Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գրասենյակին «Բացումը» փոխանցեց նամակ եւ Արցախի բնակիչներից հավաքած փաստերի փաթեթ՝ անձնական փաստաթղթեր, տեսաձայնային նյութեր

Օգոստոս 11,2023 15:15

Այսօր «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը Բերձորի միջանցքի բացման եւ հումանիտար բեռների տեղափոխման նպատակով ՄԱԿ-ի գրասենյակին դիմում-նամակ հանձնեց՝ հստակ ժամկետների ներկայացման պահանջով:

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը նախ ընթերցեց դիմում-նամակը, որտեղ մասնավորապես ասված է, որ գնահատում են ՄԱԿ-ի ջանքերը, որով փորձ է արվում կանգնեցնել Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ խնդրում են միջամտել բեռների տեղափոխման համար:

«Ավտոշարասյունը Կոռնիձորի սահմանային հսկողության կետում հույս է ներշնչում, որ իրավիճակի վրա ազդելու ձեր կարողությունները մեծանում են եւ որ մարդիկ Արցախում վերջապես լսելի են ՄԱԿ-ի կողմից: ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար պարոն Նիլս Սքոթի հետ իր հրավերով հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք մեր ակնկալիքները ՄԱԿ-ից, լսել նրա նկատառումները կազմակերպության ձեռնարկած գործողությունների մասին եւ փոխանակել մտքեր հետագա քայլերի վերաբերյալ՝ կանխելու սովը, համաճարակը, մարդկանց առողջության ու կյանքերի խեղումն Արցախում: Համաձայն մեր պայմանավորվածության, այս նամակի հետ ձեզ ենք փոխանցում Արցախի բնակիչների հետ հավաքած փաստերի երկրորդ փաթեթը, որը ներառում է անձնական փաստաթղթեր, պատմություններ եւ այլ տեսաձայնային նյութեր, որոնք ցույց են տալիս շրջափակման ողբերգական հետեւանքները 120 հազար մարդկանց կյանքերի վրա՝ ներառյալ ծերեր, երեխաներ եւ այլ խոցելի խմբեր:

Մենք հույս ունենք, որ այս նամակը կփախանցեք Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակին, ինչպես նախօրոք համաձայնեցրել էինք պարոն Նիլսի հետ մեր հանդիպման ժամանակ: Հաշվի առնելով պարոն Նիլսի խոստումը պարբերական դարձնել մեր հանդիպումները եւ քննարկումները՝ մենք առաջարկում ենք հանդիպել մեր նախաձեռնության անդամների հետ եւ փոխանակել մտքեր՝ հատկապես, որ դուք այցելել եք Կոռնիձոր եւ ականատես դարձել իրավիճակին: Մենք բարձր կգնահատենք մեր գրավոր նամակների պատասխան ստանալը եւ քննարկումները այն մասին, թե ինչու է հումանիտար վիճակը դուրս եկել ռուսական զորքերի վերահսկողությունից, ինչու է օրհասական դառնում միջազգային՝ ՄԱԿ-ի մանդատ ունեցող խաղաղապահների ներկայությունն Արցախում եւ Հայաստանի ու Արցախի կառավարության կողմից պաշտոնական ընթացակարգով դիմում ենք ՄԱԿ-ին՝ Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու առնչությամբ»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամները հորդորում են ՄԱԿ-ին՝ ապահովել քաղաքացիների փոխանցած մարդասիրական բեռների փոխանցումն Արցախ. «Խնդրում ենք նկատի ունեցեք, որ մենք կարեւորում ենք ՄԱԿ-ի միջնորդությամբ Արցախի հայերի հետագա հայաթափման ու ցեղասպանության կանխումը, ահաբեկչությամբ ու ստիպողաբար հպատակեցումը, ինչպես նաեւ Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհի բացումը, դրա անվտանգ անխափան ու անժամկետ գործարկումը հումանիտար ճգնաժամի խաղաղ լուծման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashken Hakopian says:

    Պետք է դուրս գալ աշխսրհի բոշոր երկրների ՄԱԿ ի գրասենյակների առաջ եվ պահանջել միջազգային խաղապահներ Արցախում եվ Լաչինի միջանցքի անհապաղ բացում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031