«Եվս մեկ ամիս նորից սպասեք, ինչքա՞ն. հեսա արդեն երեք տարի է լրանում: Ամեն անգամ իրենց փիառի, սեւ խաղի, չգիտես՝ ինչ ծրագրերի համար, ծնողներին էլի քաշ-քաշ են անում: Ինչքան պատկան մարմին կա, բոլորի միտքը նույնն է՝ մի ամիս էլ սպասեք, 20 օր էլ սպասեք: Այսինքն՝ ինչը ծախել, ծախել են, ինչը՝ չէ, տեսնեն էլի մինչեւ ինչքան կարող են ձգել, հետո նոր այդ ժամանակ կմաքրվեն, կգնան։ Էն ժամանակ էլ թե տղերքը որտեղից պիտի տուն գան, Աստված գիտի: Ոչ մեկը չի աշխատում, հարմար նստել են իրենց աշխատասենյակներում ուղղակի գնում են աշխատանքի, աշխատավարձ են ստանում, մեր նման ծնողներին էլ ամեն օր էսօր ու վաղն են անում»,- մեզ հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասից անհետ կորած զինծառայողներից Վարդան Ադոյանի մայրը:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ վերջին հանդիպմանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ երեք ամիս առաջ էլ էր Աբազյանն ասում՝ մի ամիս սպասեք. «Ասում էր՝ ժողովուրդ, մի ամիս էլ սպասեք, լավ է լինելու: Էս հանդիպմանն իրեն հիշեցրինք իր ասածները, ասաց՝ ես նման բան չեմ ասել: Ծնողների հեռախոսները հավաքում են, ծնողները չունեն ձայնագրելու ոչ մի ձեւ, դրա համար չեն կարողանում ապացուցել, թե իրենք ինչ են խոսում, խոստանում»:
Վարդան Ադոյանի մայրը, վկայակոչելով ադրբեջանցիների տարածած տեսանյութերը, պնդում է, որ քիմիկների զորամասի անհետ կորածները ողջ են, իսկ ինչու Ադրբեջանը չի հաստատում նրանց՝ գերի լինելու հանգամանքը, ըստ մեր զրուցակցի. «Ուրեմն թուրքը ինչ-որ մի բան ունի ուզելու, որ նրանց նույնիսկ չեն էլ հաստատում որպես գերի»:
Մեր հարցին՝ «Կարմիր խաչին» դիմե՞լ են, ի պատասխան ասաց. «Ի՞նչ կարմիր խաչ: Կարմիր խաչի ձեռի տակից չտարա՞ն Վագիֆ Խաչատրյանին: Ինչի Կարմիր խաչ գոյություն ունի՞, քննչական գոյություն ունի՞, դատարան գոյություն ունի՞: Դատարանում արդեն երեք տարի է Մակարյան Անդրանիկին ու փախուստի դիմած հրամանատար Արսեն Աբգարյանի դատն է հլը գնում ու գնում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ