Կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ քաղաքականության մեջ որեւէ քայլի արդյունավետությանը կարելի է գնահատել այն իրադարձություններով, որոնք հաջորդում են այդ քայլին:
Օրինակ, եթե 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո «խաղաղության դարաշրջանի» մասին հայտարարությունները, Սեւ լճի համար կռվելուց հրաժարվելը, Գորիս-Մեղրի ռազմավարական ճանապարհի հատվածները հակառակորդին հանձնելը խաղաղություն եւ անվտանգություն բերեր ՀՀ-ին եւ Արցախին, ապա հնարավոր կլիներ ասել, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն այս հարցերում արդյունավետ է եւ արդարացված:
Բայց այդ բոլոր «խաղաղասեր» քայլերին հետեւեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հերթական ագրեսիան, որի արդյունքում զոհվեց 224 հայ զինծառայող եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից պակասել է 139 քառակուսի կիլոմետր: Այդ իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ վերոհիշյալ քայլերը սխալ էին:
2022 թվականի հոկտեմբերին եւ 2023 թվականի մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: (Կարելի է, իհարկե, խաբել, որ նման բան հայտարարել էին նաեւ Հայաստանի նախկին ղեկավարները, բայց դա տվյալ դեպքում կարեւոր չէ): Կարեւոր է պատասխանել հետեւյալ հարցին՝ ներկայիս ղեկավարի այդ հայտարարությունները հանգեցրե՞լ են որեւէ դրական արդյունքի, թե՞ ոչ: «Բարի կամքի» այդ դրսեւորմանն ի պատասխան՝ Ադրբեջանը դադարեցրե՞լ է Արցախի շրջափակումը, դո՞ւրս է եկել ՀՀ ինքնիշխան տարածքից: Եթե ոչ՝ ուրեմն այդ հայտարարությունները չարժեր անել:
Կարդացեք նաև
Փոխարենը ես կարող եմ նշել այդ հայտարարությունների բացասական հետեւանքները: Ցանկացած միջազգային շփման ժամանակ՝ լինի դա պետական, թե հասարակական մակարդակով, երբ հայկական կողմը խոսում է Արցախի ժողովրդի աղետալի վիճակի մասին, այդ բողոքները լսողը, եթե նույնիսկ մեր հանդեպ ամենաբարյացակամ կերպով է տրամադրված, պատասխանում է մոտավորապես հետեւյալը. «Այո, այն, ինչ տեղի է ունենում Արցախի հայերի հետ, սարսափելի է: Բայց չէ՞ որ հենց ձեր ղեկավարն է ընդունում, որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է: Հետեւաբար, նա ընդունում է նաեւ, որ այդ տարածքում այդ երկրի իշխանությունը կարող է անել այն, ինչ ճիշտ է գտնում»:
Ես, բնականաբար, կողմ եմ պրագմատիզմին: Եթե արվում է ինչ-որ, թեկուզ ոչ պոպուլյար քայլ, որը բերում է իրավիճակի բարելավմանը, այդ քայլը ճիշտ եմ համարում: Բայց եթե հետեւանքները չհաշվարկելով՝ դու պարզապես կրակում ես ոտքիդ, դա պրագմատիզմ չէ: Դրան պետք է այլ անուններ փնտրել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի խմբագիր,
“Կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ քաղաքականության մեջ որեւէ քայլի արդյունավետությանը կարելի է գնահատել այն իրադարձություններով, որոնք հաջորդում են այդ քայլին:”
Հատկապես քաղաքականության մեջ non sequitur եւ post hoc ergo propter hoc տիպի տրամաբանական սխալները հանգեցնում են եզրակացությունների, որոնք չեն դիմանում որեւէ քննադատությանը: Այն պարզ պատճառով,
որ մի կողմի յուրաքանչյուր գործողություն առաջացնում է բազմաթիվ կողմերի պատասխան գործողություններ: Եվ, հետեւաբար, արդյունքն ավելի քան մեկ պատճառի հետեւանք է` բազմաթիվ գործոնների փոխազդեցության արտահայտություն: Սա տրամաբանության օրենքների տեսանկյունից է, անկախ անձնական նախասիրություններից եւ հույզերից:
Ոչ մի տրամաբանական սխալ այս խմբագրականում չկա: Ամեն ինչ տրամաբական է շարադրված, եւ պատճառահետեւանքային ակնհայտ կապը կարող են ժխտել միայն նիկոլական Նիմար աճպարարները: Անկախ այն բանից, թե մեր մեծարգո պարոնը ապուշ է, թե դավաճան, թե երկուսը միասին՝ նա ակնհայտորեն կատարել է եւ կատարում է քայլեր, որոնք էլ հենց պատճառ են հանդիսացել ներկայիս աղետի: Լատինական աճպարարությամբ ու «բազմաթիվ գործոնների» հիշատակությամբ արդարացնել ազգակործան պատուհասին չի հաջողվի: Ոչ ոք իրեն չէր խնդրել գնալ սեպարատ բանակցությունների իր «կիրթ ու կառուցողական» յոլդաշի հետ, սկսել իր դավաճանական զրոյական կետից, պատերազմ հրահրել՝ պարտվելու ու Արցախի «բեռից» վերջապես ազատվելու ակնկալիքով, ցնդաբանել «խաղաղության դարաշրջանի» մասին, թշնամուն հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ ու վերջապես՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը…
Իսկապէս հետաքրքրական է: Գիտակից հայերուն մօտ, յանկարծ, պրագմատիզմը միաձուլուեցաւ ազգային գաղափարաբանութեան հետ: Թող լինի պարզապէս «առարկայական դաշինք», ոչինչ, դա էլ աւելի լաւ է, քան թէ այդ երկու հոսանքների միջեւ անցեալում տիրող «խուլերի երկխօսութիւնը»:
Սակայն այս հայկական հրաշքին գինը, շատ թանկ եղաւ…
Յ.Գ. Մինչեւ այն ատեն որ Փաշինյանը չի ժխտում Արցախի հայերի ինքնորոշման իրաւունքը, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը էական խնդիր մը չէ: Այս հանգրուանին, նոյնիսկ հասկնալի է – թէկուզ միաժամանակ, նաեւ անհանդուրժելի, քանի որ այս հանգրուանը ստեղծողը, այդ ճանաչումը կատարող միեւնոյն անձն է – :
Հետեւաբար, այդ ուղղութեամբ իր խօսքերը բանաձեւելը որպէս ընդունում՝ որ Արցախը վերջնականապէս մաս կը կազմէ Ադրբեջանին, մարտավարական վիճելի մօտեցում մըն է: Ներքաղաքական նկատառումներով, մենք զմեզ վնասել է: Եւ արդէն դրանից օգտւում է Ռուսաստանը, որպէս կոպիտ պատրուակ, *արդարացնելու* համար իր այլապէս յստակ թերացումը, իր ստորագրած զինադադարի պայմանագրի հիման վրայ:
Փաշինյանի բուն թերացումը, որ կարելի է կոչել գոնէ չակերտեալ * դաւաճանութիւն *, ժամանակը չօգտագործելն է՝ վերականգնելու եւ զօրացնելու համար Բանակը:
Մ. Հայդուկ Շամլեան
(1) Նիկոլը վախենում է նույնիսկ օգտագործել «ինքնորոշում», «Արցախ» բառերը: Ինչպե՞ս կարող է այդ պարագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը էական խնդիր չլինել: Մարդը բացեիբաց ասում է՝ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, թող գնան բանակցեն Բաքվի հետ, Աղդամով առեւտուր անեն, մի խոսքով՝ «ինտեգրվեն» իրեն դահիճների հետ: Եւ սա խնդիր չէ՞…
(2) Ինչ վերաբերում է Ռուսաստանի «թերացմանը», ապա այդ մեղադրանքը այդքան էլ արդարացի չէ: Ռուսներին մեղադրելը իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե չլինեին Նիկոլի հակահայկական եւ հակառուսական բազում եւ շարունակական «թերացումները»՝ թե Արցախում, թե Հայասատանի այլ մասերում: Հիմա եթե մենք մինչեւ հիմա հանդուրժում ենք Նիկոլին ու Արայիկին՝ ռուսնե՞րն են մեղավոր: Էս 5 տարվա մեջ Պուտինն ու Լավրովը մեռան մեզ հասկացնելով, աչքով-ունքով անելով, թե ինչ է պետք եւ ինչ պետք չէ անել: Չլսեցինք, չհասկացանք, հեշտորեն ընկանք նիկոլական հակառուսական հիստերիայի մեջ, ոմանք նույնիսկ Ուկրաինայի վկաներ դարձան…
(3) Չակերտներ հաստատ պետք չեն: Այդ բառը բոլոր առումներով՝ եւ բարոյական, եւ գաղափարական, եւ իրավական, լիովին համապատասխանում է մեր ամբաստանյալի նողկալի կերպարին: Թշնամու կամակատար մեծարգո դավաճանին իշխանության են բերել Բանակը կազմաքանդելու, այլ ոչ թե վերականգնելու եւ զօրացնելու համար…
(1) Ուզում էի ասել, թէ դա էական խնդիր չէ, յաջորդ իշխանութեան համար: Եթէ մինչ այդ Արցախը դիմանայ – կամ Ռուսաստանն ալ զայն չլքէ – :
(2) Զինադադարի պայմանագրի նկատմամբ Ռուսաստանի թերացումը դժուար է արդարացնել: Եթէ չէին ուզեր, թող Փաշինյանին հետ չստորագրէին այդ պայմանագիրը: Թերացումը նաեւ շատ վտանգաւոր խաղ մըն է, տարածաշրջանում հենց Ռուսաստանի շահերի տեսանկիւնից: Անկարողութեան – խիստ մտահոգիչ – ապացոյց մըն է: Իսկ ամէն դէպքում, Հայաստանի մէջ Ռուսաստանի խնդիրը հակառուս հայերը չեն, այլ Ռուսաստանի հաւատարիմ հոսանքների ահաւոր տկարութիւնն է, անզօրութիւնը: Այդ ալ, պէտք է որ Ռուսաստանի նախատեսէր, կանխէր, սրբագրէր. Սարգսյանի վախտ:
(3) Այդ բառը առանց չակերտների սկզբնապէս գործածողները, քանի որ այդ հիման վրայ փաստօրէն չկարողացան ձերբազատուիլ Փաշինյանից, նախընտրելի է որ զայն այդպէս չգործածէին: Իրենց դէմ գործեց այդ մարտավարութիւնը, դա արդէն բացայայտ իրականութիւն է: Այդ մեղադրանքով՝ աւելի պատճառ, եռանդ եւ մղում տուին Փաշինյանին, որ՝ վերընտրուի, եւ սաստկացուցին Փաշինյանի *քաւութեան նոխազ*ի հանգամանքը, որ բարեացակամութեան աղբիւր հանդիսացաւ շատ մը հայերի համար. որոնք կ’ուզէին որ Փաշինյանը արտաքսուի քաղաքական դաշտից, բայց ոչ թէ՝ կախաղան բարձրանայ – ըսելու ձեւ – բոլորին մեղքերին համար, մինչ մնացեալները պիտի մաքուր դուրս գային այս ամէնից: Ժողովուրդը տգէտ է, բայց անխելք չէ:
Հրաշքներ, ինչպես հայտնի է՝ չեն լինում. «գիտակից» հայերի «պրագմատիզմը» իրականում միաձուլվել է Նիկոլի ռուսատյացության հետ: Իսկ ազգային գաղափարախոսությունը նրանց համար եղել եւ մնում է «կեղծ կատեգորիա»…
Ապագա պետական ծառայողը պետք է ունենա իր մասնագիտության մեջ հաջողության պատմություն, որը կհաստատեն նրա կոլեգաները, հաջողակ մարդուն վախեցնել թե կաշառել հնարավոր չի, բայց դա կարելի է անել բարձր ամբիցիաներով միջակության հետ: Ես օրինակ առանց նշույլ անգամ կասկածելու քաղաքապետ, վարչապետ թե նախագահ կընտրեի Տիգրան Մանսուրյանին, հանճարեղ մարդն ու պրոֆեսիոնալն իր շուրջն անպայման կհավաքի իր նման հանճարեղ մարդկանց ու պրոֆեսիոնալներին’ պետությանը եւ ազգին ծառայելու, որոնք բարձր պատիվ կհամարեն ու մեծագույն հաճույքով իրենց մասնագիտական գործը կանեն եւ ազգին էլ կդաստիարակեն իրենց նման բարձր բարոյականության ու պրոֆեսիոնալության չափանիշներով: Եկեք ընտրենք ազգի կողմից հարգված մարդկանց կամ առաջնորդվենք նրանց ընտրությամբ, նրանք իրենց Խոսքի հանդեպ պատասխանատվություն են զգում: Մեր ազգի հոգու եւ ոգու, խելքի եւ ուժի ընտրանին պետք է իր ընտրությունը բարձրաձայնի: Ում կընտրի Տիգրան Մանսուրյանը, ես էլ նույն ընտրությունը կկատարեմ: