Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարությունում ասացի՝ դուք մեզ փախստականի կարգավիճակ չեք տալիս միայն նրա համար, որ ռուսներից վախենում եք»․ Լեւոն Հայրյան

Օգոստոս 11,2023 20:13

Ինչպես տեղեկացրել էինք, 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված անձանց ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Ինչ-որ բաներ են կատարվում, որ մեզ համար էլ այդքան հասկանալի չէ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեք գերատեսչություններից մեզ հրավիրել են հանդիպման։ Երկու օր առաջ սոցապ նախարարությունում էինք հանդիպման, այսօր՝ արդարադատության նախարարությունում ու ՄԻՊ-ի մոտ։ Այս բոլոր գերատեսչություններում ասում են, որ ուզում են զբաղվել մեր հարցերով, բայց մեզ համար անհասկանալի է՝ այս աշխուժությունը որտեղի՞ց է գալիս»։

Նա նշեց, որ հակված են մտածելու, որ նախորդ շաբաթվա իրենց բողոքի ցույցերն են արդյունք տվել։ «Կարելի է նաեւ կարծել, որ Ռուսաստանի դեսպանատանն ունեցած մեր հանդիպումն է ազդել, որտեղ մեղադրանքներ ենք ներկայացրել եւ Ռուսաստանին, եւ Նիկոլ Փաշինյանին։ Այդ գերատեսչությունները կարող էին վերջին 3 տարիներին զբաղվել մեր խնդիրներով, առավել եւս, որ ապրիլին մեծ համաժողով ենք արել փախստականների հարցով, որտեղ որոշել ենք, թե ինչ պետք է անել, ռազմավարություն է մշակվել ու փոխանցվել կառավարությանը։ Բայց մինչեւ այսօր ոչ մի բան չէր արվել։ Մենք բոլոր երեք գերատեսչություններում էլ ներկայացրել ենք մեր պահանջները»,- ասաց Հայրյանը։

Նա նշեց, որ իրենք առաջին հերթին պահանջում են, որպեսզի փախստականի կարգավիճակ տան իրենց։ Երկրորդ պահանջը վերաբերում է պատերազմի հետեւանքով տեղահանված անձանց բնակարաններով ապահովելուն։ «Մենք հատուկ մեծ պահանջ չենք դնում, թող լինեն սոցիալական բնակարաններ։ Մեր երազանքը Հադրութ վերադառնալն է, բայց, ինչպես դեպքերը ցույց են տալիս, դա կարող է տեւել տասնամյակներ։ Որպեսզի այդ տասնամյակի ընթացքում համայնքը չցրվի, պահպանվի, կարող են մեզ սոցիալական բնակարաններով ապահովել։ Դրան զուգահեռ` մենք քննարկել ենք Արցախի ինքնորոշման վերաբերյալ հարցեր, քննարկել ենք Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային քրեական դատարանում բարձրացնելու հարցը։ Եթե Արդարադատության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում չառարկեցին մեր պահանջներին, ասացին՝ տեղ կհասցնեն, ՄԻՊ-ի հետ հանդիպման ժամանակ Միգրացիոն ծառայությունից մի տիկին ասաց, որ մեզ փախստականի կարգավիճակ տալը ինչ-որ բարդություններ է առաջացնելու։ Իսկ մենք ասացինք, որ դա ընդամենը ցանկության հարց է, որը չկա ձեզ մոտ, որեւէ բարդություն չկա, որովհետեւ դուք ունեք 100 տոկոս միատար կառավարություն եւ 70 տոկոսանոց պառլամենտ, եթե որեւէ օրենք կա, որն արգելում է դա, կարող եք փոխել այդ օրենքը։

Ես ասացի, որ անգամ ՄԱԿ-ը մեր կազմակերպության նամակին ի պատասխան գրել է, որ ճանաչում է մեր փախստականի նման կարգավիճակը։ Դրանից բացի, 2021 թվականին ՄԱԿ-ի կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Հայաստանում 26 750 փախստականին մոտ կարգավիճակով մարդիկ են ապրում Արցախից։ Կոնկրետ ես ասացի՝ դուք մեզ կարգավիճակ չեք տալիս միայն նրա համար, որ ռուսներից վախենում եք։ 1989 թվականից հայկական փախստականների առաջացման աղբյուրը ռուսներն են, Նիկոլն ու իր վարչախումբն էլ այնքան անմռունչ են ենթարկվում ռուսներին, որ երբ ռուսներն ասում են՝ դուք փախստական չունեք, իրենք էլ են ասում՝ փախստական չունենք»,- ասաց նա։

Լեւոն Հայրյանը նշեց, որ հույս չունի, որ իրենց խնդիրներին արագ լուծում կտան։ «Երեք գերատեսչություններում էլ ես հստակ նշել եմ, որ սա ձեզ հետ մեր վերջին հանդիպումն է։ Եթե խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժ չեղավ, մենք այլեւս ձեզ հետ որեւէ հանդիպում չենք ունենալու։ Մենք դիմելու ենք ուրիշ միջոցների»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031