Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում պետք է մոբիլիզացիա հայտարարվի, բնակչությանը զենք բաժանելն ու նախապատրաստելը ճիշտ քայլ կլինի»․ արցախցի փաստաբան

Օգոստոս 10,2023 13:52

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Ադրբեջանը չի կատարում Միջազգային դատարանի որոշումը եւ շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախը։ Ի՞նչ իրավական կամ քաղաքական լծակներ պետք է օգտագործվեն՝ Ադրբեջանին պարտադրելու կատարել Միջազգային դատարանի որոշումը։

-Միջազգային դատարանի վճիռը չկատարելու համար պետք է միջազգային ներգործության միջոցներ կիրառվեն։ Աշխարհում ընդունված տարբերակը միջազգային պատժամիջոցներն են, այն պատժամիջոցները, որոնք կարող են բացասական հետեւանքներ առաջացնել Ադրբեջանի տնտեսության համար։ Միայն նման պատժամիջոցների կիրառման վտանգը կարող է Ադրբեջանին հետ պահել, ուրիշ այլ միջոց ես չեմ տեսնում։ Կարող ենք հարցին այլ տեսանկյունից էլ մոտենալ՝ ի՞նչ կարող է անել հայ ազգը կամ արցախահայությունը՝ այս հարցի լուծման համար։

-Արցախում պատրաստվում են դեպի Հակարի կամուրջ ավտոերթին։ Ի՞նչ տրամադրություններ են հասարակության մոտ, ի՞նչ կարող է փոխվել դեպի Հակարի երթի արդյունքում։

-Այդ երթն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ այդ երթի կազմակերպման համար դիմել են ռուս խաղաղապահների հրամանատարին՝ Լենցովին։ Եվ գրավոր պատասխան է ստացվել, որ ռուս խաղաղապահները չեն կարող երթն ուղեկցել եւ ապահովել այն մարդկանց անվտանգությունը, ովքեր ավտոբուսներով պետք է դեպի Հակարի կամուրջ գնան։ Եվ այստեղ եւս մեկ անգամ բացահայտվել է այն հանգամանքը, որ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կատարումը չեն կարողանում ապահովել։

Իմ կարծիքով՝ թույլ չեն տա, որպեսզի այդ երթը տեղի ունենա, թույլ չեն տա, որպեսզի այդ ավտոբուսները հասնեն Հակարի կամուրջ։ Այդ ավտոբուսները պետք է անցնեն Շուշի քաղաքի ներքեւի մայրուղու հատվածով, որտեղ էլի ռուս եւ ադրբեջանական զորքեր են կանգնած, որոնք ստուգում են քաղաքացիների անձնագրերը։ Բայց ես կարծում եմ, որ ճիշտ է նման նախաձեռնությամբ հանդես գալը։

Միաժամանակ, Արցախում պետք է մոբիլիզացիա հայտարարվի, բնակչությանը զենք բաժանելն ու նախապատրաստելը ճիշտ քայլ կլինի, որովհետեւ թշնամին, որը նախկինում Արցախի բնակավայրերից միջինում 20 կմ հեռավորության վրա էր, այսօր բնակավայրերից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա է։ Այսինքն՝ բնակչությանը պետք է զենք ունենա՝ իր ընտանիքն ու համայնքը պաշտպանելու համար։ Ընդ որում, անհետաձգելի պաշտպանության մասին է խոսքը, բայց այդ քայլերը չեն նախաձեռնվում, այս պահին բնակչությունը դեռ զինված չէ։

Իշխանությունները ռուս խաղաղապահների վրա են հույս դնում, այլ տարբերակ չկա, այլ զորքեր չկան, բացի Արցախի Պաշտպանության բանակից եւ ռուս խաղաղապահներից։ Ռուս խաղաղապահը դա այն այլընտրանքն է, որը թույլ չի տալիս, որպեսզի առկա իրավիճակն ավելի սրվի։ Այսինքն՝ ռուս խաղաղապահն Ադրբեջանի համար այս պահին քիչ թե շատ զսպող միջոց է եւ կարող է դիտարկվել որպես չարիքներից փոքրագույնը, որպես վատի եւ կործանման միջեւ ընտրություն։ Հիմա մենք ընտրել ենք վատը, այդ վատն էլ ռուս խաղաղապահն է։

-Պարբերաբար շոշափվում է հարցը, որ Արցախ միջազգային խաղաղապահներ հրավիրելու ուղղությամբ պետք է աշխատանք իրականացնել։ Դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս հարցում։

-Եթե ռուս խաղաղապահներն այսօր գտնվում են Արցախում, նրանք չունեն խաղաղապահի միջազգային մանդատ, որեւէ միջազգային փաստաթուղթ չկա, որով ռուս խաղաղապահի ներկայությունն Արցախ կլինի իրավաչափ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը չունի ընդունած օրենք, որով կհաստատվեն ռուս խաղաղապահի գտնվելու ժամկետը, լիազորությունները, պատասխանատվության սահմանը։ Չկա իրավական որեւէ փաստաթուղթ, որով պատասխանատվություն սահմանված կլինի, օրինակ, մենք չգիտենք, եթե ռուս խաղաղապահի ներկայությամբ կրակում են դաշտում աշխատող արցախցու վրա, այդ խաղաղապահը պատասխանատու է, թե՞ ոչ։ Չկա սահմանված պատասխանատվություն, դրա համար այս իրավիճակում ենք։

Իմ կարծիքով՝ Ադրբեջանը չի ընդունելու, որպեսզի միջազգային խաղաղապահը գա ու այստեղ տեղակայվի։ Որպեսզի Ադրբեջանը դա ընդունի, պետք է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրվի՝ պատժամիջոցների տեսքով։ Եթե հենց հիմա էլ այդ ճնշումը գործադրեն, ապա Ադրբեջանը մի քանի քայլ հետ կքաշվի իր դիրքորոշումներից, այսինքն՝ ճանապարհը կբացի, այլ զիջումների կգնա։ Քանի դեռ այդ պատժամիջոցները չկան, ի՞նչ տարբերություն, թե Արցախում որ երկրի խաղաղապահներն են։ Եթե միջազգային լայն ճնշում գործադրվի, ինչ պետության խաղաղապահ էլ Արցախում ներկայացված լինի, հարցը լուծվելու է։

Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռ ոչ մի պետություն առաջարկ չի արել խաղաղապահներ տեղակայելու Արցախում։ Արդյոք միայն Հայաստանի դիմելը բավարա՞ր է՝ միջազգային խաղաղապահներ բերելու համար։ Պետք է առնվազն դիմեն երկու պետություններ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, որպեսզի երրորդ երկիրը միջազգային խաղաղապահ կոնտինգենտ տեղակայի։

-Քաղաքականություն է տարվում Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու ուղղությամբ, ինչպե՞ս եք գնահատում սա։ Արդյոք Արցախը կարո՞ղ է գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում։

-Արցախն Ադրբեջանի կազմում կարող է դիտարկվել, բայց առանց արցախահայության։ Այսինքն՝ Արցախի էթնիկ հայկական հողը կարող է ինչ-որ գործընթացներով, ինչպես Նախիջեւանը, Արեւմտյան Հայաստանը, անցնել այլ պետության, այդ դեպքում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց այդ դեպքում արցախահայությունն այստեղ չի ապրելու։ Այսօր Արցախում այնպիսի տրամադրություններ են, որ արցախցիները Ադրբեջանի հետ չեն ապրելու։

Բավարար աշխատանք տարվո՞ւմ է՝ աշխարհին ներկայացնելու, որ Արցախը էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգի տակ է։

-Արցախի Հանրապետություն հումանիտար բեռ ուղարկելը, այդ բեռների՝ Արցախ մուտք չգործելու շուրջ միջազգային լրատվամիջոցների աշխատանքը կոորդինացնելը, Հայաստանում գործող դեսպաններին, հյուպատոսներին հենց Հակարի կամուրջ բերելը, իրավիճակին ծանոթացնելը լուծում է այն հարցը, որ միջազգային հանրություն այդ եղանակով իրազեկվում է, որ միջանցքը փակ է՝ հակառակ Ադրբեջանի կեղծ լուրերի։ Հայկական կողմն այդ եղանակով կարողացավ բացահայտել ադրբեջանական սուտը՝ կամուրջը բաց լինելու մասին։ Ինչ վերաբերում է ցեղասպանական գործողություններին, այս պահին Արցախում տնտեսական վիճակը շատ ծանր է, ընտանիքներ կան, որ սովորական հաց չունեն իրենց երեխաներին տալու։ Կարելի է ասել՝ բոլորը գործազուրկ են դարձել, բացի պետական աշխատողներից։ Նույնիսկ տրանսպորտ չի գործում, մարդիկ տանը նույնիսկ սովորական աղ ու շաքարավազ չունեն, շատ ծանր տնտեսական վիճակ է, եւ գնալով վիճակն ավելի է ծանրանում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031