Օգոստոսի 8-ին Զարուհի Փոստանջյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ ահազանգելով, որ Ն.Զարյան փողոցի 11 և 13 հասցեներում իրականացնում են ապօրինի շինարարություն, ծառահատում են իրականացրել և իր տան պատը քանդել:
Ըստ Փոստանջյանի հաղորդման՝ Ն.Զարյան փողոցի 11 և 13 հասցեներում Վահրամ Ադամյանի կողմից հատվել են կենսունակ ծառեր, այգին վերածել են շինհրապարակի, հողի վերին շերտը փորձ է արվել հանել և հեռացնել տարածքից, փակվել է ընդհանուր օգտագործման մայթը, վնասվել են մայթի տակ գտնվող էլեկտրական լարերը, ստեղծվել է վթարային իրավիճակ Ն.Զարյան, Վրացական և Հր.Քոչար փողոցների շրջադարձի հատվածում:
Տիկին Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ նշված տարածքում բարձրահարկ շենք են ուզում խցկել. «Այդ տարածքի նոր գնորդները եկել են, բերքը վրան հաստաբուն թթենիները քոքահան են արել, կտրտել ու վերացրել: Դեռ չունենալով ոչ մի շինթույլտվություն՝ ծառերը կտրելուց բացի՝ մի քանի օր առաջ սկսել են հողի վերին շերտը տանել, հիմա նաեւ ջարդել են ամբողջ մայթը… մտել են ամբողջությամբ Զարյան փողոց՝ մեքենաների երթեւեկելի մասը, բետոնե բլոկներ են դրել հենց անմիջապես կոմունիկացիաների վրա, վնասել կաբելներ եւ այլն: Մեր պատն են վնասել նաեւ, իսկ այդ պատը պատմական ժառանգություն է, որովհետեւ այն շուտով կդառնա 100 տարեկան: Հիմա ստեղծել են վթարային իրավիճակ, երեխաները, որ շուտով պիտի գնան դպրոց, ընկնելու են մեքենայի տակ, այսինքն՝ պետք է դուրս գան երթեւեկելի մասով անցնեն, իսկ այդտեղ անմիջապես շրջադարձ է: Տարածքը շատ փոքր է, ընդամենը 2500 քմ, այդտեղ հնարավոր չէ բարձրահարկ շենք կառուցել, որովհետեւ կողքին 4 շենք կա ու սեփական տներ են:
Այդ մարդը երեւի մեծ ախորժակ ունի՝ բարձրահարկ շենք կառուցի, եկամուտ ունենա, բայց գոյություն ունեն ստանդարտներ, հնարավոր չէ շենք խցկել այդ փոքր տարածքում: Բայց ամեն դեպքում, նա այնքան վստահ է իր անպատժելիության վրա, որ եկել ու ծառերը հատել է, որի թույլտվությունն էլ չուներ: Նա միայն ուներ իր գնած երկու տների քանդման թույլտվություն, իսկ ինչպե՞ս էր դրան հասել: Նախապես հրդեհել էր, մյուս տան պատուհաններն ու կտուրն էր պոկել, որ ասի՝ անպիտան տարածքներ են ու այդ եղանակով ստացել այդ շինությունների քանդման թույլտվություն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ