Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այ, որ այնտեղ եղած լինեիք, հիմա գնդակահարության հոդվածը կկարդայիք»․ տուժողների իրավահաջորդները՝ Իշխան Վահանյանի գործը քննող դատավորին

Օգոստոս 11,2023 18:01

Իշխան Վահանյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում (նախագահող դատավոր՝ Ջոն Հայրապետյան) ընթացող դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը տուժող Արթուր Հարությունյանին խնդրեց նկարագրել սեպտեմբերի 25-27-ի գործողությունները։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արցախի ՊԲ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել:

Վահանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը, նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

Գուրգեն Գրիգորյանի հարցը լսելով՝ Ջոն Հայրապետյանը միջամտեց․ «Բոլորը պատկերացնում են արդեն։ Հստակ բոլորս պատկերացնում ենք, թե ինչ է եղել»։ Գուրգեն Գրիգորյանն ասաց՝ մենք չենք պատկերացնում։ Նախագահող դատավորը պնդեց․ «Գիտենք էլի․․․ ինձ մոտ նենց տպավորություն է, որ ես էլ եմ էնտեղ եղել, այ տենց գիտենք արդեն»։

Սա լսելով՝ դահլիճից արձագանքեցին․ «Այ, որ այնտեղ եղած լինեիք, հիմա գնդակահարության հոդվածը կկարդայիք»։

Ջոն Հայրապետյանը, դիմելով փաստաբանին, ասաց․ «Պարոն Գրիգորյան, զինվորական գործերը՝ կապված պատերազմի հետ, հանրային հետաքրքրության տիրույթում են գտնվում՝ առավելապես իրավաբանների, այն մարդկանց, որոնք ներգրավված են այս վարույթում, էլ չեմ խոսում ծնողների մասին։ Ինչքան Ձեզ, նույնչափ էլ ինձ է հետաքրքրում, բայց կան սահմաններ։ Այ, օրինակ, այս վկան նոր փաստեր հայտնեց, որ մեզ հայտնի չէին, ավելի նպատակահարմար է  հարցաքննությունն այդ ուղղությամբ տանենք։ Իսկ այն, որ ամսի 25-ին եղել է տագնապ, հետո ասել են՝ էդ տագնապն ուսումնական է, պադվալ են իջել և այլն, էլ թույլ չեմ տալու խոսեք այս հարցով»։

Գուրգեն Գրիգորյանը նշեց՝ մեր հարգարժան դատախազն իր հարցադրումները սկսեց ամսի 29-ից, խի՞։ Դատավորն արձագանքեց՝ խի չի, ինչու է։

Գուրգեն Գրիգորյանը տուժողին հարցրեց՝ Իշխան Վահանյանի հետ քննարկե՞լ եք, նա՝ որպես ձեր գումարտակի հրամանատար, գործողություն արե՞լ է, որ ձեզ ցրի մի տեղ, որ հանկարծ արկերից մեկն ընկներ, բոլորն էլ չզոհվեին։ Արթուր Հարությունյանն ասաց․ «Հադրութի դպրոցում ժամանակավոր էինք, ամեն պահի սպասում էինք, որ ինչ-որ տեղ պիտի գնայինք։ Մեզ համար զարմանալի էր, որ շենքի մեջ ենք պատսպարվել։ Մանավանդ դահլիճում էինք, շատ ապակիներ կային, երբ դպրոցին խփեցին, շատ մարդիկ հենց ապակիներից վնասվեցին»։

Տուժողը պատմեց․ «Վանք գյուղում սկզբում մի տանն էինք մեկ շաբաթ, հետո էդ տնից գնացել ենք անտառ, էդտեղ երկու շաբաթ ենք մնացել»։ Դահլիճից տուժողների  իրավահաջորդներից մեկը հարցրեց՝ ե՞րբ եք բաժանվել մյուսներից, Արթուր Հարությունյանը պատասխանեց՝ ամսաթվերը չեմ հիշում։ Նա շարունակեց․ «Նոյեմբերի 5-ից բաժանվել եք՝ Ձեր ասելով»։ Արթուր Հարությունյանն ասաց՝ հիմա ամսաթվերը չեմ հիշում։ Տուժողի իրավահաջորդն ասաց․ «Հայրդ նկարները ցույց է տվել, բոլորին ճանաչել ես, չէ՞, բա ինչո՞վ կբացատրես, որ դու ասեցիր, որ ոչ մեկին չես ճանաչում։ Քեզ նկարները Ղարաբաղում եմ ցույց տվել։ Դու ու Արմանն ասացիք, որ չեք ճանաչում, Ռուստամը ճանաչեց։ 21 օր մնացել եք իրար հետ, նկարներում չեք ճանաչել ձեր զինակից ընկերներին»։

Արթուր Հարությունյանն ասաց․ «Էդ ժամանակ չեմ կարող ասել՝ քանի հարյուր նկար են ինձ ցույց տվել»։ Դատավորը, դիմելով տուժողի իրահավաջորդին ասաց․ «Հարգելիս, բայց դա ի՞նչ կապ ունի․․․ Մարդիկ երեք ամիս անտառներում մնացել են, հիմա դուրս եկեք, մի ժամ էս շոգին կանգնեք, մեր նկարները չեք ճանաչի, երեք ամիս փախեփախ թուրքերի մեջ մնացել են, էս երեխեքը երեք ամիս սկի հաց չեն տեսել, որտեղի՞ց մարդ ճանաչեն, կամ չճանաչեն։ Սթրեսային վիճակի մեջ են եղել։ Նենց բաներ են էս էրեխեքը տեսել, հիմա եկել, իրենցից հաշի՞վ եք պահանջում»։

Տուժողի իրավահաջորդը վրդովվեց՝ ես եմ փրկել իրենց, իսկ իրենք իմ էրեխուն չփրկեցին․ «Իրենք ավելի շուտ են դուրս եկել, իմացել են, որ էնտեղ իրենց զինակից ընկերներից կան, ինչո՞ւ չեն ասել տեղը»։ Արթուր Հարությունյանն ասաց․ «Եթե կարողանայի, կուզեի օգնել, ինչքան տեղեկություն ունեի, տվել էի»։

Տուժողի իրավահաջորդը պնդում էր, որ Արթուր Հարությունյանը ճիշտը չի ասում ու եզրափակեց․ «Մի խոսքով լավ բան չեք արել»։ Նախագահող դատավորն ասաց․ «Գնահատականները հետո, 18 տարեկան էրեխեք են»։

Տուժող Արթուր Հարությունյանի հարցաքննությունն ավարտվեց։

Դատական նիստի հաջորդ հատվածում կհարցաքննվի մյուս տուժողը՝ Կարեն Մանուկյանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031