«Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգեցին։ Դրանով դատական նիստն ավարտվեց»,- Aravot.am-ին տեղեկացրեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 11։00-ից մեկնարկած և մինչև աշխատանքային օրվա ավարտ տևած՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր՝ Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում որոշվեց երկարաձգել նաև մեղադրյալներից Արմեն Քամալյանի տնային կալանքի ժամկետը։ Այն երկարաձգվեց երեք ամսով։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: 2022-ի օգոստոսի 14-ին դատարանը որոշել էր կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Այս գործով մեղադրվում են Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։
Սուրեն Մանուկյանի փաստաբանից հետաքրքրվեցինք՝ Սուրեն Մանուկյանի կալանքը երկարաձգելու որոշումը սպասելի՞ էր, նա պատասխանեց․ «Նախապես ամեն ինչ որոշված էր, որովհետև ակնհայտ խախտումներով, օրենսդրական նորմերն անտեսելով էր անցնում դատական նիստը, այնպիսի տպավորություն էր, որ ցանկացած գնով, ինչ-որ բաներ շրջանցելով ու անտեսելով պետք է այդ խափանման միջոցի հարցը որոշվեր, որ հանգստանային։ Որոշեցին, հանգստացան»։
Կարդացեք նաև
Հարցին՝ որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը, Սերգեյ Ոսկանյանը պատասխանեց․ «Որոշումը ստանալուց հետո միանշանակ բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան»։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ