Դիտում եմ Գլենդեյլում հայերի՝ ի պաշպանություն Արցախի ցույցի կադրերը, եւ դրանք ինձ առանձնապես չեն ուրախացնում: Կալիֆոռնիայում, որքան գիտեմ, մոտ մեկ միլիոն հայ է ապրում, եւ ստացվում է, որ դրանցից մի քանի տասնյակն է, որ անհանգստացած է Արցախի հայաթափմամբ: Իրականում, իհարկե, իրենց տներում կամ սոցցանցերում շատերն են մտահոգություն հայտնում, բայց երբ 120 հազար հայրենակից նեղության մեջ է, արժե, երեւի, բարեկեցիկ վայրերում մի փոքր նեղություն քաշել եւ ծախսել սեփական ժամանակից 2-3 ժամ: Հավանաբար, այդ ցույցերը կարելի է ավելի լավ կազմակերպել: Ավելի հավանական է (եւ դա արդեն զուտ հայկական տարբերակ է), որ ա՛յս կազմակերպիչները կամ ա՛յս մասնակիցները հայերի մնացած խմբերին դուր չեն գալիս, եւ այդ խմբերի անդամները պատրաստ չեն իրենց դուր չեկող մարդկանց կողքին կանգնել:
Դե, Երեւանի մասին էլ չենք խոսում: Այս իշխանությունները կարողացել են հայաստանցիներին իրար դեմ լարել եւ որեւէ համատեղ գործողությունների հարցում դեմոտիվացնել՝ արթնացնելով նրանց վատագույն բնազդները: Մի խոսքով, այստեղ էլ մենք հպարտանալու բան չունենք: Ինքնության ճգնաժամ է:
Բայց կա հայերի մի խումբ, որը մեր ազգի պատիվը բարձր է պահում, եւ որը վերջին բոլոր քաղաքական վայրիվերումներում գրեթե միակ հայկական գործոնն է: Խոսքն, իհարկե, նույն 120 հազար արցախցիների մասին է, որոնք արժանապատվորեն են տանում իրենց բաժին ընկած իրապես աներեւակայելի փորձությունները:
Ի՞նչ կարող ենք մենք անել նրանց համար՝ առանձին խոսակցության նյութ է: Բայց այստեղ ես ուզում եմ ասել, թե ինչ կարող ենք չանել: Նախ՝ չխորանալ այն հարցի մեջ, թե այսինչ գործիչը կամ կուսակցությունն Արցախում մեզ դուր է գալիս, իսկ այսինչը՝ ոչ: Եթե արցախցին չի ցանկանում, որ իր երկիրը դառնա Ադրբեջանի մաս ու պատրաստ է դրա համար կրել պատասխանատվության իր բեռը, դա միանգամայն բավարար է, որ մենք այդ մարդուն հարգենք: Մնացած տարաձայնությունները կարեւոր չեն:
Կարդացեք նաև
Կարելի է նաեւ երեսով չտալ, որ արցախցիների մի մասն աշխատավարձ է ստանում Հայաստանի բյուջեից, չկշտամբել, որ նրանք չեն կարողանում անգամ սմբուկ աճեցնել, չմեղադրել, որ նրանք Ռուսաստանի լրտեսներն են կամ, առնվազն, ռուսամետ են (ինչն, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը): Կարելի է նաեւ ժամանակավորապես մոռանալ այն մասին, թե հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ ո՛ր արցախցին ինչ է արել:
Մենք գործ ունենք հերոսական ժողովրդի հետ, որի տոկունությունից ուղղակիորեն կախված է Հայաստանի Հանրապետության գոյություն, իսկ անուղղակիորեն՝ ողջ հայության ճակատագիրը: Հենց դա՛ պետք է լինի վերաբերմունքի մեկնակետը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ գիտցածովս՝ երկու միլիոն են, ԼՕՍի հայ ծագումով ամերիկացիները: Իսկ բնաւ պիտի չզարմանամ եթէ այս մի քանի անձերը, որոնք հիմա ճանապարհ են փակում, խրոխտ զօրակիցներ էին Փաշինյանին, Երեւանի պետական յեղաշրջման ժամանակ: Վերջապէս, ճանապարհ փակելը Փաշինյանի թրէյտմարքն է…
Արցախցիները առնչութեամբ, այո, ամիսներէ ի վեր պաշարուած եւ դիմացող այդ հայերը ուժի եւ ներշնչումի աղբիւր են, Հայոց Պատիւի մարմնացում, մնացեալ բոլոր հայերիս համար: Սակայն դժուար է չազդուիլը այն իրողութիւնից, որ բիւրաւոր արցախցիներ, շատոնց է որ լքած են Արցախը: Անոնցմէ երկուք, *հեղինակաւոր* օրինակներ են՝ անցեալում առասպելական դէմք համարուող Պարգեւ սրբազանը, եւ նախկին նախագահ Բաքո Սահակյանը. որ երկուքն ալ լքել են իրենց պապենական հողերը, լաւ, բայց պէ՞տք է որ այս պահին, բառացիօրէն Փաշինյանի կողքին բազմէին, ուրախ-զուարթ ծափահարէին, Համահայկական Խաղերի բացման հանդէսի հրավառութիւնը վայելելով…
Եւ այս է, արցախցին: Մէկ կողմէն՝ մարդկային, ազգային եւ բարոյական առումներով, իսկապէս բացառիկ, վեհ, հիանալի մարդիկ, միւս կողմէն՝…
Մ. Հայդուկ Շամլեան
Ո՞ր օրվա համար ենք ափսոսում, ո՞ւմ համար ենք պահում հոյակապ գնահատականը: Ի՞նչ գեշ սովորություն է վերապահումներով բաժանել պստլիկ խրախուսական պիտակներ` *տոկուն*, …
Ինչու չասենք, որ Արցախցին մերժված իր իսկ ազգի կողմից միևնուն է կրում է հայության շարունակելիության ծանր շղթան կապելով հայության խորը անցյալը հնարավոր ապագային: Այս պահին անգամ, ամբողջ ՀՀ ԱԳ-նում չգտնվեց մի *մասնագետ*, ոչ մի հոդված չեղավ և ոչ մի օրաթերթում, որտեղ ճիշտ դրվեին շեշտերը Արցախի շրջափակման վերաբերյալ: Դա արեց Արցախցի Արթուր Հարությունյանը` տոկուն, հերոսական, գերխելացի և ավելին:
Մեծ եղբոր տեսքով *խփում ենք* Արցախցու ուսին և ասում` •գիտես, եղբայրս, այսօրվանից մեկնարկում է նոր վերաբերմունքը*: Մեկ ուրիշը անմիջապես զգուշացնում է. *բարոյական ես, սակայն…*:
Էս ազգովի խելագառվե՞լ ենք, թե միշտ ենք եղել այսքան չնչին: Ներկան եկել է այսպես. պատերազմի կրակը վառել ու ապա այն պարտել է տվել հայաստանցի նիկոլը, ու արել դա կամովի, ոչ ակամա: Այն անտրամաբանականը ինչ հետևեց հաստատեց, որ հայաստանցին սկսել է ապրել ու շարունակում է ապրել նիկոլի ինքնահաստատման համար: Այժմ հայաստանցին ընտելանում է ապրելուն ըստ նիկոլի բլոկնոտից բանաձևերի` բարոյականության, տոկունության իջեցված նշաձողերով ՀՀ բնակչի կարգավիճակին: Մենք ուր, Արցախցին ուր. շատ հաց-պանիր պիտի ուտենք որ խոսենք տոկունությունից ու բարոյականությունից: (Հիշում եք. *բա մեզ էդ սարերը պետք են, ամբողջ տարին վրեն ձյուն ա*)
Արցախցիի այս տեսակի բացարձակ իդեալականացումը, չի համապատասխաներ իրականութեան: Դժբախտաբար: Սակայն կը համապատասխանէ արցախցիի այն տեսական պատկերացումին, որ ունինք մնացեալ, ազգասէր հայերս:
Ես ապրած եմ իրենց մէջ, իրենց հետ: Առաջին հարուածը որ Ազգային Հաւատքս ստացաւ, նշեալ պատկերացումին քայքայումն էր՝ որոշ իրականութիւնների պատին խփուելով:
Փաշինյան մը երբեք չէր կարողանար ազատագրուած Արցախը մատնել այս վիճակին, եթէ բաւարար քանակով արցախցիներ գիտակից լինէին իրենց կոչումին, իրենց նշանակութեա՛ն. իսկական յարգն ու իմաստը գիտնային՝ Արցախին:
Այսուհանդերձ, առանց Արցախի՝ ոչ այս Հայաստանը իմաստ ունի՜, ոչ էլ արդէն Հայ Ազգը: Կը կարծեմ թէ այս հաստատումը աւելի արդիւնաւէտ կրնայ հանդիսանալ, քան թէ Արցախի շատ յուզական պաշտպանութիւնը, արցախցիի վիպապաշտ իդեալականացումով:
Աւելցնեմ որ, հազար ափսոս, մեծ է թիւի արցախցիներուն, որ այստեղ ներկայացուցած ըմբռնողութիւնս նշոյլի իսկ չունին, եւ անկարող են ունենալու, Միացեալ Հայաստանի որեւէ այլ մասնիկի վերաբերեալ: Ներառեալ այդ նուազագոյն ու խղճալի մնացորդը որ այժմու ՀՀ-ն է. ալ ուր մնաց, մեր միւս հողերը…
Երեւի Արարատն ալ անպիտան բան է, քանզի ամբողջ տարին վրեն ձյուն ա:
Հայդուկ Շամլեան