«Կարծում եմ՝ Ձեր հարցը հռետորական է, որովհետև նախաքննության ժամանակ ես ասել եմ, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ 1971-ից, և այդ թվականից սկսած մենք ընկերներ ենք»,- պատասխանելով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանի հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունեք Բարսեղ Բեգլարյանի հետ, իր դեմ հարուցված «դիզելի գործով» հերթական դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Այս գործով մեղադրյալներ են նաև ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։
Դատախազն արձագանքեց՝ իմ հարցը հռետորական չէր, Ձեր՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները՝ որպես ապացույց դատաքննության ընթացքում չեն հետազոտվել, այժմ Ձեր՝ դատարանում տրված ցուցմունքների հետազոտման ժամանակն է, և պարտավոր ենք էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզել։ Եվ հարցրեց՝ Սերգո Կարապետյանի՝ որպես գյուղնախարար աշխատելու տարիներին ի՞նչ հարաբերություններ եք ունեցել նրա հետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Մինչ Ձեր հարցին պատասխանելը նշեմ, որ դատաքննության ընթացքում մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքն է հայտնել, թույլ տվեք, ես էլ իմ կարծիքը հայտնեմ։ Իսկ Սերգո Կարապետյանի հետ մենք ունեցել ենք զուտ աշխատանքային հարաբերություններ»։
Դատախազն ասաց՝ հավանաբար ծանոթացել եք նաև քրեական գործի փաստաթղթային տարբերակին, բայց, այնուամենայնիվ, հնարավո՞ր է դատական քննության ընթացքում, նյութերի ուսումնասիրման ընթացքում 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզվառելիքի ձեռբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման հաղթող թեկնածուի ընտրության կամ այլ մանրամասներ վերհիշել եք։ Սերժ Սարգսյանն ասաց․ «Ինչ վերհիշել եմ, նախաքննության ընթացքում մանրամասն ներկայացրել եմ»։ Մյուս հարցին՝ արդյոք այդ ծրագրի հետ կապված կոնկրետ հանձնարարություն տվե՞լ եք Սերգո Կարապետյանին՝ հատկապես ընտրության մասնակից ՍՊԸ-ների վերաբերյալ, ՀՀ 3-րդ նախագահն ասաց․ «Ո՛չ, ես Սերգո Կարապետյանին շատ հստակ ասել եմ, որ ծրագրի իրականացումը պետք է լինի ժամանակին և որակով։ Ուրիշ որևէ ցուցում ես նրան չեմ տվել»։
Կարդացեք նաև
Դատախազի հերթական հարցին՝ կարո՞ղ եք վերհիշել՝ Սերգո Կարապետյանը Ձեզ այդ ծրագրի շուրջ զեկուցելիս, որևէ կերպ հայտնե՞լ է, որ նաև «Ֆլեշ» ընկերությունն է ցանկություն հայտնել նշված ծրագրին մասնակցել, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ո՛չ, նա ինձ ասել է, որքանով հիշում եմ, թե ում է վստահել ծրագրի իրականացումը։ Նրան նույնն եմ ասել, որ ծրագիրը պետք է իրականացնել ժամանակին և որակով»։ Դատախազը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է հիշեք, որ ներկայացրած լինի գնառաջարկներ, որ կոնկրետ ընկերությունն ավելի ցածր կամ բարձր գին է ներկայացրել, Սերժ Սարգսյանն ասաց՝ ոչ։
Դատախազը, հղում կատարելով Սերժ Սարգսյանի՝ դատարանի դահլիճում արված հայտարարությանը, թե բոլորին էլ պարզ է՝ ինչով է պայմանավորված Սերգո Կարապետյանի՝ նման ցուցմունքը, հարցրեց՝ հաշվի առնելով նաև Սերգո Կարապետյանի այն ցուցմունքը, որ երբ Ձեզ ասել է, Դուք ասել եք՝ տվեք, թող Բարսեղն անի, իր կողմից նշված «բոլորին հայտնի է» արտահայտությունը նշանակում է, որ Դուք տեղեկությո՞ւն ունեք, թե ինչու է Սերգո Կարապետյանը նման ցուցմունք տվել, թե՞ դա Ձեր ենթադրությունն է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Իմ ենթադրությունը չէ։ Դա դատական ընթացքն է, երբ այն ընկերությունները, որոնք մասնակցելու ցանկություն են հայտնել, այս ամբիոնից ասում էին, որ իրենք ի վիճակի չեն երկու ամսվա ընթացքում 17 հազար տոննա դիզվառելիք ներկրել ՀՀ և վերաբաշխել ամբողջ հանրապետությունով մեկ։ Որևէ մեկը այստեղ քննվածներից չի ասել, որ ինքն ի վիճակի է դա անել։ Դա բավարա՞ր չէ արդյոք, որ ես այդպիսի եզրակացության գամ»։
Դատախազը հարցրեց՝ Սերգո Կարապետյանի հետ թշնամական, ոչ բարյացական հարաբերություններ ունեցե՞լ եք, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ։ Ուստի հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է նա նման ցուցմունք տվել, Սերժ Սարգսյանն այս առիթով ասաց․ «Դա էլ է պարզվել դատաքննության ընթացքում։ Այստեղ նստած գյուղնախարարության վարչության նախկին պետն ասել է, թե Սերգո Կարապետյանն իրեն ինչ է ասել։ Ես չեմ ուզում ուրիշ վկայություններ բերել, բերում եմ միայն այն, որը հնչել է դատական նիստի ընթացում»։
Նախագահող դատավորին հետաքրքրում էր՝ Սերժ Սարգսյանը հիշո՞ւմ է, որ այս ծրագրի իրականացման հարցով Սերգո Կարապետյանի հետ հանդիպում ունենար։ Սերժ Սարգսյանն ասաց․ «Ո՛չ, հատուկ այս ծրագրի հետ կապված ես առանձին հանդիպում չեմ ունեցել։ Կար այսպիսի աշխատելաոճ․ նախարարները պարբերաբար զեկուցում էին հանրապետության նախագահին իրենց ոլորտի գործերի իրավիճակի մասին»։
Դատավորը, հղում կատարելով Սերգո Կարապետյանի այն ցուցմունքներին, թե Բարսեղ Բեգլարյանի հետ հանդիպելուց հետո եկել է Սերժ Սարգսյանի մոտ, Սերժ Սարգսյանը դատարանի դահլիճում ասաց, որ նման բան չի հիշում։ Ու նշեց, որ Սերգո Կարապետյանն ամենայն հավանականությամբ ասել է, որ հանդիպել է Բարսեղ Բեգլարյանի հետ, բայց հատուկ այդ հարցով՝ ոչ։
Նախագահող դատավորը մեջբերեց Սերգո Կարապետյանի ցուցմունքից մի հատված․ «Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ պայմանավորվել է ՀՀ նախագահի հետ, որ ինքը պետք է կազմակերպի ներկրումը։ Հետագայում զեկուցեցի, որ Բարսեղ Բեգլարյանը եկել է մեզ մոտ, որ ծրագրի շրջանակում ինքը կազմակերպի ներկրումը, սակայն մենք հարցումներ ենք արել, և ավելի ցածր գին առաջարկող կա։ Պարոն նախագահն ասաց՝ տվեք, թող Բարսեղը կազմակերպի ներկրումը»։ Դատավորը հարցրեց՝ Սերգո Կարապետյանն ինչո՞ւ պետք է նման բովանդակության ցուցմունք տար, եթե հանդիպումը նման բովանդակության չի եղել։ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի ուզում ենթադրություններ անել․ «Թող դատարանն ինքը անի ենթադրություններ, թե ինչու է Սերգո Կարապետյանն այդպիսի ցուցմունք տվել»։
Այսքանով ապացույցների հետազոտումն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա, օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ