«Այս իշխանությունները փորձում են Երեւանի ավագանու ընտրությունները վերածել շոու- փառատոնների, որ մոռացության տրվեն այն բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր ունենք Արցախի ու ՀՀ գոյության հետ կապված: Մեզ խաբում են, թե հանձնելով՝ խաղաղություն ենք բերելու, մեզ պառակտում են՝ համոզելով, թե «հայաստանցի» ու «ղարաբաղցի» պառակտումը կարող է փրկել Հայաստանը։ Մեզ ասում են՝ Արցախը տանք, որ Հայաստանը պահենք։ Մենք դեմ ենք այս ամենին, մենք օգտագործելու ենք բոլոր հարթակները եւ հնարավորությունները, որ այս իշխանության քթից բերենք այն շոուները, որ ուզում են կազմակերպել»,- այսօր «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքի ժամանակ ասաց դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը:
Նրա խոսքով՝ «Մայր Հայաստանը» խնդիր է դրել իրականացնել իշխանափոխություն եւ դրա մեկնարկը տրվել է ավագանու ընտրություններով. «Խնդրում եմ՝ յուրաքանչյուրդ եղեք մեր շտաբի պետը, մեր վստահված անձը, տեղամասային պատասխանատուն եւ հիշեք ամենահաղթող կարգախոսը՝ ո՞վ, եթե ոչ ես, երբ՝ եթե ոչ հիմա։ Ես այս պրոցեսում չեմ մտնում քաղաքապետի կամ ավագանու մանդատի համար, այս պրոցեսում ներդնելու եմ ամեն ինչ, որովհետեւ հասկանում եմ՝ եթե մենք երկիր կորցրինք, ոչ մի նշանակություն չի ունենա՝ ով, որտեղ է աշխատում։ Հետեւաբար, հայտարարում եմ՝ ես վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատը եւ մասնակցում ավագանու ընտրություններին հանուն իշխանափոխության։ Կա՛մ ԱԺ կվերադառնանք որպես իշխանություն, կա՛մ իշխանությունն այնտեղ այլեւս անելիք չպետք է ունենա։ Զինվեք մարտական տրամադրությամբ, պատրաստվեք պայքարի եւ հիշեք՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը յուրաքանչյուրիս անելիքն է։ Միացիր, որ հաղթենք, միացիր, որ փոխենք, եւ մենք անպայման կունենանք հաջողություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ