Լրահոս
Օրվա լրահոսը

Թե բա քննիչները, ոստիկանները լվացին, մաքրեցին հետքերը, որ ոչ մեկը չլինի, հա՞. մոռացեք, չկա նման բան. Սամվել Միրզոյան

Օգոստոս 10,2023 11:13

Արարատի քննչական վարչության շենքի 3-րդ հարկից, նախնական վարկածով, ապրիլի 27-ին դուրս նետված ու տեղում մահացած Միսաք Պողոսյանի մահվան հանգամանքները քննում է ԱԱԾ-ն: Դեպքի հաջորդ օրը Պողոսյանի հարազատները բացառում էին փախուստի դիմելու մտադրությամբ պատուհանից դուրս նետվելու հանգամանքը՝ պնդելով, որ դրդապատճառ է եղել, միգուցե դրդել են: Հարազատներն այսօր կատարվածի մասին չեն խոսում, խոսում է մահացածի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Միրզոյանը:

«Ես այդ դեպքի առաջին վայրկյաններից այնտեղ եմ եղել, երբ որ այդ մարդու դին դեռ սառած չէր: Ես իրեն տեսել եմ այն վիճակում, որ ոչ մեկը չի տեսել, այդ վիճակը պահպանեցի մինչեւ դատաբժշկի գալը: Պահանջեցի քննիչներից, որ հանցագործության հետքերը պահպանվեն, նկարներ, նկարահանումներ կան, ամեն ինչ կա: Խնդիրը միայն այն է, որ դեպքի վայրի տեսախցիկների ձայնագրությունների պահանջ, թե՛ ես, թե՛ ԱԱԾ-ի քննիչը ներկայացրել ենք, որ ձայնագրությունները ներկայացնեն, դեռ տեղեկություն չունեմ, ներկայացրե՞լ են, թե՞ ոչ: Այն, ինչ ձեզ ասել են հարազատները, թե մահից հետո արյունը շուտ լվացել, հետքերը թաքցրել են, այսինքն՝ միտում կա ինչ-որ տեղ համոզմունք ստեղծելու, որ դիտավորությամբ հանցագործության հետքեր են կոծկել, թե բա քննիչները, ոստիկանները լվացին, մաքրեցին, որ ոչ մեկը չլինի, հա՞, մոռացեք, չկա նման բան: Ես տեսել եմ այդ արյան հոսքը, սառած արյունը… այնքան ժամանակ մինչեւ Միսաքին մոտեցել է դատաբժիշկը, փաստել է մահը, տեղափոխել են հատուկ մեքենայով, որից հետո, քանի որ դեպքի վայրը տեղի բանկի հենց ուղղակի աստիճանների կողքին էր, որտեղով հազարավոր մարդիկ են գնում, գալիս․․․ հետո՞ բա դա բանկի բակ էր: Նկարահանելուց, ֆիքսելուց, ամեն ինչ անելուց հետո դեպքի վայրը մաքրել են, արյունը մնում էր, ի՞նչ լիներ»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Սամվել Միրզոյանի խոսքով, ինքը մահացածի հարազատներին էլ է ասել, որ ինքը օբյեկտիվ ճշմարտության կողմնակից է ու արհեստական մեղավորներ, մեղադրյալներ չի փնտրելու. «Չեմ էլ ծնի նման մարդկանց, բայց ով որ մեղավոր է, պատասխան է տալու օրենքի ամբողջ խստությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031