Ի՞նչ են կարդում Արցախում
📚Հայաստանի ազգային գրադարանն արդեն մի քանի տարի է, ինչ կազմում է ամսվա ընթացքում սպասարկված գեղարվեստական և մասնագիտական ամենապահանջված գրքերի տասնյակներ։
2023-ի հունվարից գրադարանը ՀՀ քաղաքային և մարզային գրադարանների հետ համագործակցելով կազմում է նաև մեր երկրի հանրային ու համայնքային գրադարաններում ամսվա ընթացքում ամենաշատ սպասարկված գեղարվեստական գրքերի տասնյակը։
📖Հայաստանի գրքային քարտեզի կազմումը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց ընթերցողական համայնքների կողմից։ Հունիսին գրքային քարտեզին մի նոր գույն ավելացավ, երբ գրքերի շապիկների նկարներով կազմված քարտեզի արևելյան սահմանին գծագրվեց Ստեփանակերտի կենտրոնական քաղաքային գրադարանի գրքապատկերը։
Կարդացեք նաև
📚Օրեր առաջ մեր էջում հրապարակեցինք ՀՀ հուլիսյան գրքային քարտեզը։ Արցախի գրադարաններից լուր չէինք ստացել, և պատեհ չէինք համարում լիակատար շրջափակման մեջ հայտնված արցախյան գրադարաններից սպասարկված գրականության ցուցակ հայցելը։ Արդյոք ունե՞նք իրավունք հանապազօրյա հացի խնդիր լուծող մարդկանցից կարդացած գրքերի ցուցակ ակնկալելու… Եվ իզուր։ Արցախը չի ընկճվել։ Այնտեղ կարդում են։
🔸Այսօր ստացել ենք Մարտակերտի կենտրոնական գրադարանի հուլիսյան տասնյակը։ Մարտակերտցի ընթերցողները նույն հետաքրքրություններն ունեն, ինչ որ Վայոց Ձորի կամ Տավուշի մարզի գրադարանների այցելուները։
📖Արցախցի հայրենասեր տղաներն ու աղջիկները Րաֆֆի և Իսահակյան, Հրանտ Մաթևոսյան և Սերո Խանզադյան են կարդում։ Նրանք էլ, հայաստանցիների պես, կարդում են Ագաթա Քրիստիի քրեական վեպերը և Մարկ Արենի «Անատոլիական պատմությունը»։
📜Արցախյան տասնյակում ընդգրկված գրքերի մեծ մասը Հայպետհրատի, խորհրդային տարիների հրատարակություններ են։ Երբ նորից բացվեն Արցախի դարպասները, պետք է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի գրադարանները նոր լույս տեսած գրքերով համալրելու ուղղությամբ։
Հայաստանի ազգային գրադարան