Օգոստոսի 11-ի երեկոյան կկայանա «Հաղթանակ» կուսակցության դրամահավաք-երեկոն, որի ընթացքում կներկայացվեն Երեւանի հետ կապված «Վիկտորի պլանից» որոշ դրույթներ, կքննարկվեն քաղաքային մարտահրավերները՝ լուծելու կուսակցության առաջարկները։
Հանդիպումից առաջ Aravot.am-ը զրուցել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանի հետ:
– Որո՞նք են ձեր ծրագրի առաջնահերթությունները եւ 3 հիմնական մեխերը, որոնց շնորհիվ ձեր ծրագիրը տարբերվում է այլ ուժերի, թեկնածուների ծրագրերից:
– Մեր ծրագրի գլխավոր արժեքն այն է, որ բոլոր առաջնահերթությունները բխում են մեր համաքաղաքացիներին հուզող խնդիրներից: Մենք ցանկանում ենք, որ Երևանը լինի նախ մարդամոտ քաղաք, թե՛ տարածության, եւ թե՛ մարդկային առումով: Երևանի բնակչին, որ թաղամասում էլ նա ապրելիս լինի, պետք է հավասարաչափ հասանելի լինի ամեն ինչ՝ տրանսպորտ, ենթակառուցվածքներ, կանաչ գոտիներ, ջրային գոտիներ, հանգստի վայրեր:
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, երևանցին պետք է ունենա հասանելի և մարդուն մոտ կանգնած քաղաքային իշխանություն:
Հաջորդ կարեւոր կետն այն է, որ Երեւանը լինի հարմարավետ նախ մարդկանց, հետո միայն ՝ավտոմեքենաների համար: Դրանից ելնելով՝ նախատեսում ենք տարբեր ծրագրեր՝ Երևանը հետիոտնային տեղաշարժի համար ավելի հարմարավետ, ազատ եւ նախընտրելի դարձնելու համար:
Մենք ուզում ենք, որ Երևանում տրանսպորտը լինի հասարակական, այլ ոչ թե հակահասարակական։ Դրան է միտված տրանսպորտի ոլորտում համակարգային բարեփոխումների մեր ծրագիրը, որի գլխավոր կետը հետևյալն է՝ Երևանում հասարակական տրանսպորտը պետք է լինի անվճար:
Շատ կարեւորում ենք Երեւանի՝ կանաչ քաղաք լինելը, նախկինում Երեւանը շնչում էր ու մեզ էր շնչելու հնարավորություն տալիս: Նաեւ նախատեսում ենք՝ Երևանի յուրաքանչյուր համայնքում ջրային ավազանների ստեղծում, քաղաքային զբոսայգիների առավելագույն կանաչապատում ու կանաչ գոտիների ավելացում: Երեւանը պետք է լինի գրավիչ ու մրցակցային:
-Դուք հայտարարում եք, որ հասարակական տրանսպորտը պետք է անվճար լինի, որտեղի՞ց այդ գումարը:
-Մենք այդ գումարի տեղն էլ գիտենք, ուղղակի այս պահին փակագծեր չեմ բացի: Ունենք դա իրականություն դարձնելու հստակ ծրագիր: Այս համատեքստում նախատեսում ենք խորը տրանսպորտային ռեֆորմ:
Ի դեպ, պետք է լինի նաեւ սոցիալական հավասարություն եւ համերաշխություն՝ ոչ միայն թղթի վրա, մենք դա էլ ենք ուզում վերադարձնել:
-Տարիներ առաջ, երբ Երեւանի քաղաքապետերից մեկը գումար էր ուզել Կառավարությունից՝ մայրաքաղաքի կարիքների համար, այն ժամանակվա նախագահն ասել էր՝ փողի վրա նստած՝ մեզանից փո՞ղ ես ուզում…Իսկապե՞ս քաղաքապետարանում այդքան գումար է «պտտվում»։
-Հիմա քաղաքապետարանն ավելի շատ է փողի վրա նստած, բայց ավելի շատ է դոտացիա ստանում՝ 10 մլրդ դրամ … Ես չեմ հիշում, որ նախկինում այդքան գումար տրամադրած լինի քաղաքապետարանին, այդ ինչպե՞ս եղավ, որ դա համընկավ նախընտրական տարվա հետ:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ ասել է երեւանցի, հատկապես որ Ձեզ այդպիսին են ընկալում:
-Ինձ համար երեւանցին վարքականոն է՝ նամուսի, թասիբի, շնորհքի, պատասխանատվության, ներքին կուլտուրա ունեցող մարդու…Առաջին հերթին շնորհքի…
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ