Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Ձկի ձոր» տանող ռեստորանի ճանապարհին սպանված երիտասարդի քրոջ ամուսինը ևս դաժանաբար սպանվել էր

Օգոստոս 10,2023 20:37

Տեղեկացրել ենք, որ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողության օրը՝ օգոստոսի 5-ին, երբ գյումրեցիները զբաղված էին մոտ 11 հազար հյուրերով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության տարբեր անդամների հետ Գյումրիում էր, ուժային կառույցների ներկայացուցիչներն էլ լարված հսկում էին, որ որևէ միջադեպ չգրանցվի, սպանություն էր տեղի ունեցել Գյումրու «Չերքեզի ձոր» ռեստորան տանող ճանապարհին։

Սպանությունը ծագել էր այդ ռեստորանի երկու աշխատակիցների միջև Գյումրու բարբառի շուրջ։ Աշխատակիցներից մեկը, որը Մասիս քաղաքից է, աշխատել է «Ձկի ձորում», վարձով բնակվել Գյումրիում, սակայն հեգնել է տեղի բարբառը։ Մյուս աշխատակիցը, որը Գյումրիից է, մշտապես նեղվել է․ ընթացիկ խոսակցություններ ծավալվել են բարբառի շուրջ։

Դեպքի օրը գյումրեցի աշխատակիցը շատ է վրդովվել։ Սա նկատելով՝ ռեստորանի մենեջերը նրան տուն է ուղարկել, որպեսզի կրքերը չբորբոքվեն։ Սակայն զրույցը շարունակվել է աշխատանքից դուրս։

Ոստիկանությունն այսօր տեսանյութ հրապարակեց, մանրամասնելով, որ Մասիս խոշորացված համայնքի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս իրեն մասնակի մեղավոր է ճանաչել: Նրա նկատմամբ կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց։

 

Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ «Ձկի ձոր» ռեստորանի երկու աշխատակիցները օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, հիշյալ ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց, շարունակել են վիճաբանությունը, որին միջամտել է ռեստորանի գյումրեցի աշխատակցի՝ Ա․Մու․-ի մտերիմ ընկեր՝ 36-ամյա Ա.Սարդարյանը։ Ի դեպ, տվյալ աշխատակցի եղբայրը ևս մասնակցել է միջադեպին։

Ռեստորանի մյուս աշխատակիցը, որը Մասիս համայնքից է, աշխատանքից հետո հաշիվներ պարզելու է գնացել ռեստորանի մեկ այլ մատուցողի հետ։ Նա նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է գործընկերոջը՝ նրան պատճառելով աջ նախաբազկի վնասվածք, այնուհետ մեկ անգամ հարվածել է Ա․ Սարդարյանի կրծքավանդակի ձախ կեսի միջկողային հատվածին՝ հասցնելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։ Նա այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկել է Ա․Սարդարյանին, ինչից հետո դիմել է փախուստի։

Ա․ Սարդարյանը բնավ կապ չի ունեցել Գյումրու բարբառի շուրջ ծավալված խոսակցության հետ, նա փաստացի անմեղ զոհ է դարձել։

Տեղեկացրել ենք, որ Ա․ Սարդարյանը զբաղվում էր այգեգործությամբ, բնութագրվում է որպես համեստ անձ, բնակվում էր «Ձկի ձորի» մոտակայքում։

Ի դեպ, Ա Սարդարյանի ընկերը Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխվելիս՝ ստել էր, թե վնասվածք է ստացել ռուսական զորամասի մոտակայքում, և որ ռուսները դանակահարել են ընկերոջը՝ Ա․Սարդարյանին։

Մեզ հայտնի դարձավ, որ սպանված Ա․ Սարդարյանը Գյումրիում երկու տարի առաջ իր շենքի բակում, օրը ցերեկով, երեխաների աչքի առաջ դաժանաբար սպանված Ռաֆիկ Մնացականյանի աներորդին էր։

Սարդարյան ընտանիքը երկու տարվա ընթացքում կորցրեց թե՛ փեսային և թե՛ տղային։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Մնացականյանը վենդետայի զոհ էր դարձել հարևանի կողմից։ Նրա սպանության մեջ մեղադրվում է Հրաչյա Թամոյանը։ Այս սպանությունը ցնցել էր գյումրեցիներին։

Ռաֆիկ Մնացականյանը տաքսի էր վարում, մայրաքաղաք տանելու ճանապարհին նրա մեքենան ավտովթարի էր ենթարկվել, ինչի պատճառով Հրաչյա Թամոյանի եղբայրը և հայրը մահացել էին։

Եղբայրը՝ Էմիլ Թամոյանը, աշխատել է ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժնում՝ որպես ավագ օպերլիազոր։ Նա մասնակցել էր արցախյան գոյամարտին ու Շուշիի մշակույթի տանը տեղի ունեցած ռմբակոծությունից կորցրել էր ձեռքը։ Նա Երևան էր մեկնել պրոթեզավորման նպատակով, սակայն ճանապարհների սառցակալված լինելու պատճառով՝ դարձել էր դժբախտ պատահարի զոհ։

Ավտովթարից երկու ամիս անց նրա եղբայրը՝ Հրաչյա Թամոյանը, վրեժ էր լուծել․ Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց, օրը ցերեկով, երեխաների աչքի առաջ կտրելով Ռաֆիկ Մնացականյանի վիզը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031