Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնի» նվիրատուն հայրս է, նվիրածն էլ՝ հայրական տունը. Վահագն Հովակիմյան

Օգոստոս 11,2023 16:36

Սովորաբար նախընտրել եմ չանդրադառնալ իմ մասին անհեթեթ և անհիմն հրապարակումներին, կամ էլ բավարարվել եմ հրապարակման հեղինակին պարզաբանում ուղարկելով։

Այս կերպ՝ հրապարակմանը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադառնալու պատճառն այն է, որ խնդրո առարկա նյութը տարածվել է մի քանի լրատվամիջոցներով, որպես ««Ժողովուրդ» օրաթերթից մամուլի տեսություն (armlur.am կայքը, այսինքն նույն ինքը «Ժողովուրդ» օրաթերթը, ևս իր իսկ հրապարակումը որպես մամուլի տեսություն է տարածել): Հրապարակման հիմքում իմ գույքի և եկամուտների հայտարարագրում ներկայացված տվյալներն են, սակայն բուն հոդվածը իրականության խեղաթյուրված ներկայացում է։

Այսպես, հրապարակման մեջ նշված է․ «… իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատվություն ստացած Աջափնյակում գտնվող շինության, հողին ամրակցված անշարժ գույքի և 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել»։ Պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման ու հրապարակման կարգից տեղյակ ցանկացած ոք գիտի, որ պաշտոնյան չի կարող չնշել գույքի ձեռքբերման աղբյուրը, և հայտարարագրում այդ տվյալը միշտ գրվում է։ Ինքը՝ պաշտոնյան չի որոշում, թե իր հայտարարագրի որ տվյալները պետք է հրապարակի ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս գործընթացը կարգավորվում է օրենսդրությամբ։ Եթե պաշտոնյայի հայտարարագրում առկա տվյալը ներառված է պաշտպանված և հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկում, ապա լրագրողները գիտեն, որ կարող են դիմել համապատասխան պաշտոնյային և պարզաբանում պահանջել։ Եթե պաշտոնյան կհրաժարվի, ապա լրագրողը ազատ է գրել իր երևակայած ցանկացած դատողություն։ Բնական է սակայն, որ նշված լրատվամիջոցի ոչ մի ներկայացուցիչ ո՛չ ինձանից, ո՛չ էլ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարից մեկնաբանություն չի պահանջել։

Բայց, եթե «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ինձանից հետաքրքրվեր, թե այս ինչ գույք է, որը նվիրատվությամբ ստացել եմ, ապա կպատասխանեի, որ դա իմ հայրական տան մի մասն է, որը հայրս՝ Միսակ Մնացականի Հովակիմյանը 2020 թվականին նվիրել է ինձ։ Իսկ մյուս մասը նվիրել է եղբորս՝ Հայկ Միսակի Հովակիմյանին։ Հնարավոր հաջորդ հարցը կանխելով նաև կասեի, որ այդ տունը հայրս սկսել է կառուցել 1973 թվականից։

Կպարզաբանեի նաև, որ երկրորդ անշարժ գույքը, որի մասին նշում կա հայտարարագրում, մեր այգում իմ ձեռքով կառուցված զրուցարանն («բեսեդկան») է, իսկ համատեղ սեփականությամբ հողը, մեր տան հողամասից 15 ք/մ մակերեսով մի հատված է, որը տան բաժանմամբ պայմանավորված ժամանակին այդպես է գրանցվել, որպես իմ և եղբորս համատեղ սեփականություն։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, եթե հարցներ, թե 2005-ին հիմնադրված այդ ինչ ՍՊԸ է, որի միակ բաժնետերն եմ հանդիսանում, ապա կպարզաբանեի, որ այն ընտանեկան բիզնես է եղել և 2011 թվականի դեկտեմբերից գործունեությունը կասեցված է, ու այդ տվյալը առկա է ՊԵԿ-ում։ Եթե հարցնեին, թե ինչու կնոջս հայտարարագրում եկամուտների մասին ոչինչ նշված չէ, չնայած անհատ ձեռներեց է, ապա կպարզաբանեի, որ պարզ պատճառով, չնայած կինս անցած տարի է գրանցվել որպես անհատ ձեռներեց, բայց դեռևս գործունեություն չի ծավալել։ Եթե մեղք է գործել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում։

Կարող էին ավտոմեքենայի մասին էլ հարցնել, ես էլ կպատասխանեի, որ այն գնել եմ 2021 թվականի օգոստոսի 23-ին, 2 մլն դրամով, քանի որ որդիս վարորդական իրավունք էր ստացել, և տանն արդեն վարորդ ունեինք։ Ես ինքս ավտոմեքենա չեմ վարում և չեմ էլ սիրում վարել։ «Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել»,- պնդումն ինձ մի փոքր մտահոգեց, որովհետև մինչ այս կարծում էի, որ կյանքս դեռ առջևում է, որ ընդամենը կեսն եմ ապրել։ Ինչևէ, հոդվածագրին քաջ առողջություն և երկար տարիների կյանք եմ մաղթում և հույս ունեմ, որ եթե ապագայում ինքը կամ իր գործընկերներից որևէ մեկն անձիս վերաբերյալ հարցեր ունենա, ապա անձամբ ինձանից պատասխան ստանալու պատվից ինձ չեն զրկի։

ՀՀ ԿԸՀ նախագահ

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031