Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հեծանվարշավով, համերգով կնշվի երիտասարդների տոնը․ Արցախի «կյանքը ճանապարհը» բացելու կոչ կհնչի

Օգոստոս 11,2023 18:48

Վաղը Գյումրիում մեծ շուքով կնշվի երիտասարդության համաշխարհային օրը, որը կրում է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը։

Այն ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա տոն է, որն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։ Որպես կանոն՝ ՄԱԿ-ն ամեն տարի ընտրում է խորագիր, թեմատիկ ուղղվածություն․ մեկ կարևորվում է երիտասարդների ներգրավվածությունը քաղաքականության, մեկ աղքատության վերացման մեջ։ Ինչևէ, այս տարի թեման բնապահպանական է, քարոզվում է առողջ ապրելակերպը։

Հայաստանի Հանրապետությունում տոնն առաջին անգամ նշվել է 2015 թվականին Գյումրիում՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կառույցի ջանքերով։

Այսօր կառույցի պատասխանատուները, ինչպես նաև «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի փորձագետ Արման Շաբոյանը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել «Գյումրու երկխոսության մեդիա ակումբում»՝ մանրամասնելով թե՛ տոնի խորհուրդը, թե՛ ընտրված խորագրի կարևորությունը և միջոցառումների ցանկը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը , երիտասարդներին անվանելով հասարակության մեջ դրական փոփոխությունների գործակալներ, տեղեկացրեց՝ այնպիսի միջոցառումներ են նախատեսել, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանմանը, բարելավմանը։

Ըստ բանախոսի, տոնն ավելի շատ կլինի տեղեկատվական արշավ՝ բարձրացնելով շրջակա միջավայրի աղտոտվածության վերացման անհրաժեշտությունը, որը լուրջ խնդիր է ողջ աշխարհում։

Երիտասարդները հեծանիվներով արշավ կկազմակերպեն Գյումրու փողոցներում, իսկ երեկոյան կլինի համերգային ծրագիր։

Այս տոնն, ըստ կազմակերպիչների, կդառնա ևս մեկ առիթ միջազգային կառույցներին կոչով դիմելու՝ «Արցախի « կյանքի ճանապարհը» բացելու համար։ Գյումրին միջազգային կառույցներից զգալի թվով հյուրեր է ունենալու։

«Ի սկզբանե՝ դեռևս հունվար ամսին, քննարկումների ժամանակ մեր կազմակերպության աշխատակազմի կողմից ցանկություն էր առաջացել Երիտասարդների միջազգային օրը նշել նաև Արցախում՝ Ստեփանակերտում։ Եվ դա մեզ համար առաջնահերթ է, մեր միջազգային մի քանի գործընկերներ իրենց աջակցությունն էին առաջարկել ՝ միջոցառումները կյանքի կոչելու։

Բայց տեղի ունեցավ, ինչ եղավ, և վերջին մի քանի ամիսներին մենք ունենք Լաչինի միջանցքի փակ վիճակը, որը «կյանքի ճանապարհն» է Արցախի։

Եվ մենք տևական ժամանակ քննարկում էինք՝ արժե՞ այս տարի նշել երիտասարդների տոնը՝ ունենալով նման իրավիճակ։ Մենք խոսում ենք երիտասարդների կարևորության, նրանց կյանքի հիմնարար իրավունքների մասին, մինչդեռ Արցախում 120 հազար բնակչություն, որոնց մեջ հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ կան, լուրջ պայքարի մեջ են՝ իրենց կյանքի գոյությունն ապահովելու։

Երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ անկախ ամեն ինչից՝ Գյումրի քաղաքում պարտավոր ենք այս միջոցառումը կյանքի կոչել և պիտի հնարավորություն տանք Շիրակի մարզի, ինչու չէ նաև հարակից մարզերից Գյումրի այցելող երիտասարդներին իրենց օրը վայելելու։ Եվ առիթն օգտագործելու միջազգային տարբեր կազմակերպությունների մոտ խոսելու այն մասին, որ այսօր հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն պետք է ունենային նաև Արցախում այս տոնը նշելու, բայց զրկված են դրանից»,- ասաց Արթուր Նաջարյանը։

Այս կառույցը, գործընկերային հարաբերություններ ունենալով բազում միջազգային կառույցների հետ, մշտապես իր դիրքորոշումը հայտնել է Արցախի բնակիչներին սպառնացող վտանգի մասին, հայտարարություններ տարածել կազմակերպության պաշտոնական էջով։

Վաղը ևս հանդես կգան կոչով, իսկ Գյումրու տոնին կմասնակցեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ, Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներ և ՀՀ պետական կառույցներից ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ԿԳՄՍ-ից։

Արթուր Նաջարյանը նաև ասաց, որ վաղվա ամբիոնը օգտագործելուց բացի, այն հայտարարությունը, որով հանդես են գալու, կլինի երկլեզու՝ հայերեն և անգլերեն։ Անգլերեն տարբերակը ուղղված կլինի այն միջազգային գործընկերներին, որոնք գործում են Եվրոպական Միության 27 անդամ պետություններում։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» երեք տարբեր համայնքներում մեծ միջոցառումներ է իրականացնում, այսօր մեծ տոնակատարություն կլինի Էջմիածնում, վաղը Սպիտակում և Գյումրիում։

Էջմիածնում ևս խորագրին համահունչ՝ առողջ ապրելակերպն են քարոզում․ սպորտլանդիա և կրոսավազք են անցկացնելու, նաև գունային փառատոն՝ Color Festival է տեղի ունենալու։ Սպիտակում ինտելեկտուալ խաղ մրցույթ և դարձյալ գունային փառատոն է տեղի ունենալու։ Իսկ Գյումրիում հեծանվարշավը կմեկնարկի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից, երեկոյան քաղաքի սրտում՝ Աբովյան ճեմափողոցում, տեղի կունենա համերգ։

Ըստ Արթուր Նաջարյանի, երիտասարդները մեծապես կարիք ունեն տոնակատարությունների։

«Հատկապես հետպատերազմյան շրջանում չնայած նրան, որ ունենք սոցիալ-հոգեբանական ծանր վիճակ և շատ հաճախ հոգեկան առողջությունը բավականին վատթար վիճակում է, բայց մենք մեզ ապրեցնելու համար ստիպում ենք մեզ նմանատիպ միջոցառումների մասնակցել, քանի որ այդպես կարող ենք մեր շարունակությունը, ոգևորվածությունը պահպանել։

Այս միջոցառումը կազմակերպելը մեզ համար պարտավորվածություն է։ Մենք ինքներս բնակվում ենք մեր երկրում և ուղիղ կրողն ենք իրավիճակի։

Մենք ևս հոգեբանորեն պարբերաբար ընկճված վիճակում ենք գտնվում, բայց քանի որ աշխատում ենք երիտասարդների հետ, իրենց զորեղացման պարտականությունը, առաքելությունը նաև մասամբ մենք ենք իրականացնում։ Մենք ավելի քան պարտավոր ենք այս միջոցառումը և առհասարակ այլ միջոցառումները կյանքի կոչել, որովհետև սա երիտասարդ զգալու, երիտասարդ մնալու, նախաձեռնող լինելու, համայնքում դրական փոփոխություն անելու հնարավորության մասին է։ Իսկ դա մենք պարտավոր ենք անել մեր գործունեության շրջանակում»։

«Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի փորձագետ Արման Շաբոյանն էլ, մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին՝ Եվրամիության ֆինանսավորմամբ։ Այն իրականացվում է Գյումրիում, Վանաձորում և Լեհաստանի Պիլա քաղաքի հետ համագործակցությամբ։

Պատասխանելով Aravot.am այն հարցին, թե փոշու մեջ թաղված Գյումրին, որտեղ կենտրոնական փողոցները քանդել ու բացարձակ գործ չեն անում, կդառնա՞ կանաչ քաղաք, որի մասին ծրագրել են։

Արման Շաբոյանը տեղեկացրեց, որ այդ ծրագրի շրջանակում մշակվել է ռազմավարություն, համաձայն որի՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներին բացի էկոավտոբուսներ տրամադրելուց, պիտի հեծանվուղիներ ունենալու հնարավորություն տրվի։

Հետագայում համայնքային ճանապարհների նախագծման աշխատանքներում պարտադիր պիտի լինի հեծանվուղի։ Երկու համայնքների ավագանիներն էլ ընդունել են այդ ռազմավարությունը,համայնքները իրենց զարգացման ծրագրում ներառելու են սա։

Քանի որ երիտասարդների տոնը բնապահպանական թեմայով է, իրենք ևս միացել են․ առիթն օգտագործվելու է քաղաքացիներին կանաչ տրանսպորտ, մաքուր, կանաչ քաղաք, կանաչ կառավարում քարոզելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031