«Զարմանալի է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նոր է նկատել Ադրբեջանի քաղաքականությունը եւ հիմա է արձագանքում դրան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով ադրբեջանական քարոզչության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքին։ Հիշեցնենք, որ ԱԳՆ խոսնակը արձանագրել էր, որ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք:
«Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- ասել էր ԱԳՆ խոսնակը։
«ԱԳՆ-ն նո՞ր է արթնացել, չգիտեի՞ն, որ ավելի քան 30 տարի ադրբեջանական ե՛ւ պատմագրության, ե՛ւ քաղաքական խոսույթում այդ հարցը կար, որ Հայաստանն իբրեւ թե «Արեւմտյան Ադրբեջան» է, որ այստեղից գնացած ադրբեջանցիները պետք է վերադառնան։ Դեռ 1992 թվականին նրանք ստեղծել են այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» վտարանդի կառավարություն, այսինքն՝ այստեղից գնացած թուրքերի կառավարություն, եւ վերջերս վերսկսեցին այդ աշխատանքները։ Եվ Ալիեւը շարունակ պնդում էր, որ Երեւանը իբրեւ հին ադրբեջանական քաղաք է, եւ նաեւ իրենք Երեւան կվերադառնան։ Ուստի, զարմանալի է, որ նոր է նկատվել, եւ արձագանքը նոր է հնչում։ Վտանգը իրական է, Ադրբեջանը սպառնում է մեր պետականության իսպառ վերացմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պետական մակարդակով ինչպե՞ս պետք է հակազդի այս քաղաքականությանը, Գրիգորի Այվազյանն ասաց, որ նախ եւ առաջ մենք պետք է պատմագրության միջոցով նրանց հակազդենք։ «Այսինքն՝ պետք է մեր ճշմարտությունը ներկայացնենք, ոչ թե ասենք Ղարաբաղ, թուրքական տեղանուններ օգտագործենք։ Առաջին հերթին պատմաբաններին պետք է օժանդակենք եւ նրանց աշխատություններն օգտագործենք արտաքին քաղաքականության, ինչու չէ, քարոզչության մեջ։
Կարդացեք նաև
Երկրորդ, պետական մակարդակով պետք է դնել ադրբեջանահայ փախստականների հարցը եւ ոչ թե առիթից առիթ բարձրացնել։ Երբ Ադրբեջանում եղավ այս խոսակցությունը, Հայաստանում հերթական անգամ ալիք բարձրացավ, հիշեցինք, որ մենք էլ փախստականներ ունենք, թեեւ Ադրբեջանը չունի փախստականներ։ Նրանց մոտ առավելագույնը ներքին տեղահանված անձինք են։ Եթե նրանք չեն ճանաչել Արցախի անկախությունը, ապա երկրի ներսում տեղաշարժված անձինք չեն կարող համարվել փախստական։ Իսկ Հայաստանից գնացածները 1992 թվականի Ադրբեջանի քաղաքացիության մասին օրենքով ավտոմատ ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն։ Այնպես որ, նրանք իրավունք չունեն փախստականների հարց բարձրացնելու, իսկ մենք առիթից առիթ ենք դրա մասին խոսում։
Առնվազն այս երկու ճանապարհները պետք է օգտագործել՝ քարոզչություն, պատմաբանների փաստերի օգտագործում, ընդ որում, դիվանագետները պետք է ծանոթանան այդ գործերին եւ տարածեն։ Ինչո՞ւ ոչ, պատմաբաններին պետք է հարթակ տրամադրել, որպեսզի նրանք հնչեցնեն այդ հարցերը։ Եվ որպես հակակշիռ՝ փախստականների հարցը պետք է օգտագործել։ Պետք է ասել՝ եթե ուզում եք նրանք վերադառնան, նախ վերադարձրեք ադրբեջանահայությանը, ապահովեք նրանց անվտանգությունը, վերադարձրեք Հադրութից, Շուշիից, Մարտակերտից, Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից տեղահանված հայերին, հետո կխոսենք ուրիշ հարցերի մասին»,- ասաց նա։
Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Հայաստանում ոչ մի «անկլավ» չկա, ոչ իրավական, ոչ պատմական հիմքեր չկան դրա համար։ «Եվ հիմք չկա Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, քանի որ հենց Ադրբեջանն է հրաժարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց։ Եթե Ադրբեջանն ինքը չի ճանաչում դա, ինչո՞ւ պետք է մենք ճանաչենք։ Մենք ուղղակի տեսլական ու ծրագիր պետք է ունենանք, եւ ոչ միայն արձագանքման, այլ նաեւ հարձակման»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ