Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի ԱԽ-ն միակ մարմինն է, որ կարող է քաղաքական պարտադրող փաստաթուղթ ընդունել, պատժամիջոցներ կիրառել»․ Արա Ղազարյանը՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ դիմելու մասին

Օգոստոս 11,2023 12:57

«ՄԱԿ-ի ԱԽ-ն միակ մարմինն է, որ կարող է քաղաքական պարտադրող փաստաթուղթ ընդունել, պատժամիջոցներ կիրառել, որը կարող է ձևավորել որոշակի կոալիցիա տվյալ պետության դեմ»,-հարցին՝ ի՞նչ նշանակություն ունի Լաչինի միջանցքի շրջափակման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելը, «Մեդիա կենտրոնում» «Միջազգային իրավունքը և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել էր Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը։

Արա Ղազարյանը նկատեց՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը թե ինչ եզրակացություն կստանա, դժվար կանխատեսելի է, քանի որ այնտեղ կա որոշումների կայացման մեխանիզմ, որը հակասական է, քննարկվում է տասնամյակներ շարունակ․ «Այն աստիճան, որ նույնիսկ Ֆրանսիան կոչ է արել վետոյի իրավունք ունեցող մնացած չորս պետություններին վետո չկիրառել, եթե ԱԽ մուտք է արվում ցեղասպանության վերաբերյալ դիմում, այն, ինչ արդեն տեղի է ունենում ԼՂ-ում»։

Ըստ Արա Ղազարյանի՝ այն, որ ՀՀ-ն դիմելու էր ՄԱԿ-ի ԱԽ, դա պարզ էր, մինչև հիմա Հայաստանը նախապատրաստական աշխատանքներ էր տանում․ «Ընդհուպ մինչև բեռներն ուղարկելը՝ որպես հումանիտար օգնություն՝ ցույց տալու համար ԱԽ անդամներին, նաև միջազգային հանրությանը, որ եթե միջազգային իրավունքի երկու պատասխանատու սուբյեկտներ կան այդ տարածքում, որոնք վերահսկում են այդ տարածքը, չեն գործում, հետևաբար ստացվում է, որ նրանք մասնակից են ցեղասպանությանը»։

Այն, որ հումանիտար օգնության՝ Արցախ հասցնելու հարցում չունենք դրական արդյունք, Արա Ղազարյանը փաստեց ու ասաց․ «Դա առավելապես մարտավարական քայլ էր՝ կրկին ցույց տալու միջազգային հանրությանը, որ այն սուբյեկտները, որոնք կոչված էին կանխելու ցեղասպանությունը, որ միջազգային իրավունքի երկու սուբյեկտները, որոնք վերահսկում են այդ տարածքը և թույլ չեն տալիս, որ որևէ այլ սուբյեկտներ խառնվեն, ըստ էության այդ երկու սուբյեկտները՝ ՌԴ-ն և Ադրբեջանը իրենք մասնակից են կամ իրականացնում են ցեղասպանություն։ Եթե Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն, ստացվում է, որ ՌԴ-ն մասնակից է»։

Ըստ Արա Ղազարյանի՝ Ադրբեջանի հայտարարությունները, թե կարող է Աղդամի կողմից հումանիտար օգնություն ցույց տալ, սա իրավական առումով նրան մանևրելու տեղիք է տալիս․ «Նա կարծես արդարացնում է, որ կա ճանապարհ։ Դա իրավական գործընթացներում ընդունված մոտեցում է․ մուտքը փակ է, բայց հետնամուտքը բաց, հետևաբար բլոկադայի մասին խոսք լինել չի կարող։ Բայց Ադրբեջանը միայն հայտարարում է, որևէ գործողություն չենք տեսնում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը գոնե իմիտացիա կանի և իր կողմից էլ բեռներ կմոտեցնի, գուցե դա անելու է։ Բոլոր դեպքերում պոզիտիվ պարտականությունը Ադրբեջանի վրա է, որ ինքը մոտենա ԼՂ բնակիչներին, ոչ թե սպասի մինչև բնակիչները մոտենան իրեն, կամ այսպես կոչված գնան Բաքու։ Յուրաքանչյուր պետություն ունի պարտավորություն կոնվենցիայի ներքո կանխելու, կանխարգելելու ցեղասպանությունը և սահմանը, ճանապարհը բացելու։ Բաքուն՝ Ադրբեջանը, դեռ որևէ քայլ չի արել բացի մատնացույց անելուց, որ Աղդամի կողմից սահմանը բաց է։ Պետք է կոնկրետ քայլ անել։ Արդեն իրենց մոտ հիստերիա է, քանի որ հայկական պնդումները ցավոտ են։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի եզրահանգումն էլ տեսանք, որ սլաքներն ուղղում է հենց նախագահի վրա։ Բաքուն պետք է կոնկրետ քայլեր ցույց տա։ Հիմա իրենց կողմից հետնամուտքը բաց է թողնվել, դրանով իրավական առումով փաստարկները թուլացնում են, դա արդեն այդքան իրավական նշանակություն ձեռք չի բերում։ Փաստ է, ֆիքսված է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031