«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր՝ օգոստոսի 10-ին, այս հանդիպումից բառացիորեն րոպեներ առաջ, ԿԸՀ-ին դիմել է առաջին կուսակցությունը՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»,- այս մասին, այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած «Երաշխավորվա՞ծ է արդյոք Երևանի ավագանու ընտրությունների ազատ ու թափանցիկ լինելը» թեմայով հարցազրույց-ասուլիսի ընթացքում ասաց ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Դիտարկմանը, թե մի շարք կուսակցություններ հայտնել են մասնակցության մասին, սակայն դեռ առաջադրումներ չեն արել, Հովակիմյանն ընդգծեց՝ ավանդույթի համաձայն առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը: «Սովորաբար ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենում հիմնականում վերջին օրը։ Պատճառն այն է, որ կուսակցությունները մինչև վերջին օրն աշխատում են բոլոր փաստաթղթերի և տեղեկանքների վրա, համամասնական ցուցակներում մինչև վերջ կարող է համարների տեղաշարժ լինել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, թե առաջադրումների հոսքը կլինի օգոստոսի 12-13-ին:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում պաշտոնապես գործող 117 կուսակցությունից 71-ի կանոնադրությունը դեռ համապատասխանեցված չէ կուսակցությունների մասին օրենքին: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ բոլոր կուսակցություններին բազմիցս իրազեկել են կանոնադրությունները օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
«Գիտեմ քաղաքական դաշտում հայտնի կուսակցություններ, որոնք ապրիլի դրությամբ չէին համապատասխանեցրել: Այն քաղաքական ուժերը, որոնք լրագրողների փոխանցմամբ հավակնել են, կարծում եմ՝ այս ընթացքում այդ թղթաբանությունն արել են: Ես ՀՀ արդարադատության նախարարի հետ կապի մեջ եմ ու նրան խնդրել եմ հանձնարարել պետռեգիստրին մինչև օգոստոսի 13-ն արտակարգ ռեժիմով աշխատել, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն փաստաթղթերը տանի կանոնադրությանը համապատասխանեցնելու, արտահերթ իրականացնեն այդ աշխատանքները, որ օպերատիվ լինի»,-ասաց Վահագն Հովակիմյանը՝ վստահեցնելով, թե կանոնադրությունների փոփոխություններ կատարելու համար իրավասու մարմիններում որևէ խոչընդոտ չի կարող լինել:
Կարդացեք նաև
Հիշեցմանը, թե իր ԿԸՀ նախագահ նշանակվելու փաստը բազմիցս քննադատվել է՝ որպես ակտիվ ՔՊ-ականի, որը չի կարող պահել անաչառությունը, Վահագն Հովակիմյանը նշեց, թե նման քննադատություն անողները պարզապես տեղյակ չեն ԿԸՀ նախկին նախագահների կենսագրություններից ու քաղաքական պատկանելություններից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կկայանան սեպտեմբերի 17-ին:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ