Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հնարավորություն կա՞ Երևանում հասարակական տրանսպորտը դարձնել անվճար»

Օգոստոս 10,2023 11:21

«Հաղթանակ» կուսակցության նախագահ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի ինստագրամյան գրառումը

Մեր հաշվարկների և վերլուծությունների համաձայն՝ հնարավորություն կա Երևանում հասարակական տրանսպորտը դարձնել ԱՆՎՃԱՐ: Ավելին, մենք համարում ենք, որ այն պե՛տք է լինի ԱՆՎՃԱՐ: Մենք ունենք դա իրականություն դարձնելու հստակ ծրագիր։

«Հաղթանակ» կուսակցության ծրագրի համապատասխան կետը ենթադրում է հասարակական տրանսպորտի ոլորտի արմատական և ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բարեփոխում. սա ունի նաև սոցիալական բաղադրիչ:

Այս բարեփոխումը, որը կլինի պիլոտային, կխթանի, որպեսզի հասարակական տրանսպորտը դառնա գերակայող փոխադրամիջոց, այսինքն՝ բնակչության ավելի լայն խավեր նախընտրեն օգտվել հասարակական տրանսպորտից, անկախ իրենց սոցիալական վիճակից։ Այն նաև կնպաստի քաղաքի կենտրոնը ավտոմեքենաներից բեռնաթափելուն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Անվճար ոչինչ չի լինում

Եթե որևէ ծառայություն մատուցվում է՝ լինի կրթություն, առողջապահություն, թե տրանսպորտ, ապա դրա վրա կատարվում են ծախսեր. ուսուցիչը, բժիշկը, վարորդը պետք է վարձատրվեն: Բացի աշխատավարձից, նաև այլ ծախսեր կան. առողջապահության համար՝ բժշկական սարքավորումներ, դեղորայք, տրանսպորտի համար՝ մեքենաներ, վառելիք և այլն, որոնք երկնքից չեն ընկնում:

Եթե հայտարարվում է, որ այսինչ ծառայությունն անվճար է, դա պարզապես նշանակում է այդ ծառայության համար վճարում են ոչ թե այդ ծառայություններից օգտվողները, այլ բոլորը, իրենց վճարած հարկերով:

Դրա համար պիտի լինի հասարակական կոսնսենսուս: Օրինակ, եթե երեխաների կամ հաշմանդամություն ունեցողների համար տրանսպորտն անվճար է, նշանակում է հասարակությունը (ենթադրվում է) համաձայն է նրանց համար վճարել:

Բայց արդյո՞ք համաձայն կլինեն բոլորի համար վճարել:

Չի բացառվում: Ուղղակի պետք է նկատի ունենալ, որ պետական կամ համայնքային բյուջեից (այսինքն՝ հասարակության գրպանից) որևէ ծառայության համար վճարելը՝ նշանակում է ավելի քիչ գումար ունենալ այլ բաների վրա ծախսելու համար (բարեկարգում, ճանապարհաշինություն և այլն): Որովհետև բյուջեն անսպառ չէ:

Վերադառնալով սկզբին՝ ասեմ, որ եթե որևէ մեկը հայտարարում է, որ երկրում այսինչ ծառայությունը լինելու է ամբողջությամբ անվճար, դա կարելի է լիարժեք ճիշտ համարել, եթե նա պատրաստվում է սեփական գրպանից վճարել դրա համար: Այ դա կլինի տարբերվող և իրապես անվճար, թե չէ բյուջեի հաշվին որևէ բան «անվճար» դարձնելը մեծ հերոսություն չէ:

Իհարկե, դա էլ անվճար չի, բայց գոնե այն մարդիկ, ում նման բան են խոստանում, չեն վճարի:

Հ.Գ. – Անկեղծ լինեմ, գրառմանս առիթն այն էր, որ իմ լավ բարեկամ Վիկտոր Մնացականյանը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ խոստացել է տրանսպորտն անվճար դարձնել:

Բայց գրառմանս ընդհանուր նպատակն այն է, որ մեր հայրենակիցները «անվճար» բառին ՄԻՇՏ վերապահումով մոտենան՝ անկախ նրանից, թե դա հնչում է մե՞ր կողմից, թե՞ այլ քաղաքական ուժերի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031