Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Հարժիս գյուղի բնակիչները, օգոստոսի 10-ին, ժամը 11-ին մի քանի րոպեով փակել էին Մ2 Երեւան-Մեղրի մայրուղու Գորիս-Սիսիան հատվածը։ Բողոքավորները պահանջում էին հստակ նշել, թե երբ են նորոգելու մայրուղուց դեպի գյուղ տանող 6 կմ ճանապարհը։
Հետաքրքիր է, որ մոտ 30 տարի այս ճանապարհը չի նորոգվել, ու արդեն, երբ նախագածային բոլոր փաստաթղթերը պատրաստ էին, հարժիսցիները որոշեցին ճանապարհ փակել: Aravot.am-ի տեղեկություններով՝ Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը մի քանի օր առաջ տեղյակ էր պահել գյուղի բնակիչներին՝ նշելով, որ մի քանի օրից հետո կհայտարարվի մրցույթ՝ ընտրելու համար ճանապարհը նորոգող ընկերությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից Aravot.am-ին տեղեկացրին, որ երբեք Հարժիսի բնակիչների կողմից ճանապարհի վատ վիճակի առնչությամբ բողոքներ չեն եղել։ «Ճանապարհին կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է հիմնանորոգել Տ-8-56, /Մ-2/ – Հարժիս ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 8+000 հատվածը, եւ 2022թ. հուլիսի վերջին հայտարարվել է նախագծերի պատրաստման եւ ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (նշենք, որ մանրամասն նախագիծ իրականացնելու համար ժամանակ է անհրաժեշտ)։ Հիմնանորոգման նախագիծն այժմ առկա է։ Եվ ճանապարհին առնչվող այս ամբողջ գործընթացների վերաբերյալ Հարժիսի բնակիչները շատ լավ տեղյակ են, երբեւէ ճանապարհի հետ կապված որեւէ հարց չեն բարձրացրել, ուստի զարմանալի է այսօր նրանց կողմից կազմակերպված ակցիան»,-նշեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Այս պարագայում զարմանալի էր, որ գյուղացիներն անգամ մի քանի րոպեով կաթվածահար արեցին միջպետական ճանապարհը։ Կարծիք կա, որ ճանապարհ փակելը եղել է ուղղորդված:
Կարդացեք նաև
Ի դեպ, այս տարվա փետրվարին, երբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել էր Հարժիս, գյուղացիները, ի թիվս շատ հարցերի, բարձրացրին նաեւ ճանապարհի նորոգման հարցը։ Մարզպետը դեռ այդ ժամանակ նշել էր, որ խնդիրն ընդգրկված է մարզպետարանի կողմից ներկայացված ու կառավարության կողմից հաստատված հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում, գտնվում է նախագծի կազմման փուլում ու անպայման լուծում կստանա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ