ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները հերթական բողոքի գործողությունն են իրականացրել՝ շրջափակված Արցախի խնդրի մասին ոչ միայն իրազեկելու նպատակով, այլեւ կոնկրետ քայլեր են ակնկալում:
ԱՄՆ-ում բնակվող լրագրող Արթուր Սահակյանը ուղիղ եթերում ներկայացրել է դրվագներ այդ գործողություններից: Մեր հայրենակիցները փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին: Նրանք հանդիպում են պահանջում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, քանի որ համոզված են, որ նա կարող է իր ազդեցությունը գործի դնել ի նպաստ Արցախի:
Բրբանքի քաղաքապետը կրկին հանդիպել է Ադամ Շիֆի գրասենյակի մոտ նստացույց անող հայերին, եւ իր աջակցությունն է հայտնել նրանց՝ մասնավորապես ասելով. «Երբ ձեր սիրտը կոտրված է, նշանակում է՝ իմն էլ է կոտրված»: Տեղական լրատվամիջոցները լուսաբանել են հայերի բողոքի ցույցերը:
Կարդացեք նաև
«Եթե ինքը (Ադամ Շիֆը-Գ.Հ.) 10 րոպե ժամանակ չունի մեզ հետ հանդիպելու, ուրեմն մենք կասկածի տակ ենք դնում իր անկեղծությունը, իրեն քվեարկած ժողովուրդն է այստեղ… Սա համահայկական պահանջ է, կուսակցական ձեռնարկ չէ, ինքը պետք է հանդիպի մեզ հետ»,-ասաց ցուցարարներից մեկը՝ ընդգծելով, որ Արցախում մարդիկ սովի մեջ են, իսկ նրանց գլխին կախված է ցեղասպանության վտանգը:
Ավել ուշ ցույցի մասնակից Դավիթ Մնացականյանը տեսանյութ է հրապարակել և ուղիղ եթերում հայտնել, որ Ադամ Շիֆը պատրաստ է հանդիպել հայերի հետ եւ լսել նրանց պահանջները։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ