Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը երեկ տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին:
Aravot.am-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերան պատմեց, թե կոնկրետ ինչ տեղեկություններ է իրենց փոխանցել Ադրբեջանը. «Ասացին, որ հայրս գտնվում է մեկուսարանի բժշկական բաժանմունքում, վիճակը այս պահի դրությամբ կայուն է, բժիշկների վերահսկողության տակ է, բայց դե մենք շատ լավ գիտենք, որ չի կարող իր վիճակը լավ լինել, քանզի իրեն անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Եթե դեղերով այդ հիվանդությունը բուժվեր, բնականաբար, այդ պայմաններում չէինք տեղափոխի Հայաստան, ինքն իր դեղերը կարող էր եւ Ստեփանակերտում խմել: Ասացին, որ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ եւ 107-րդ հոդվածներով՝ ցեղասպանություն անելու եւ բնակչության տարհանում անելու համար: Աբսուրդ հոդվածներ, երեւի ոչ մի հայ նման հանցանք չի իրականացրել: Նման հոդվածներ անմեղ մի մարդու առաջադրելը բոլոր իրավական նորմերի խախտում է:
Հնարավորություն չենք ունեցել անձամբ խոսելու հորս հետ, իսկ հնարավոր վերադարձի հետ կապված ասում են, որ այս փուլում չենք կարող որեւէ հստակ պատասխան տալ: Մենք միանշանակ պահանջում ենք վերադարձ, քանի որ հայրս ոչ մի կապ չի կարող ունենալ իրենց ներկայացրած այդ հանցանքների հետ: Աշխարհում չի կարող առհասարակ գոյություն ունենալ որեւէ ապացույց, որը կարող է փաստել, որ իմ հայրը կապ ունի այդ հանցանքների հետ: Իրենք ուղղակի վկայություններ ունեն մի երկու հոգու, իբր թե ճանաչել են հորս, բայց բոլորս գիտենք, որ կարող է յուրաքանչյուր մեկը կեղծ վկայություն տալ եւ դա չի կարող համարվել փաստ հորս մեղադրանք առաջադրելու»:
Ադրբեջանի ներկայացրած փաստերի եւ դիրքորոշման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. օգոստոսի 16-ը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան՝ վիրահատման, հուլիսի 29-ին առեւանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել՝ հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ