«Հետք». Չարենցավան համայնքի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Աննա Բալյանը այս տարվա հունիսի 14-ին հրաժարվել է մանդատից: Նրա մանդատը փոխանցվել է ցուցակում ընդգրկված տղամարդկանցից մեկին, քանի որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած ավագանու 81 հոգանոց ընտրացուցակի 22 կանայք ինքնաբացարկ էին ներկայացրել դեռևս 2022թ. նոյեմբերին՝ մանդատները ստանալու օրը: Չարենցավան համայնքի ավագանու կազմում ՔՊ-ն 11 մանդատ ունի, որից երեքը կանայք էին ստանձնել: Վերջին բացարկից հետո այս խմբակցության կազմում երկու կին կա:
2022թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ավագանու համամասնական կարգով ընտրություններին Չարենցավան համայնքում մասնակցել է երեք քաղաքական ուժ: Ներկայում 27 հոգանոց ավագանու կազմում երեքն են կին, ևս մեկը ներկայացնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն ավագանու կազմում 2 մանդատ ունի:
Ամենամեծ թվով մանդատ ստացած քաղաքական ուժը՝ «Միասնական համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է համայնքի երկարամյա ղեկավար Հակոբ Շահգալդյանը, ստացել է 14 մանդատ: Բոլոր մանդատները տրվել են տղամարդկանց, քանի որ դաշինքի 51 հոգանոց ցուցակում ընդգրկված բոլոր 16 կանայք ԿԸՀ-ում գրանցվելու նախօրեին ինքնաբացարկ են հայտնել:
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջն է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր եռյակում մեկ կին ընդգրկված լինի: Ընտրացուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը (Ընտրական օրենսգիրք, 83-րդ հոդվածի 4-րդ մաս):
Կարդացեք նաև
«Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ն կանանց համար քվոտաներ սահմանելու ջատագովներից է եղել: Կազմակերպության նախագահ, womennet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանն ասում է, որ երբ այդ երևույթներն ի հայտ եկան, իրենք փորձեցին պատճառները պարզել՝ զրուցելով և՛ կուսակցությունների ղեկավարների, և՛ ինքնաբացարկ ներկայացրած կանանց հետ: Նրանք, հիմնականում, համոզիչ փաստարկներ չունեին, թե ինչու են կանայք հրաժարվում մանդատներից, որից կարողանային հետևություններ անել:
«Մեր փորձագիտական գնահատականն այն էր, որ պատճառները պետք է փնտրել քաղաքական ուժի կայացվածության մեջ։ Որքանով է կայացած տվյալ քաղաքական ուժը, և որքանով են կանայք ներգրավված կուսակցական գործունեության մեջ։ Եկանք այն եզրակացության, որ, ըստ էության, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կանանց ընդգրկում են ավագանու ընտրացուցակում, քանի որ Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելու պարտադիր պահանջներից է»,- հայտնեց Թ. Հովնաթանյանը:
Քաղաքացիական հասարակությունը շարունակում է լուծումներ փնտրել և քննարկումներ է իրականացրել պետական կառույցների հետ: Արդարադատության նախարարությունը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների մեծ փաթեթ է ներկայացրել, որտեղ ներառվել է նաև նրանց առաջարկը:
ՀԿ-ների առաջարկով օրենսգրքի 141 հոդվածի 6-րդ և 8-րդ մասերում նոր նախադասություն է ավելացվել. «Եթե ընտրական ցուցակում նվազ ներկայացված սեռի թեկնածուներ չկան, ապա այդ մանդատը մնում է թափուր»։
Թամարա Հովնաթանյանը համոզված է, որ այս փոփոխությունից հետո կուսակցություններն ամեն ինչ կանեն, որ կանայք մնան ընտրացուցակում, հակառակ դեպքում կկորցնեն իրենց մանդատները։
Սառա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: