Գյումրիում 4 տարբեր ընկերություններ՝ թե՛ տեղի և թե՛ դրսի, բազմաբնակարան շենքեր կառուցելու հայտեր են ներկայացրել քաղաքապետարան։ Այս մասին մեզ տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Նա նշեց, որ ներդրողների հետաքրքրությունն այս պահին Գյումրու բնակարաշինական ոլորտի հանդեպ է։ Ներդողները տարածքի հետ կապված փնտրտուքի մեջ են, նրանք հիմնականում ցանկություն ունեն բնակարանաշինություն սկսել քաղաքի կենտրոնական հատվածներում։
Չի բացառվում, որ տարածք գնեն մասնավորից, թեև այս հարցում օգնում է նաև քաղաքապետարանը․ առաջարկներ է անում։ Այս պահին քաղաքի ճարտարապետը նպատահակահարմար չի գտնում այլ մանրամասներ հայտնել, քանի որ նախագծերն անգամ հաստատված չեն։
Հիշեցնենք, որ այս պահին երկու տարբեր ընկերությունների կողմից բազմահարկ շենքեր են կառուցվում, երկուսն էլ Շիրակի մարզպետարանի դիմաց գտնվող Հանթսմանի անվան թաղամասի հարևանությամբ։
Կարդացեք նաև
Շենքերից մեկը կառուցում է «Պրոմ Գրուպ» ընկերությունը, մյուսի շինարարը գյումրեցի Հովհաննես Տոնոյանն է, որը նախընտրել է սև և սպիտակ գույները։ Դրանք կունենան նկուղներ, շքեղ այգիներ, ավտոկայանտեղի։
Դրանցից մեկը կունենա 311 բնակարան։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, երկու էլիտար շենքերը կառուցելու նպատակով ներդրողները երկու միլիարդ դրամ են ներդրել, ամեն մեկը՝ շուրջ մեկ միլիարդ դրամ։
Մյուս շենքը կունենա 96 բնակարան։ Այն ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ոճով է կառուցվում։
Բնակարանների գների հետ կապված բավական դժգոհություններ կան առ այն, որ դրանք հասանելի չեն այսպես ասած շարքային գյումրեցիներին․ թանկ են, մայրաքաղաքային գներ են հիշեցնում։
Այսինքն՝ բնակֆոնդը թարմացնելու ու անօթևան գյումրեցիների բնակարանային հարց լուծելու առումով այդ ներդրումն այնքան էլ արդարացված չէ։
Մեզ նաև տեղեկություններ են հասել այն մասին, որ այդ շենքերի բնակարանների գնորդները մեծ մասամբ արտերկրից են, մասնավորապես արտերկրում բնակվող մեր հայրենակիցները։
Քաղաքի գլխավոր ճարատարապետը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն ևս նման տեղեկություններ հասել են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ