Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի և Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի կողմից կազմակերպված ամենամյա «Network East-West» փոխանակման ծրագրի ուսանողների հետ։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։
Նա ուսանողներին տեղեկացրել է, որ Պաշտպանի հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու, անհատի իրավունքները պաշտպանելն է, եթե պետական մարմինները խախտում են դրանք։ Այս համատեքստում, ընդգծել է նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգայնորեն հաստատված անկախության ամենաբարձր «A» կարգավիճակը։
Գերմանիայից և Հայաստանից 24 ուսանող հնարավորություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։
«Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները ուսանողների հետ, փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին լուծման տարբերակներ գտնելու համատեքստում։ Ինքս, լինելով նաև դասախոս և ամեն օր շփվելով ուսանողների հետ, առաջնային եմ համարում կրթությունն ու պրոֆեսիոնալզիմը»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Կարդացեք նաև
Պաշտպանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության տարբեր դրսևորումների անթույլատրելիությանը՝ շեշտելով, որ այս երևույթները շատ վտանգավոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Ուսանողներին ներկայացվել են նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդու հիմնարար իրավունքների խախտումները, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզեր Պաշտպանի փաստահավաք աշխատանքի արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար վիճակը։
Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ