Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չեմ տեսել որևէ վերք, արյուն, կամ վնասվածք նրա վրա»․ Իշխան Վահանյանի գործով տուժողը՝ նրա մասին

Օգոստոս 11,2023 16:52

«Հոկտեմբերի 10-11-ին գտնվում էինք Հադրութի վերևում գտնվող սարի վրա, երբ հարձակում իրականացվեց մեզ վրա, սկսեցինք հետնահանջ։ Այդ ժամանակ Իշխան Վահանյանն ասում էր, որ վիրավոր է, և ինչ-որ մեքենայով գնում էր։ Ես չեմ տեսել որևէ վերք, արյուն, կամ վնասվածք նրա վրա»,-դատարանի դահլիճում ցուցմունք տալով՝ հայտարարեց Իշխան Վահանյանի գործով տուժող Արթուր Հարությունյանը։ Նա զորակոչվել է 2020-ի հուլիսի 6-ին, ավագ հրաձիգ է եղել։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արցախի ՊԲ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել:

Վահանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը, նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է,  որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

Արթուր Հարությունյանն ասաց, որ Իշխան Վահանյանն այդ ժամանակ գումարտակի շտաբի պետն էր։ Մեղադրող դատախազը մի շարք հարցեր հղեց տուժողին։ Օրինակ՝ մինչև Հադրութ նահանջելը երբևէ լսե՞լ եք, որ սպայակազմից, ձեր գումարտակից որևէ մեկը վիրավորում ստացած լինի, այդ թվում՝ Իշխան Վահանյանը, նա պատասխանեց․ «Եթե ճիշտ եմ հիշում, գումարտակի հրամանատարն էր մահացել։»։ Դատավորը հիշեցրեց՝ գործում նյութեր կան, որ գումարտակի նախկին հրամանատարի զոհվելու ընթացքում նաև վիրավորում է ստացել Իշխան Վահանյանը, նա պատասխանեց․ «Դա չեմ լսել»։

Նա նաև պատմեց, որ տեսնում էին՝ դեպի իրենց մեծ սպառազինությամբ էր գալիս հակառակորդը, և վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը հրամայեց նահանջել։ Դատավորը հարցրեց՝ երբ Հադրութում հանդիպեցիք Իշխան Վահանյանին, վիրակապեր և այլն տեսե՞լ եք, որ տպավորություն լիներ, որ նա վիրավոր է, Արթուր Հարությունյանը պատասխանեց՝ ոչ։

Դատավորը խնդրեց համեմատական անցկացնել՝ ձեր ստորաբաժանման կողմից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ պատերազմի սկզբանական օրերից ձեր սկզբնական զբաղեցրած դիրքերից դեպի Հադրութ նահանջելու և Հադրութի վերևի հատվածում գտնվող սարից դեպի Հադրութ նահանջներից ո՞րն էր ավելի կազմակերպված, նա պատասխանեց․ «Ավելի կազմակերպված էր Հայկազ Գրիգորյանի հետնահանջը։ Իր հետ մեկ այլ սպա էլ կար, հենց պատերազմի ժամանակ էր եկել։ Նա նույնպես բավականին լավ կազմակերպվածություն էր ցուցաբերում, գիշերով էինք քայլում, շատ տեղերում կանգնել ենք, սպասել։ Իսկ մյուս հետնահանջն ընդհանրապես կազմակերպված չէր»։

Հարցին՝ նահանջի հրամանը, որ տվեց Հայկազ Գրիգորյանը, որևէ մեկից հրաման ստացե՞լ էր, տուժողն ասաց՝ հրաման չէր ստացել։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հարցրեց՝ միայն ձեր վաշտով նահանջում եք, մնացած գումարտակն իր դիրքերում է, դուք զինվոր եք, վատ է, որ ձեզ անփորձ հանել են դիրքեր, բայց նահանջում եք, բա ամբողջ դիրքե՞րը, բա մնացած տղեր՞քը, Արթուր Հարությունյանն արձագանքեց․ «Էդ ժամանակ մենք ինչ-որ ձև չէինք մտածում՝ Հայկազ Գրիգորյանն ինքն է որոշել, թե այլ հրաման է եղել։ Մենք հրաման ենք կատարել։ Մենք նահանջել ենք գումարտակով, ոչ թե գնդով»։

Գուրգեն Գրիգորյանը հարցրեց՝ Հայկազ Գրիգորյանն ո՞վ է եղել, որ գումարտակին հրաման տա, վաշտի հրամանատարը կարո՞ղ է գումարտակին հրաման տալ, Արթուր Հարությունյանն արձագանքեց․ «Նահանջել ենք վաշտով, ոչ թե գումարտակով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031