Վերջին շրջանում լրահոսում ավելի ու ավելի հաճախ է հայտնվում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող 20-ամյա հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի անունը, որը կարճ ժամանակում ներխուժել է WTA-ի 100 ուժեղագույնների ցուցակ եւ տեղ է զբաղեցնում 65-րդ հորիզոնականում։ Էլինան այս տարի զարմացրել է թենիսի մասնագետներին՝ Roland-Garros 2023-ում հասնելով 1/8 եզրափակիչ։
Sportball24.com-ի լրագրողը զրուցել է Էլինայի հոր՝ ծնունդով Արցախից Արարատ Ավանեսյանի հետ, որը, պատասխանելով հարցին, թե ներկայումս տիրող իրավիճակում, երբ բազմաթիվ միջազգային ֆեդերացիաներ հրաժարվում են մուտքի վիզա տրամադրել ռուսաստանցի մարզիկներին եւ չեն ընդունում Ռուսաստանի դրոշը, մտածե՞լ են, արդյոք, Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին, ասել է․ «Ցավոք, աշխարհում ամեն բան հանգիստ չէ, եւ դա անդրադառնում է նաեւ սպորտի վրա։ Իհարկե, լավ կլիներ, որ Էլինան հանդես գար Հայաստանի դրոշի ներքո: Ես դրա համար միայն ուրախ կլինեի։ Բայց Էլինան արդեն հասուն աղջիկ է եւ շատ հարցերում ինքնուրույն է որոշում կայացնում»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ