Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փաստաթուղթն ուղենիշ է, որ եթե իրավական գործընթացները սկսվեն, ինչ ուղղությամբ են գնալու»․ Արա Ղազարյանը՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի զեկույցի մասին

Օգոստոս 11,2023 15:03

«Դա ուղղակի իրավական հետևանք չի կարող ունենալ, քանի որ դա անկախ փորձագետի կարծիք է։ Դա հեղինակավոր իրավաբանի կարծիք է, որն ուղենիշ է, որ եթե իրավական գործընթացները սկսվեն, ինչ ուղղությամբ են գնալու»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ պատասխանելով հարցին՝ ի՞նչ հետևանք կարող է ունենալ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի  զեկույցը, այսպես պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Ըստ նրա՝ այժմ կարող ենք հստակ ասել, որ եթե միջազգային քրեական դատարանը վարույթ սկսի, թեկուզ մոնիտորինգային գործողություններ սկսվեն, արդեն կարելի է ասել, թե ինչ ուղենիշներով են առաջնորդվելու այդ գործընթացները․ «Դա շատ կարևոր փաստաթուղթ է, դրան հետևելու են այլ փաստաթղթեր։ Բոլորը հիմնվելու են հեղինակավոր իրավաբանի կարծիքի վրա, մինչև մենք կստանանք  իրավաբանորեն պարտադրող փաստաթուղթ։ Բնականաբար, ՀՀ-ն էլ դեռ հապաղում է, դեռ տեսնում ենք, որ նախագիծը կառավարությունում է, որը հակասահմանադրական չէ, չի ուղարկվել խորհրդարան, ըստ երևույթին կան արտաքին կամ ներքին ազդակներ, դեռ հայկական կողմը սպասողական իրավիճակում է, ցանկացած ժամանակ կարող է գնալ խորհրդարան, խորհրդարանը վավերացնի, կսկսվի իրավական գործընթաց։ Դա երկար է տևելու, բայց արդեն իսկ այն փաստը, որով սկսվում է իրավական գործընթացը, ապացուցում է, որ մեծամասնությամբ այն, ինչ նշվել է դատախազի որոշման մեջ, առնվազն ճշմարտություն է»։ Ըստ Արա Ղազարյանի՝ այս փաստաթուղթն անուղղակի հետևանք, իհարկե, դեռ շատ կունենա, բայց ուղղակի հետևանք՝ ոչ։

Հարցին՝ կարո՞ղ է միջազգային քրեական դատարանը հետաքննություն սկսել, հենց դատախազն էլ նշել էր, որ կարող է, որովհետև ցեղասպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանություն կատարող անձինք պիտի պատժվեն, նույնիսկ, եթե նրանք սահմանադրորեն ճանաչված կառավարիչներ են, Արա Ղազարյանը  պատասխանեց․ «Միջազգային քրեական դատարանը կարող է վարույթ սկսել, իհարկե, բարդ իրավական գործընթաց է։ Բայց եթե մենք վերցնենք օբյեկտիվ իրավաբանության տեսանկյունից, ապա նվազագույն շեմը բարդ գործընթաց է։ Բայց եթե մենք վերցնենք օբյեկտիվ իրականությունը, ապա նվազագույն շեմը հաղթահարված է, և դրանում, որքան էլ զարմանալի է, ամենամեծ դերակատարությունը հենց Ալիևինն է։ Նա այնքան շատ է իր հետևից թողել ապացույցներ, դեսուդեն է նետում, չի էլ սքողում իր մտադրությունները, բացահայտ հայտարարում է, որ կարող եք վեր կենալ, գնալ այս տարածքից, որ դա արդեն էթնիկ զտման միջազգային հանցագործության սուբյեկտիվ հատկանիշ է։ Եվ այս նոր փաստերի համատեքստում արդեն նաև ցեղասպանությունը սուբյեկտիվ հատկանիշ է․ այն, ինչի վրա շեշտը դրեց դատախազը։ Եթե սովորական հանցագործության հանցակազմերում առավել հեշտ է որսալ օբյեկտիվ հատկանիշ կամ սուբյեկտիվություն, որը մտադրությունն է, տվյալ դեպքում գործ ունենք պետության ղեկավարի հետ, որը բացահայտ հայտարարում է, որ ինքը ռազմական արշավ է իրականացնում և էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում։

Հիմա արդեն Բաքուն կփորձի սքողել, բայց հայտարարությունները կատարվել են, ներկայացվել են դիմումներ, թեկուզ արդարադատության միջազգային դատարանում ատելության խոսքի բաժնում ՀՀ պնդումներում հիմնական դերակատարը Ալիևն է։ Նա այնքան շատ ատելության խոսքի արտահայտություններ է արել էթնիկ հայերի, ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որ այդ ամբողջը հիմք է ինքնին միջազգային քրեական դատարանում։ Հիմա դրան գումարվում է նոր հանցագործություն՝ ցեղասպանություն։ Զարմանալի չէ սա։ Կա ատելության բուրգ հասկացողությունը, որտեղ հիմնական գաղափարն այն է, որ եթե ատելության խոսքի դեմ հասարակությունը չընդվզի, չկանխարգելի, դա գեներացնում է ավելի խիստ աստիճանի բռնություն, որը համակարգային խտրականություն է տալիս, համակարգային խտրականությունն էլ ցեղասպանություն, այն, ինչ իրականացվում է Արցախում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031