Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչները կարիք ունեն ոչ միայն դասագրքերի, այլեւ մեթոդական ուղեցույցների, փորձի փոխանակման եւ վերապատրաստումների. Ատոմ Մխիթարյան

Օգոստոս 10,2023 12:56

ԿԳՄՍ նախարարությունն օրեր առաջ իրազեկեց, որ հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը: 2023 թվականին ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն:

«Ինձ թվում է, որ ես պետք է արտահայտեմ բազմաթիվ ուսուցիչների կարծիքն այս պարագայում, ինչը տեղին է: Ուսուցիչներն ասում են, որ, ըստ էության, դասագրքերից շատ բան կախված չէ: Նրանք ավելի շատ այդ դասագրքերի կիրառման առումով ակնկալիքներ ունեն:

Դասագրքերն անընդհատ մշակվում, վերափոխվում են, հետո չափորոշիչներ են մշակվում, վերափոխվում, դրանց համապատասխան իբր նոր դասագրքեր են գրվում: Բայց իրականում ուսուցիչները կարիք ունեն իրենք մասնակցելու ամբողջ պրոցեսին եւ ունենալու այն ուղեցույցները, թե ինչպես օգտագործել այդ դասագրքերը, որպեսզի արդյունավետ լինի իրենց դասը, մատուցած նյութը»,-թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը (լուսանկարում):

Նրա խոսքով, հնարավոր չէ միանշանակ ասել՝ դասագրքերը լավն են, թե վատը, արդյունքը կարող ես չափել միայն այն ժամանակ, երբ համապատասխան գիտելիքը, փորձը, հմտությունները ուսուցիչը յուրաքանչյուր առարկայից կարողանում է փոխանցել նոր եկող սերնդին. «Հենց այստեղ է այդ խնդիրն առաջ գալիս, որ դա չափելու գործիքը չունենք: Եվ ինչ է նշանակում որակյալ կրթություն… Ուսուցիչները կարիք ունեն մասնակցելու ամբողջ պրոցեսին եւ ունենալու այն ուղեցույցները, թե ինչպես պետք է օգտագործել դասագրքերը: Արդյոք այստեղ առանցքային նշանակություն ունի՞ դասագիրքը՝ օրինակ` այն, որ հեղինակը այս մասնագետն է կամ այն մասնագետը; Կարեւորն այն է, թե ուսուցիչներն ինչպես են պատրաստված այդ դասագրքերը օգտագործելու առումով»:

Ատոմ Մխիթարյանի ձեւակերպմամբ, որքան էլ դասագիրքը լավը լինի, համընդհանուր եւ ընդգրկուն, միեւնույն է՝ ուսուցիչը տալիս է ավելին, քան դասագրքում եղած նյութը. «Ի վերջո կրթությունը նաեւ այն հարաբերություններն են, այն հմտություններն ու փորձն է, որն ուսուցիչն ունի իր պրակտիկայի ընթացքում ու դասագրքի նյութին զուգահեռ տալիս է նոր սերնդին:

Ըստ այդմ՝ կուզենայի բարձրաձայնել եւ առաջարկություն բխեցնել՝ յուրաքանչյուր դասագիրք ներդնելուց առաջ կամ զուգահեռ անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին դրանք կիրառելու առումով: Երկրորդ խնդիրը, որի մասին ուսուցիչները բարձրաձայնում են, փորձի փոխանակությունն է: Ուսուցիչները կարիք ունեն ոչ միայն դասագրքերի, այլեւ դրան զուգահեռ մեթոդական ուղեցույցների, փորձի փոխանակման եւ վերապատրաստումների: Երբ կարողանանք այս կոմպլեքսն ապահովել, դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել կրթության որակի բարձրացման մասին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031