Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանի» ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը, նրան կհետևեն Արման Հովսեփյանը և Սոնա Ղահրամանյանը

Օգոստոս 10,2023 22:10

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը, նրան կհետևեն Արման Հովսեփյանը և Սոնա Ղահրամանյանը: Այս մասին այսօր հայտարարվեց ընտրությունների քարոզարշավի իրականացման նպատակով կազմակերպված դրամահավաք-միջոցառմանը:

«Որպես Երևանի քաղաքապետի թեկնածու ուրախ կլինեմ ստանալու Ձեր դրամական աջակցությունը։ Իրականացնելու ենք ստեղծագործ քարոզարշավ և ֆինանսական միջոցների առկայությունը մեզ կօգնի հասնել ավելի մեծ արդյունքի». ֆեյսբուքյան պաշտոնական էջում անոնսել էր Դավիթ Խաժակյանը։

Մեր այն հարցին, թե ինչու են ընտրել քաղաքացիների աջակցման դրամահավաքի տարբերակը՝ Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Կուսակցության հիմնադրման պահից  գործունեության առանցքը եղել են մեր շրջապատի մարդկանց, մեր աջակիցների դրամահավաքները և դրա պատճառը շատ պարզ է՝ մենք չունենք օլիգարխ-հովանավորներ, ովքեր պատրաստ կլինեին մեզ գումարներ հանգանակել և մենք էլ ստիպված չենք լինի մեր ընկերներին անհանգստացնել: Սա ունի նաև իր առավելությունը, ուստի ձևավորած մշակույթը շարունակում ենք կիրառել»:

Մեր ճշտող հարցին, թե գո՞հ են այսօրվա դրամահավաքի արդյունքից՝ Դավիթ Խաժակյանը նշեց, որ հանգանակված գումարները կամփոփվի և դրանց մասին կհայտարարվի վաղը:

Ընտրապայքարի բոլոր թեկնածուներին Խաժակյանը շատ բարձր գնահատեց ու վստահեցրեց, թե ում էլ երևանցին իր քվեն տա՝ իրենք հարգանքով կվերաբերվեն:

Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում իրենց շանսերը, Խաժակյանը պատասխանեց. «Մեր շանսերը պետք է գնահատեն Երևանի ընտրողները սեպտեմբերի 17-ին: Ես կարող եմ գնահատել իմ աշխատանքը վերջին 6 տարիներին, ես եղել եմ ավագանու ամենաակտիվ անդամը և շարունակում եմ ծառայել մեր քաղաքին՝ առանց որևէ անձնական շահի»:

Տեղեկացնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, այսօր՝ օգոստոսի 10-ին ԿԸՀ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությանը» և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչեւ օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Հուլիսի 14-ի դրությամբ Երեւանի ընտրողների թիվը 823 559 է՝ մինչդեռ 2018 թվականին եղել 848 343։ Մինչ օրս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան) կուսակցությունները։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031