Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի մի խումբ ակադեմիկոսներ, լրագրողներ, մտավորականներ և ակտիվիստներ նամակ են գրել Իսրայելի նախագահին՝ խնդրելով կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամը

Օգոստոս 11,2023 14:13

Իսրայելցի մի խումբ նշանավոր ակադեմիկոսներ, լրագրողներ, մտավորականներ, րաբբիներ, արտիստներ, գործարարներ և ակտիվիստներ նամակ են գրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ խնդրելով նրան կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամը: Այդ մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը:

Նրանք Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու համար ակնհայտ և իրական վտանգ ներկայացնող հումանիտար լուրջ ճգնաժամի կապակցությամբ խոր մտահոգություն են հայտնել:

«Իսրայելի պետությունը սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի հետ՝ պետություն, որը պատասխանատու է այս ճգնաժամի համար և ունի այն լուծելու կարողություն: Այդ կապերը պարտավորեցնում են Իսրայելի պետությանը հստակ դիրքորոշում որդեգրել, այլ ոչ թե անգործության մատնվել»,- նշված է նամակում:

Նրանք հավելել են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է։

Նամակում ասվում է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարելավվել են, ինչը մեծապես պայմանավորված է զգալի ռազմական աջակցությամբ, որն Իսրայելը ցուցաբերում է Ադրբեջանին, ինչն էլ որոշիչ գործոն է դարձել 2020 թվականի աշնանը ռազմական գործողություններում։

«Իսրայելի կողմից տրամադրված օգնությունը նշանակում է, որ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում՝ չմնալու կողմնակի դիտորդներ, ինչպես նաև դա մեզ տալիս է դրական ազդեցություն ունենալու կարևոր հնարավորություն: Մենք չենք կարող լռել, հատկապես հայ ժողովրդի հետ մեր պատմական ու բազմաշերտ կապի լույսի ներքո։ Ինչպես հրեաների պատմությունը, այնպես էլ հայերի պատմությունը կարող է վկայել քաղաքական արդարացումների մասին, որոնք օգտագործվում են թելից կախված կյանքերի առջև անգործությունն ու ապատիան արդարացնելու համար»,- ասված է նամակում:

Իսրայելցի գործիչները նախագահին խնդրել են՝ անձնական ուղերձով դիմել Ադրբեջանի գործընկերներին և նրանցից պահանջել անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը:

«Սա ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտությունում որևէ կողմ ընդունելու խնդրանք է, այլ պարզապես մարդասիրական կոչ՝ փրկելու վտանգի մեջ գտնվող կյանքեր և ապահովելու տեղաշարժի տարրական ազատություն և կյանքի համար բավարար պաշարներ»,- ասված է նամակում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031