Լրահոս
Օրվա լրահոսը

Oրինակա՞ն է, արդյոք, Գառնիի ավագանու գործունեությունը, երբ խախտվել են ավագանու կազմը ձևավորելու օրենսդրական պահանջները. «Հետք»

Օգոստոս 11,2023 11:10

«Հետք». ՏԻՄ ընտրություններից մեկ տարի յոթ ամիս անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 44-հոգանոց ընտրացուցակում ընդգրկված Գառնի համայնքի ավագանու անդամներից 8-ն արդեն հրաժարվել է մանդատից, 16-ն էլ՝ ինքնաբացարկ ներկայացրել:

Համայնքի ավագանու 15 հոգանոց կազմում ՔՊ-ն ունի 10 մանդատ, 5 մանդատ էլ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն նիստերին ընդհանուր առմամբ մասնակցում է 8 կամ 9 հոգի, որոնցից 3-ը «Հանրապետություն» կուսակցության ցուցակով ընտրվածներն են: Ընդ որում, նիստերին մշտապես մասնակցողներից երկուսը համայնքի ղեկավարն ու իր առաջին տեղակալն են, որոնք միաժամանակ ավագանու անդամ են եւ ներկայացնում են ՔՊ-ն:

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ընտրություններից առաջ համայնքը խոշորացվել էր՝ միավորելով 6 գյուղ՝ Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ: Ընտրություններին մասնակցող երկու կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն», ավագանու կազմը ներկայացնող ընտրացուցակներում նաև այդ գյուղերի բնակիչներից էին ընդգրկել: Կուսակցությունների ստացած քվեները հետևյալ կերպ բաշխվեցին. «Քաղաքացիական պայմանագիրն» ստացավ 65.75% և ունեցավ 10 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 34.21% քվե և ստացավ 5 մանդատ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքից  տեղեկանում ենք, որ մինչև 2023թ. հուլիս ամիսը ՔՊ-ն ներկայացնող ավագանու անդամներից 8-ը հրաժարվել է մանդատից: Ընդ որում, հրաժարումները սկսվել են ընտրվելուց մի քանի ամիս անց՝ 2022թ.-ի առաջին կիսամյակում: Ավագանու անդամներից ևս 4-ը այս տարվա հունիսին է հրաժարվել: Հետևաբար, ՔՊ կուսակցությունը պետք է համալրեր ավագանու կազմը ցուցակում ընդգրկվածներից: Նրանցից 5-ը մերժել է ավագանու կազմում ընդգրկվելու առաջարկը և ինքնաբացարկ ներկայացրել: Ընդհանուր հաշվով, ՔՊ-ի ավագանու 44-հոգանոց ընտրական ցուցակից մինչ օրս ինքաբացարկ է ներկայացրել 16 հոգի՝ չցանկանալով ընդգրկվել ավագանու կազմում:

ՔՊ կուսակցության ավագանու անդամներից մանդատից հրաժարվել են նաև համայնքի կազմում ընդգրկված՝ Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ գյուղերի ներկայացուցիչները: Նրանց փոխարեն այդ գյուղերից ցուցակում ընդգրկվածները նույնպես մերժել են մանդատ ստանալու առաջարկը:

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 130 հոդվածի երկրորդ մասով, որով կարգավորվում է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը, սահմանվում է. «Բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ … »։

Ներկայումս ավագանու 15 հոգանոց կազմում 14-ը Գառնի գյուղից են, մեկը՝ Գողթ գյուղից: Այսինքն՝ օրենքի այս պահանջն արդեն խախտվել է:

Մանդատից հրաժարվածներից երեքը կին են, և ներկայում ավագանու 15 հոգանոց կազմում երկու կին է ընդգրկված, նրանք ՔՊ-ն են ներկայացնում: Ընտրական օրենսգրքի մյուս պահանջն այն է, որ «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»: Գառնիի ավագանու կազմում գերակշռողն արական սեռն է, հետևաբար օրենքի այս պահանջը նույնպես խախտվել է:

Մանդատից հրաժարումներն ու ինքնաբացարկներն ավագանու կազմում սեռերի հավասարությունն ապահովելու առումով ՔՊ-ին վիճակը շտկելու հնարավորություն չեն ընձեռում, քանի որ ցուցակում ընդգրկված մյուս կանայք ինքնաբացարկ են ներկայացրել:

Ավագանու մանդատ ստացած «Հանրապետություն» կուսակցության վիճակը նույնպես բարվոք չէ, ավագանու կազմում 5 մանդատ ստացած այս կուսակցությունը միայն տղամարդիկ են ներկայացնում: Նրանցից մեկը՝ Գարեգին Մարգարյանը, 20 անգամ բացակայել է ավագանու նիստերից: Այսպես՝ 2022թ.-ին ավագանին հրավիրել է 18 նիստ, որից 6-ին է նա մասնակցել, իսկ 2023թ.-ին ընդհանրապես չի մասնակցել նիստերին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե «… նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունվում է համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում … Ավագանին, սակայն, նրա լիազորությունները չի դադարեցրել:

Այսպիսով՝ օրինակա՞ն է, արդյոք, Գառնի համայնքի ավագանու գործունեությունը, երբ խախտվել են ավագանու կազմը ձևավորելու օրենսդրական պահանջները՝ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի կեսը, նաև կանայք համամասնորեն ներկայացված չեն ավագանու կազմում:

Սառա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031