Երևանի Բուսաբանական այգում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող «Կյանքի պուրակի» ստեղծման աշխատանքների մեկնարկի համար կառավարությունը 250 միլիոն դրամ հատկացրեց։ Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Որոշման համաձայն, 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրից» 250 միլիոն դրամը վերաբաշխվեց պուրակի շինարարությունը սկսելու համար։
ՏԿԵ նախարարի խոսքով, նախատեսվում է 32 հա տարածքում տնկել 7000 ծառ, մոտ 12 հազար թուփ, կառուցվելու են հանդիպումների հրապարակներ, հիմնական ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճաններ, լճակ և հանգստի այլ գոտիներ։
«Իրականացվել է մրցութային գործընթաց, ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 մլն դրամ։ Աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը»,-ասաց Գնել Սանոսյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով, կատարվելու են նաև ենթակառուցվածքների շինարարության լայնածավալ աշխատանքներ` կաթիլային ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և այլ համակարգեր են անցկացվելու։
«Նախագծային մակարդակում ստացել ենք մի բան, որն իսկապես պատեհ է մեր նահատակների հիշատակը հավերժացնելու և նրանց հարգանքի տուրք մատուցելու այս հայեցակարգին` ապրելով, զարգանալով, ուժեղ պետություն ունենալով»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պուրակում նախատեսվում է տեղադրել կյանքի շարունակությունը խորհրդանշող հուշարձան, որի լուծումները կտան մասնագետները:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ