Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձը կարևոր շեշտադրումներ էր պարունակում: Հայաստանի Հանրապետությանը, Սփյուռքին, Ռուսաստանի Դաշնությանը, միջազգային տարբեր դերակատարներին հասցեագրված կոչերը, անշուշտ, տեղին էին:
Նշված բոլոր դերակատարները պարտավորություններ ու անելիքներ ունեն և, ակնհայտ է, որ նրանց անգործության կամ ձեռնարկված ոչ բավարար քայլերի հետևանքով է այսօր Արցախն այս իրավիճակում հայտնվել:
Բայց այս իրավիճակում, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, պարտավորություններ, անելիքներ ու ամենակարևորը, պատասխանատվություն ունի առաջին հերթին Արցախի Հանրապետության նախագահը:
Ծանրագույն շրջափակումն ու ներկայիս պաշարումը պահանջում են ճիշտ մշակված ճգնաժամային կառավարում բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական խնդիրների լուծումից մինչև աղբահանություն ու բնակչության տարրական կենսական կարիքների բավարարում:
Կարդացեք նաև
Որքան բարդ է իրավիճակը, այնքան այն ավելի շատ ջանքերի, խելքի ու մտքի գերլարում է պահանջում, դա անվիճելի է: Պահանջում է ուսումնասիրել շրջափակման իրավիճակներում հայտնված երկրների ու քաղաքների փորձը, քննարկել բոլոր տարբերակներն ու առաջարկները, ներգրավվել բոլոր կարող ուժերին ու փորձել գտնել ամենառացիոնալ լուծումները: Պահանջում է մշակված գործողությունների հետևողական ու հաջորդական իրականացում, համակարգային ու թափանցիկ աշխատանք, բացառիկ կարգապահություն ու խիստ մոտեցում նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանի սահմանված կարգը:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն ամիսներ առաջ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահին: Եթե դրանցից մի քանիսն արդեն իսկ իրականացված լինեին, հիմա տեղում մի շարք կարևոր հարցեր կարող էին լուծում ստանալ կամ այսպիսի սուր դրսևորում չունենալ: Մինչդեռ տպավորություն է, որ այս բարդագույն վիճակում ամեն ինչ թողնված է ինքնահոսի:
Եթե հայտարարվում է, որ մեր նպատակը հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարն է, ապա մենք ամեն ինչ, ամեն մի՝ անգամ փոքր ռեսուրս պետք է ուղղենք մեր ժողովրդին այդ նպատակի համար երկարաժամկետ պայքարի պատրաստելուն և ո՛չ միայն պատրաստելուն, այլև դրա համար պայմաններ ստեղծելուն: Վստահ ենք, որ դա հնարավոր է: Մենք միակ ժողովուրդը չենք, որը հանուն արժանապատիվ կյանքի նման զրկանքներ է կրում:
Եթե նախագահի հայտարարած խոսքն իսկապես համապատասխանում է իրական ցանկությանը, ապա պետք է կատարվեին և կատարվեն հստակ քայլեր: Հենց խոսքի և գործողությունների համապատասխանությունն է ցույց տալիս նպատակի իսկությունը: Իսկ երբ հնչում է մի բան, բայց հասկանալի ու տեսանելի գործողություններ չեն արվում այդ հնչած խոսքն իրականություն դարձնելու համար, նշանակում է՝ գործ ունենք իմիտացիայի հետ։
Ուստի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչ ուղիով է տեսնում Արցախի պաշտպանությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակի իրականացումը, ինչ քայլեր են ձեռնարկվելու դրա համար, և չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց։
Հակառակ դեպքում մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և հնարավոր ու անհնար ամեն ինչ անելու ենք` ազատ, անվտանգ, հայկական Արցախ ունենալու նպատակին հասնելու համար։
Արցախի անվտանգության և զարգացման ճակատ