տունը գտել է, որովհետեւ իրեն միայն հետաքրքիր է, որ տանիք ունենա ու թե բանկն իր ռիսկերը ոնց է գնահատում, դա իրեն չի հետաքրքրում։ Մարդիկ երեք տարի է՝ վարձով են ապրում, իրենց հաշվին։ Արցախի կառավարությունը մեկ շնչին 40 հազար դրամ էր փոխհատուցում որպես տան վարձ։ Մայիսին դադարեցվեց փոխհատուցումը։ Հետո հուլիսին սկսվեց, բայց հուլիսի գումարը վճարելու են հոկտեմբերին։ Ես կարծում եմ՝ ահավոր կոռուպցիոն մեխանիզմ կա։ Ի սկզբանե կառավարության այս որոշումը սխալ էր։ Բացի այս, Արցախի կառավարությունն էլ ուղղակի ձեռքերը լվացել է մեզանից»։

Բացի այս, ըստ Մովսիսյանի, բանկերը սահմանամերձ բնակավայրերում ռիսկային են գնահատում անշարժ գույք ձեռք բերելու գործարքը, չեն տրամադրում գումար։

Մովսիսյանն ասաց, որ շահառուների ցուցակներում մարդիկ կան, որոնք տուն ունեին, փողոցում չէին մնացել, մարդիկ կան, որոնք վերջին տարիներին չեն եղել Արցախում․ «Լսում ես այդ անունները, բայց չես կարողանում ապացուցել, որովհետեւ այդ ցուցակները գաղտնի են պահում։ Մարդիկ կան, որ բարեգործներն արդեն տուն կառուցել էին իրենց համար»։

Մանրամասն՝ տեսանյութում.

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031