Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխան Վահանյանի մասին լսել եմ, որ ինքն իրեն ոտքից վիրավորել է անձամբ ու փախուստի է դիմել»․ 44-օրյա պատերազմի մասնակից

Օգոստոս 11,2023 20:53

Իշխան Վահանյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում (նախագահող դատավոր Ջոն Հայրապետյան) ընթացող դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև տուժող Կարեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արցախի ՊԲ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը, նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

Տուժող Կարեն Մանուկյանը դատարանի դահլիճում ցուցմունք տալով ասաց, որ ծառայության է անցել 2020-ի հուլիսի 14-ին։ Եղել է 5-րդ գումարտակի 14-րդ վաշտում։ Նա նշեց, որ մինչև պատերազմը Իշխան Վահանյանին ծանոթ չի եղել, նրան տեսել է Հադրութում, այն ժամանակ, երբ Խուրհատ սարն էին բարձրացել․ «Դրանից հետո արդեն ուղղակի լսել եմ նրա մասին, որ ինքն իրեն ոտքից վիրավորել է անձամբ ու փախուստի է դիմել»։

Կարեն Մանուկյանն ասաց՝ ենթարկվել է Սևան Ղազարյանի հրամանին ու պատմեց․ «Հոկտեմբերի 5-ի օրն անձրևոտ էր։ Զորքը նահանջել էր, մենք մնացել էինք։ Հայկազի վաշտը նահանջել էր, մենք մնացել էին շրջափակման մեջ։ Բարսեղյան Վահագը տարածքին ծանոթ չէր, մենք ենք տրամաբանորեն գտել ճանապարհը։ Ցեխին մի կերպ հազիվ այն ճանապարհով, որով մեզ սնունդ է եկել, գնացել ենք։ Մեզ Հադրութի դպրոցից էլ տարել են Խուրհատ սարը, այդտեղ արդեն կրակոցներ էին, երբ նահանջ տվեցին դեպի Վանք գյուղի մոտ, մեր անձնակազմը 100 հոգուց էր բաղկացած։ Էդտեղ չկար Վահանյան Իշխանը, Բարսեղյան Վահագը, չկար Հայկազը։ Կապ հաստատվեց մեր տղերքից մեկի հոր կամ հորեղբոր հետ, որ ասեցին՝ ինչ-որ ծառայող բարեկամ ունեն, որ կարող է մեզ ճիշտ ճանապարհը ցույց տալ, խորհուրդ տրվեց, որ իջնենք Հադրութ քաղաքի կողմը։ Մարտի բռնվեցինք, ու այդ պատճառով մնացինք հենց Վանքում։ Շատերս վիրավոր էինք ու չէինք կարողանում շարժվել։ Արդեն նոյեմբերին թուրքերը մեզ գտան ու գերի վերցրին»։

Դատախազ Ավետիսյանը հարցրեց՝ Իշխան Վահանյանին վիրակապով տեսե՞լ է, Կարեն Մանուկյանը պատասխանեց, որ ուշադրություն չի դարձրել։

Հարցերին, թե երբ բարձրացել էին մարտական դիրքեր, սպաներից ո՞վ է իրենց հետ եղել, Կարեն Մանուկյանը պատասխանեց՝ Հովհաննես Մուրադյանը։

Դատախազը նաև հարցրեց՝ ե՞րբ իմացար այն մասին, որ Իշխան Վահանյանն իրեն ոտքից վիրավորել է, որ թողնի մարտադաշտը, Կարեն Մանուկյանը պատասխանեց․ «Արդեն, որ նահանջ էին տալիս, տղերքից էին ասում, բա իմացաք՝ սենց բան է եղել, ասում էին, որ Վահանյան Իշխանը իրեն ոտքից վիրավորեց ու փախավ»։

Տուժողն իր հարցաքննության ընթացքում նշեց, որ մարտունակ չեն եղել, եղել է ժամանակ, որ հույս էլ չեն ունեցել, որ իրենց զենք կհասցնեն։ Այս առիթով դատարանի դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներից մեկը հարցրեց՝ բա որ մարտունակ չէիք, ինչո՞ւ չասացիք հրամանատարներին՝ էս ո՞ւր եք մեզ ուղարկում։ Կարեն Մանուկյանն արձագանքեց՝ այդքան խոսակցությունը չենք խորացրել։ Մյուս հարցին՝ այդտեղ դավաճանություն տեսնո՞ւմ եք, հինգերորդ շարասյան մատը խա՞ռն է, Կարեն Մանուկյանը դրական պատասխան տվեց։

Տուժողի իրավահաջորդը, դիմելով նախագահող դատավորին, ասաց․ «Սա արձանագրեք, որ այս սրիկաները տարել են ոչ մարտունակ բանակի զինվորներին մսաղաց։ Էսօր ինքը հպարտ նստել է, որ իրեն հերոսի կոչում տան։ Մեռա ասելով, որ Բադալյան Մանուկին էլ բերեք դատարան»։ Նախագահող դատավորը հարցրեց՝ նա նստած չէ՞։ Տուժողի իրավահաջորդն ասաց՝ «նստած է, բայց փափուկ աթոռի վրա է նստած։»

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ ժամը 13։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031