Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Քիմի հետ, որի ընթացքում քննարկել է Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բայրամովը զրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանը «դիտավորյալ կերպով լարում է իրավիճակը տարածաշրջանում և խոչընդոտում է խաղաղության գործընթացին»: Նա ընդգծել է, որ իրենց համար անընդունելի է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունները», ինչպես նաև այն, որ Հայաստանը հրաժարվում է «դուրս բերել իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից» և «միջամտում է երկրի ներքին գործերին»:
Բայրամովը նաև ասել է, որ «Հայաստանը շարունակում է սադրանքներն Ադրբեջանի կողմից իր տարածքում տեղադրված «Լաչին» անցակետի նկատմամբ», սակայն «չնայած դրան, մեր երկիրը պայմաններ է ստեղծում երկու ուղղություններով ծագումով հայ բնակիչների տեղաշարժի համար»:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև ասել է, որ չնայած բեռների տեղափոխման համար Աղդամ-Ստեփանակերտ և այլ այլընտրանքային երթուղիներ օգտագործելու իրենց առաջարկին՝ «հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում բեռների տեղափոխման հարցում և հրաժարվում է բեռներ տեղափոխել այդ ճանապարհներով»: Դա, ըստ Բայրամովը, «ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական կողմի հայտարարությունները «շրջափակման» և «հումանիտար իրավիճակի» մասին քաղաքական շահարկումներ են»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ