JAMnews. Հայաստանի միկրոձեռնարկությունները զրկվել են կարևոր արտոնությունից։ Այսուհետ դրանք ստիպված կլինեն յուրաքանչյուր աշխատողի համար վճարել ամսական 20 տոկոսի չափով եկամտահարկ՝ նախկինում գործող ամսական 5000 դրամի փոխարեն: Դա տեղի է ունենում 2023 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի հերթական փոփոխության արդյունքում:
Փորձագետների կարծիքով՝ միկրոբիզնեսի արտոնություններից զրկվելու հետևանքները զգալի կլինեն։ Մասնավորապես, կանխատեսում են աշխատատեղերի կրճատում, աշխատավարձերի չափի նվազում, ստվերային քայլերի աճ ու բիզնեսների գործունեության դադարեցում:
Ինչու տրվեց արտոնությունն ու ինչու վերացվեց
Միկրոձեռնարկատիրության նախկին հարկման ռեժիմը ուժի մեջ էր մտել 2020 թվականի հունվարի 1-ից՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում։ Դրա նպատակն էր ընտանեկան բիզնեսները սահուն փոխարինել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ։
Կարդացեք նաև
Արդյունքում, վերջին 3 տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրությունների թիվը Հայաստանում շեշտակի աճել է՝ անցնելով 35.000-ի սահմանագիծը:
Այս աճի ֆոնին 2022 թվականին ոլորտի պատասխանատուները սկսեցին բարձրաձայնել, թե միկրոձեռնարկատիրության ռեժիմը ներդնելու ժամանակ չէին կանխատեսել, որ գրանցվողների թիվն այդքան մեծ կլինի: Եվ 2022թ.-ի օգոստոսին արդեն կառավարությունը շրջանառության մեջ դրեց հարկային փոփոխությունների մասին օրենքի նախագիծը։ Հենց դրա ընդունումն ի թիվս այլ արտոնությունների վերացրեց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ֆիքսված ոչ մեծ եկամտահարկի գանձման ռեժիմը:
«Ակնհայտ է, որ վերջին կանոնակարգումների արդյունքում նոր ընդունվող աշխատակիցների մի մասը կամ չեն գրանցվի, կամ կգրանցվեն ավելի ցածր աշխատավարձերով, քան ստանում են: Դա կլինի այս փոփոխության առաջին ակնհայտ ռիսկը:
Հաջորդ ռիսկն այն է, որ արդեն իսկ ազնվորեն իրենց աշխատողների ճշգրիտ աշխատավարձերը գրանցած միկրոբիզնեսները կփորձեն աստիճանաբար պակասեցնել արձանագրված աշխատավարձերի չափերը՝ հարկային խնայողություններ կատարելու նպատակով»,- ասում է տնտեսագետ, TEAM2b (ԹիմԹուԲի) խորհրդատվական ընկերության տնօրեն Վլադիմիր Շատվերովը:
Կարևորագույն հետևանքներից, սակայն, փորձագետը համարում է մասնավոր բիզնես-կառավարություն վստահության կորուստը:
«Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների վարձու աշխատողների մասով եկամտային հարկի բեռի վերանայումը նպատակ ունի սահմանել հարկման հավասար պայմաններ»,- JAMnews-ի հարցման ի պատասխան հայտնել են ֆինանսների նախարարությունից:
Հավասարությա՞ն, թե՞ անհավասարության նշան
Փորձագետներին կառավարության կողմից իրականացվող հավասարության ապահովման մեխանիզմն արժանահավատ չի թվում:
«Հավասարության ապահովման նպատակով արժեր մտցնել եկամտահարկի չափի փոփոխությունը, քանի որ այն բոլորը պետք է վճարեն պետությանը: Բայց սրան զուգահեռ պետությունն արտոնություններ է առաջարկում ՏՏ ոլորտին՝ վերջիններիս եկամտահարկը մինչև 5 տոկոս դարձնելու օրենքի նախագծով: Ստացվում է, որ պետությունը՝ զիջելով ՏՏ ոլորտի եկամտահարկը, փորձում է իր կորուստների մի մասը կոմպենսացնել աշխատող ունեցող միկրոձեռնարկատերերի հարկերի հաշվին»,- ասում է Գագիկ Մակարյանը:
Այս կարծիքը կիսում է նաև Վլադիմիր Շատվերովը։ Ասում է՝ հարկային փոփոխությունները բիզնեսի կողմից ավելի ընդունելի կլինեին, եթե դրանք արվեին աստիճանաբար․
«Օրինակ, կարելի էր միկրոձեռնարկատերերի աշխատողների ամսական եկամտահարկը նախ դարձնել աշխատավարձի 5 տոկոսի չափով, երկրորդ տարին՝ 10, երրորդ տարին՝ 15 կամ 20 տոկոսի չափով: Հարկային բեռի աստիճանական ավելացումը բիզնեսին ժամանակ ու հնարավորություն կտար ադապտացվել ներդրվող փոփոխություններին։
Նաև լավ կլիներ, որ որոշակի այլընտրանքային արտոնություններ նախատեսվեին այն բիզնեսների համար, որոնց համար հարկային բեռը կտրուկ ավելանում է»:
Հարցը դիտարկելով միկրոբիզնեսի կարևորության համատեքստում, Գագիկ Մակարյանը նկատում է.
«Միկրոբիզնեսի դերը երկրի համար գուցե հարկերի չափով փոքր է, բայց սոցիալական առումով՝ մեծ: Նրանք ապահովում են զբաղվածություն ոչ միայն իրենց, այլև որոշակի թվով աշխատողների համար։ Այդ կերպ նպաստում են երկրում գործազրկության կրճատմանը: Նրանց աշխատողները որպես գործազուրկ բեռ չեն դառնում պետության համար»:
Համոզված է՝ այս փոփոխությամբ ոչ թե հավասար, այլ անհավասար պայմաններ են ստեղծում միկրոբիզնեսի ու ՏՏ դաշտում աշխատողների համար․
«Մենք անհավասար վիճակներ ենք առաջացնում տնտեսության ճյուղերի միջև: Եթե խոսքը տնտեսվարողների միջև հավասար պայմաններ ստեղծելու մասին է, ապա այդ դեպքում ինչո՞ւ են ՏՏ ոլորտում բացառություն անում: Այս առումով ես տրամաբանություն չեմ տեսնում կառավարության գործողությունների մեջ»:
Գայանե ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: