EU NEIGHBOURS east. «Ինձ համար դժվար էր, քանի որ ես չէի սովորել 10 տարի, իսկ իմ նախորդ կրթությունը բոլորովին այլ ոլորտում էր»,- ասում է ուկրաինուհի Օլեքսանդրա Լիսան, ով «EU4Youth» ծրագրի շնորհիվ այս տարի ավարտել է Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղը (Վարշավա, Լեհաստան)։
Օլեքսանդրան Արեւելյան գործընկերության երկրները ներկայացնող մոտ 40 կրթաթոշակառուներից մեկն է, ովքեր ծրագրի երեք փուլերի ընթացքում օգտվել են այս հնարավորությունից:
«Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղում մեր ներկայացրած առաջարկի յուրօրինակությունն այն է, որ Արեւելյան գործընկերության երկրների ուսանողներին մենք սովորեցնում ենք մտածել գիտակարգային շրջանակներից դուրս, որոշակի նախապաշարմունքներից դուրս, ինչպես նաեւ խրախուսում ենք նրանց կառուցել կամուրջներ եւ ավելի լայն հայացք նետել ոչ միայն Եվրոպային, ԵՄ-ին, այլ նաեւ գլոբալ հիմնահարցերին»,- բացատրում է Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի Հաղորդակցության եւ մշակութային ծրագրերի ղեկավար Յակուբ Կուբիցան:
Կարդացեք նաև
Ուսանողները ստանում են եվրոպական միջգիտակարգային ուսումնասիրությունների մագիստրոսական կրթություն՝ կենտրոնանալով ԵՄ ներքին եւ արտաքին հիմնահարցերի, ինչպես նաեւ առանձին թեմատիկ ոլորտների վրա, ինչպիսիք են միգրացիան, թվային եւ էներգետիկ անցումը, ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի համատեքստում ապատեղեկատվության դեմ պայքարը։
Շրջանավարտները նշում են դրա կարեւորությունն իրենց երկրների զարգացման համար, քանի որ հաստատությունը բարձր մակարդակի փորձ է կուտակել հենց ԵՄ ընդլայնման եւ իր հարեւանների հետ ԵՄ համագործակցության հարցերում:
«Իմ կողմից ծրագրին դիմելու պատճառն ինձ ոգեշնչող մարդկանց կողմից ստեղծված ալիքային էֆեկտն էր: Ես ցանկացա ընդլայնել իմ հորիզոնները եւ ձեռք բերել ավելի շատ հմտություններ, որպեսզի կարողանամ վերադառնալ Մոլդովա ու սեփական ներդրումն ունենալ իմ երիտասարդ երկրի եվրաինտեգրման գործում․ երկիր, որի ինտեգրումն այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում առկա անորոշությունը»,- նշում է Յանինա Ջապալաուն Մոլդովայից, ով վեց տարի ապրել է Ռումինիայում եւ այնտեղ ստացել բակալավրի եւ մագիստրոսի կոչումներ։
Ինչո՞ւ է ծրագիրը բացառիկ հնարավորություն տալիս
Գործնականում սա եվրոպական միջգիտակարգային ուսումնասիրությունների 10-ամսյա հետբուհական դասընթաց է, որն առաջարկվում է բուհերի շրջանավարտներին, ովքեր ունեն մագիստրոսի կամ քառամյա բակալավրի կոչում: Գաղափարը տարբեր ոլորտներում ներգրավված մարդկանց համախմբման մեջ է, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, իրավունքը, քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը, լեզվաբանությունը, պատմությունը, լրագրությունը եւ նույնիսկ STEM ուղղվածությամբ պրոֆիլները, ինչպիսիք են բժշկությունը կամ կենսաբանությունը: Հիմնական պահանջը հետաքրքրության առկայությունն է առ եվրոպական հիմնահարցերը (ընդհանուր պատկերացմամբ), Եվրոպական միության գործունեությունը, եվրոպական ինտեգրման պատմությունն ու մեխանիզմները:
Նատոլինի ավարտական արարողություն 2022/2023 թթ: Լուսանկարը՝ The College of Europe in Natolin
Յակուբ Կուբիցա: Լուսանկարը՝ The College of Europe in Natolin
Նատոլինի ավարտական արարողություն 2022/2023 թթ: Լուսանկարը՝ The College of Europe in Natolin
Ինչ վերաբերում է ուսումնական ծրագրի կառուցվածքին, ապա առաջին կիսամյակը ծառայում է ուսանողներին եվրոպական ինտեգրման գործընթացի մասին հիմնարար պատկերացում փոխանցելու նպատակին։ Երկրորդ կիսամյակում ուսանողներն ավելի խորը պատկերացում են կազմում իրենց ընտրած չորս մասնագիտացումներից մեկի մասին՝ «ԵՄ հանրային կապեր եւ քաղաքականություն», «ԵՄ եւ աշխարհ», «ԵՄ եւ հարեւան տարածաշրջաններ», «Եվրոպական պատմություն եւ քաղաքակրթություն»:
«Եվրոպայի քոլեջը հայտնի է իր «սավառնող ֆակուլտետով», ինչը նշանակում է, որ այստեղ դասավանդելու են գալիս հրավիրված գիտնականներ եւ պրակտիկ մասնագետներ Եվրոպայից եւ այլ վայրերից: Ծրագիրը ներառում է երկու ուսումնական այց դեպի ԵՄ եւ նրա հարեւան երկրներ: Ուսանողները ներկայացնում են մոտ 30 տարբեր երկրներ, իսկ կամպուսում անցկացվում են ազգային օրեր՝ օգնելով ծանոթանալ տարբեր մշակույթներին: Այս ակադեմիական ծրագիրը եզակի է՝ համեմատած իմ հարազատ համալսարանի հետ՝ իր միջգիտակարգային մոտեցման եւ ոլորտի փորձագետներից սովորելու հնարավորության պատճառով»,- հավելում է շրջանավարտներից Ցիսանա Նեմսիցվերիձեն, որը ներկայացնում է Վրաստանը։
Գնահատումը կատարվում է տարեկան երկու քննաշրջանների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մոտավորապես հինգից յոթ քննություն: Գնահատումն իրականացվում է ֆրանկոֆոն (բելգիական/ֆրանսիական) 20 միավորանոց համակարգով: Ցիսանայի նշած ուսումնական այցերը եւս նպաստում են ECTS կրեդիտներ ստանալուն:
«Քննությունների ձեւաչափերն ինձ համար բոլորովին նոր էին: Ես նախկինում երբեք բաց գրքով կամ տնային քննություններ չէի ունեցել: Թեեւ այդ ձեւաչափերի բացահայտումը հետաքրքիր էր, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ես դեռ նախընտրում եմ բանավոր կամ փակ գրքով քննությունները»,- ասում է Օլեքսանդրա Լիսան Ուկրաինայից։
Ի վերջո, ուսանողները պետք է գրեն մագիստրոսական թեզ, որը ծավալով ավելի մոտ է բակալավրիատի դիպլոմային աշխատանքին՝ 12000-ից 18000 բառ:
«Մեկ կարեւոր նկատառում ձեր թեզի համար. ընտրեք թեմա, որի վերաբերյալ արդեն ունեք որոշակի գիտելիքներ։ Այդպիսով դուք ժամանակ կխնայեք բոլորովին նոր բան ուսումնասիրելու համար, եւ փորձեք այն սկսել իսկապես վաղ, մի սպասեք մինչեւ երկրորդ կիսամյակը»,- խորհուրդ է տալիս Օլեքսանդրան:
Ակադեմիկոսներ և պրակտիկանտներ գալիս են Նատոլին՝ դասավանդելու Եվրոպայից և նրա սահմաններից դուրս: Լուսանկարը՝ The College of Europe in Natolin
Առցանց ուղիղ եթերում հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Լուսանկարը՝ The College of Europe in Natolin
Նախագահ Գիտանաս Նաուսեդայի վիդեո ողջույնը: Լուսանկարը՝ The College of Europe in Natolin
Կարեւոր բաղադրիչներից մեկը որոշում կայացնողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ համալսարանական գիտնականների հետ մշտական շփումն է: «Դրանից զատ, մենք ունենում ենք մի շարք արտադասային միջոցառումներ: Օրինակ՝ պետությունների ղեկավարների այցելություններ: Հենց այս տարի մենք մեր ուսանողների նախաձեռնությամբ ուղիղ տեսակապ ունեցանք նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ով պատասխանեց նրանց հարցերին: Մեզ իր տեսաողջույնն է ուղարկել նաեւ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Ավելին, մեր կամպուսում հյուրընկալել ենք Չեռնոգորիայի նախագահին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը բացել է ուսումնական տարին», – ասում է Յակուբ Կուբիցան:
Ընդունելության ուղեցույց եւ առավելություններ
2024-25 թթ. ուսումնական տարվա համար առցանց դիմումների ընդունումը կմեկնարկի 2023 թվականի հոկտեմբերին եւ կշարունակվի մինչեւ 2024 թվականի հունվարի կեսը։
Դիմորդները պետք է ունենան մագիստրոսի կամ քառամյա բակալավրի կոչում: Այնուհետեւ թեկնածուները պետք է ներկայացնեն պաշտոնական առցանց դիմում ընդունելության համար: Ամբողջական ուղեցույցը կարող եք գտնել այստեղ, բայց պետք է հաշվի առնել, որ լեզվական պահանջներին համապատասխանությունը կարեւոր պայման է: Աշխատանքային լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը, եւ դիմորդները պետք է ունենան նվազագույնը B2 մակարդակ դրանցից մեկի եւ նվազագույնը B1՝ մյուսի համար:
Երկրների համար քվոտաներ չկան։ Կազմակերպիչները նշում են, որ իրենք փորձում են հնարավորինս բազմազան պահել ուսանողական կազմը։ Ընդունելության ամենացածր տարիքը 21-ն է: «Կարեւոր կետերից մեկն այն է, որ դուք կարող եք դիմել արդեն ձեր ուսման վերջին տարում: Օրինակ, մենք պատրաստվում ենք հաջորդ ուսումնական տարվա համար հայտերի ընդունումը բացել հոկտեմբերին, եւ գործընթացը կշարունակվի մինչեւ հունվարի կեսերը: Այն ուսանողները, ում ուսումնառության վերջին տարին կմեկնարկի 2023 թվականի աշնանը, արդեն գալիք հոկտեմբերին կարող են սկսել դիմել 2024-25 թթ. ուսումնական տարվա համար»,- բացատրում է Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի Հաղորդակցության եւ մշակութային ծրագրերի ղեկավար Յակուբ Կուբիցան։
Ինչ վերաբերում է դիմորդների տարիքային սահմանափակմանը, անշուշտ, «EU4Youth» ծրագիրն ինքնին ուղղված է մինչեւ 35 տարեկան երիտասարդներին: Բայց սա միակ կրթաթոշակային սխեման չէ, որն առաջարկվում է Եվրոպայի քոլեջում: Կախված երկրից՝ Եվրոպայի քոլեջն առաջարկում է մի շարք կրթաթոշակներ, որոնք հասանելի են ԱլԳ երկրների ուսանողների համար:
Այսօրվա դժվարին ժամանակներում երիտասարդները շարունակում են ընտրել կրթությունը՝ հաշվի առնելով դրա ընձեռած հնարավորություններն ու առավելությունները: Բացի բուն դասընթացի կողմից առաջարկվող կրթությունից, գոյություն ունի հզոր ցանց, որն աջակցում է շրջանավարտներին. Եվրոպայի քոլեջը հպարտանում է իր գրեթե 18,000 շրջանավարտներից բաղկացած ցանցով:
«Ըստ մեր ներքին վիճակագրության՝ շրջանավարտների 90%-ն իր առաջին վճարովի պրակտիկան կամ առաջին վարձատրվող աշխատանքը գտնում է ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում։ Իհարկե, քոլեջում գտնվելու ընթացքում ուսանողներին առաջարկվում է մեր կարիերայի մասնագետների հետ խորհրդակցության հնարավորություն։ Նրանց առաջարկվում են մասնագիտական վերապատրաստումներ, եւ մենք նաեւ կապ ենք հաստատում ընկերությունների եւ հաստատությունների հետ»,- ասում է Յակուբ Կուբիցան։
Նա նաեւ նշում է, որ, երբ շրջանավարտները հավակնում են ԵՄ-ի հետ կապված պաշտոնի, հազվադեպ են ստիպված լինում բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպայի քոլեջը: «Ես կասեի, որ Եվրոպայի քոլեջը հստակ եւ ճանաչելի ապրանքանիշ է ոլորտում»,- հավելում է Կուբիցան։
Ընդհանուր առմամբ, Նատոլինի կամպուսի գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում այստեղ Արեւելյան գործընկերության երկրներից գրեթե 340 ուսանող է սովորել։ Իսկ վերջին երեք ուսումնական տարիներին նրանք կարողացել են օգտվել ԵՄ-ի եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից համաֆինանսավորվող եւ Լիտվայի ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (CPMA) կողմից Արեւելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) իրականացվող «EU4Youth III՝ երիտասարդների զբաղվածություն եւ ձեռներեցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող լրացուցիչ կրթաթոշակից։ Կրթաթոշակները ծածկում են ուսման վարձը եւ կամպուսում սննդի ու կեցության ծախսերը։
«Մի՛ վախեցեք դիմել»
Մենք այս տարվա շրջանավարտներին խնդրեցինք կիսվել դիմելու գործընթացի վերաբերյալ իրենց խորհուրդներով եւ ստորեւ ներկայացնում ենք դրանք.
«Այս քայլը կատարելուց հետո դուք նույն սեղանի շուրջ կնստեք ամենալուսավոր ուսանողների, դասախոսների եւ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ձեզ հնարավորություն կտան կիսվել ձեր գաղափարներով եւ քննարկել տեսադաշտում գտնվող թեմաներ՝ ձեզ գործելու վճռականություն հաղորդելու վերջնական նպատակով: Մարդիկ եւ ուսումնական գործընթացը ձեզ կառաջարկեն հստակություն, բայց միեւնույն ժամանակ կստիպեն ձեզ հասկանալ, թե ինչպես վերլուծական ոսպնյակով ամեն ինչ կասկածի տակ դնել»։
Յանինա Ջապալաու (Մոլդովա). ունի երկու բակալավրի (մեկը եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում) եւ մեկ մագիստրոսի կոչում: Մինչեւ Նատոլինում սովորելը մասնակցել է նաեւ «Էրազմուս+» ծրագրին։
«Մի վախեցեք, թող ֆրանսերենի (կամ մեկ այլ բանի) իմացության պակասը չխանգարի ձեզ դիմել: Եղեք հետաքրքրասեր, օգտագործեք այսքան տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ շփվելու եւ լեզուներ սովորելու հնարավորությունը»։
Օլեքսանդրա Լիսա (Ուկրաինա). վերջին կրթական աստիճանը ստացել է 2012 թվականին եւ մինչ դիմելը կարիերա է կառուցել Վիննիցայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում։
«Եթե ցանկանում եք դիմել ծրագրին, իմ խորհուրդը կլինի քրտնաջան սովորելը: Այնուամենայնիվ, մի մոռացեք հավասարակշռել կրթական գործընթացը հասարակական կյանքի հետ: Նատոլինի կամպուսի փորձառությունը եզակի է, եւ այն ընկերները, որոնց ձեռք կբերեք այստեղ, ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում»:
Ցիսանա Նեմսիցվերիձե (Վրաստան). 2019 թվականին ստացել է միջազգային իրավունքի բակալավրի կոչում Թբիլիսիի պետական համալսարանում եւ աշխատել Հանրային ծառայությունների զարգացման գործակալության Քաղաքացիության եւ միգրացիայի բաժնում:
Հեղինակ՝ Օլգա Կոնսեւիչ
Հոդվածը տպագրվել է ուկրաիներեն Tsn.ua կայքում
«EU4Youth» ծրագիրը բոլորովին վերջերս մեկնարկել է ինը ծրագիր՝ ուղղված Արեւելյան գործընկերությունում երիտասարդների զբաղվածության եւ ձեռներեցության զարգացմանը: Ծրագրերն աջակցում են երիտասարդության վրա կենտրոնացած կազմակերպությունների միջեւ ցանցերի եւ գործընկերությունների, ինչպես նաեւ նորարարական գործիքների ստեղծմանը, որոնք ուսումնառության ճկուն հնարավորություններ են առաջարկում երիտասարդներին՝ օգնելով նրանց ինքնուրույն ձեռք բերել նոր հմտություններ եւ գիտելիքներ: Սա կարող է հատկապես օգտակար լինել նրանց համար, ովքեր կարող են ունենալ աշխարհագրական կամ ֆինանսական սահմանափակումներ:
EU NEIGHBOURS east