«Մենք սերունդներին թողնում ենք արժանապատվությունից զրկված, նվաստացած Հայաստան: Ճշմարտությունն ամբողջական, փաստարկված բացահայտված է, թե ովքեր են եղել այս չարիքի, այս ողբերգության նախաձեռնողներն ու իրականացնողները»,- այս մասին այսօր «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ ասաց դաշինքի շտաբի պետ Ռուբեն Հակոբյանը: Հիշեցնենք, որ շարժումը Երեւանի առաջիկա ավագանու ընտրություններին մասնակցելու է դաշինքով:
Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ հիմնադիր հավաքին ներկաներից ոչ մեկը չէր մտածի, որ երեք տարի առաջ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո կգա ժամանակ, որ կասենք՝ այդ պայմանագիրը լավն էր, ոնց չմնաց. «Կրկնում եմ՝ խայտառակ պայմանագիր էր, որովհետեւ այն, ինչ կատարվեց կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո՝ շատ ավելի դաժան ու շատ ավելի խայտառակ էր: Պատերազմում կա՛մ հաղթում են, կա՛մ պարտվում են: Մեր պարտությունը դարձավ շարունակական, որովհետեւ պարտության տարած մարդը մնաց իշխանության: Աշխարհում չկա այդպիսի նախադեպ, որ այդպիսի խայտառակ պարտության տանող ղեկավարը շարունակի ղեկավարել պետությունը: Նույնիսկ Հիտլերը, որը դաժան պարտության մատնեց Գերմանիային, այնքան արժանապատվություն ուներ, որ ինքնասպանություն գործեց… Մենք երեւի արժանի էինք, որ էսպես լիներ, կներեք… Հայաստանը կարող է փրկել փողոցը, ձեր, մեր գլխավորությամբ, ու մենք ենք մեղավոր, որ փողոցն ամբողջապես չի կարողացել ոտքի կանգնել, որ Հայաստանը փրկենք նրանցից»:
Հակոբյանի խոսքով՝ ավագանու ընտրությունները միջոց են իշխանափոխության, որովհետեւ, քանի դեռ մեզ նվաստացրած, դաժան պարտության մատնած մարդու ստորագրությունը կա մեր կենսագրության վրա, մենք միշտ պարտություն ենք կրելու:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ